ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆ Է
2012 թվականի նոյեմբերի 29-30-ը «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում անցկացվեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:
Ֆորումի թեմայի կարևորությունը պայմանավորված էր ինչպես տարածաշրջանի երկրների անվտանգության շահերով, այնպես էլ մասնակից մասնագետների և փորձագետների հեղինակությամբ: Այս մասին ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի իր ուղերձում շեշտել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ֆորումին մասնակցում էին Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին, Հարվարդի համալսարանի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի տնօրեն, դոկտոր Սերգեյ Կոնոպլյովը, ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Քարնեգի կենտրոնի վերլուծաբան, դոկտոր Անդրեյ Ռյաբովը, Օքսֆորդի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Նեյլ Մըքֆարլեյնը, բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` «Չաթհամ Հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և վերլուծաբան Ջեյմս Նիքսին, Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուստաֆա Այդինը, Հայաստանում և Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարուխ Բեն Ներիան, Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն (Երևան), Հարվարդի համալսարանի Դեվիսի անվան ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտնական, դոկտոր Գայանե Նովիկովան, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության փորձագետներ Հայաստանից:
Ինչպես իր ուղերձում նշել էր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, ամենամյա միջազգային ֆորումի անցկացումը Երևանում կարևոր էր նաև աշխարհում պետական մակարդակով քաղաքականության մշակման և ռազմավարական որոշումների նախագծերի պատրաստման գործում փորձագիտական ներուժի ներգրավվածությամբ: Հետևաբար, միջազգային հեղինակավոր փորձագետներին հասցնելով տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, կարելի է ակնկալել, որ տարածաշրջանում շահեր ունեցող ուժերը այն հաշվի կառնեն Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս:
Ֆորումի առաջին նիստում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված էր նաև ՀՀ նախագահի ուղերձում, որն ընթերցեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ինչպես նաեւ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքում, որը ներկայացրեց ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
ՀՀ նախագահի ուղերձում արձանագրված էր, որ Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ և դժվար կանխատեսելի են, գտնվում են տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման և մրցակցության ներքո: Այդ հանգամանքը տարածաշրջանի երկրների համար ստեղծում է ինչպես որոշակի մարտահրավերներ, այնպես էլ հավելյալ հնարավորություններ:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարսխված է գլոբալ և տարածաշրջանային դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի, շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք համոզված ենք, որ բաց սահմանները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են մեծապես խթանել փոխադարձ վստահության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը, հետևաբար նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Մինչդեռ քաղաքականությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի ստեղծմանը, անխուսափելիորեն կհանգեցնի Հարավային Կովկասում անկայունության և անվստահության միջավայրի ստեղծմանը»,- ասվում էր ուղերձում:
Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության համառոտ վերլուծություն էր պարունակում նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ֆորումի մասնակիցներին հասցեագրված ուղերձը, որում Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը գնահատված է որպես «հեղհեղուկ», իսկ տարածաշրջանի կայունությանը խոչընդոտող գործոնների թվում նշված են երկարատև կայունության և ընդհանուր շահերի գիտակցման բացակայությունն ու անվտանգության դինամիկայի կանխատեսելիության ցածր ցուցանիշը:
«Ցավոք, Հարավային Կովկասում ակնհայտ են անվտանգության ապակայունացման լուրջ միտումներ,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձում:- Այստեղ ծխում են սառեցված հակամարտությունները` թեժանալու վերահաս սպառնալիքով: Կայունության համար ոչ պակաս քայքայիչ են տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական հակասությունները, երբ պետությունները որդեգրել են անվտանգության ու պաշտպանական` տրամագծորեն տարբեր ռազմավարություններ, տարբեր դաշինքներին և ուժային կենտրոններին հարելու քաղաքականություններ: Տարածաշրջանային անվտանգությանը բոլորովին չի նպաստում նաև գլոբալ առումով շահագրգիռ պետությունների ու միջազգային կազմակերպությունների շահերի տարամիտումը: Եթե այս ամենին հավելենք տարածաշրջանի գերռազմականացումը, քաղաքակրթական և էթնիկ բազմազանությունը, ժողովրդավարության պակասը, քաղաքացիական ինստիտուտների կայացման ցածր տեմպերը, թշնամանքի հասնող անհանդուրժողականությունը և անվտանգության վրա ազդող մյուս գործոնները, ապա կարող ենք հանգել այն եզրակացության, որ տարածաշրջանում լայնածավալ ու անկառավարելի ռազմական բախումների ծագման հավանականությունն իրական է»:
Ս.Օհանյանի ուղերձում շեշտվում է, որ ռազմաքաղաքական ու ռազմական տեսանկյունից Հայաստանի մտահոգությունը բխում է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքի Հայաստանի ազգային անվտանգության շահերի նկատմամբ դրսեւորվող անհանդուրժող և ապակառուցողական քաղաքականությունից: Մասնավորապես, Ադրբեջանի հակահայ ուղերձները անմիջականորեն սպառնում են Հայաստանի և Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությանը, իսկ Թուրքիայի գործելաոճը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման ջանքերի ձախողումը, Հայաստանի փաստացի շրջափակումը, որը ուժի կիրառման ձև է, Հայաստանի հետ հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորելը, բացահայտորեն ապակառուցողական են:
«ԼՂՀ և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի անմիջական ռազմական սպառնալիքի ակնառու վկայություններից են այդ երկրի գերռազմականացումը, վարվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հակամարտության բանակցային գործընթացում որդեգրած մերժողական դիրքորոշումը,- նշվում է Ս.Օհանյանի ուղերձում:- Մեր հարևանը ձեռք է բերում մեծաքանակ հարձակողական, հատկապես հեռահար սպառազինություն, նրա զինված ուժերի պատրաստության և կիրառման պլանները հարձակողական բնույթի են: Հայաստանի հետ սահմանի վրա և ԼՂՀ ուժերի հետ շփման գծում դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունները կրում են դիտավորյալ ու պլանավորված բնույթ` նպատակ հետապնդելով շոշափելու հայկական ուժերի պաշտպանության ամրությունը»:
ՀՀ պաշտպանության նախարարը միջազգային հեղինակավոր փորձագետների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վարած տեղեկատվական պատերազմի վրա, որի շրջանակներում պետական մակարդակով և բոլոր հարթակներում առաջ է մղվում հակահայկական քարոզչությունը` փաստերի խեղաթյուրմամբ և ակնհայտ կեղծմամբ: Այս ամենին զուգահեռ` Ադրբեջանը մերժում է միջազգային այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են շփման գծում լարվածության թուլացմանը և վստահության ամրապնդմանը: Սա հիմք է տալիս վստահաբար եզրակացնելու, որ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի սպառնալիքն իրական է. «Կարծում եմ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է լրջորեն կշռադատի ԼՂ հակամարտության ուժային լուծման հնարավոր հետևանքները: Արդյո՞ք իրենք պատրաստ են ստանձնելու երկու ժողովուրդների ապագայի համար բախտորոշ և անկանխատեսելի հետևանքներով հղի այդ քայլի պատասխանատվությունը»,- ասվում է Ս.Օհանյանի ուղերձում:
Բնութագրելով պաշտպանության ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությունը` նախարարը շեշտեց, որ այն թափանցիկ է, հավասարակշռված և կառուցողական: «Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք ոչ թե հակասությունների, այլ համընդհանուր շահերից բխող անվտանգության միջավայրի ձևավորման և փոխվստահության ամրապնդման վրա: Վստահ եմ, որ տարածաշրջանի կայունության պահպանմանը և անվտանգության ամրապնդմանը մեծապես կնպաստի տարբեր ուժային կենտրոնների կառուցողական ներկայությունը և դրան զուգահեռ` տարածաշրջանային ու միջազգային մակարդակով ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումը»,- ասվում է ուղերձում:
Իր հերթին, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ֆորումի ընթացքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված չլինելը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ