Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՇՏԿՎՈՒՄ



Զորամասերում նոյեմբերի վերջին սկսված ամփոփիչ քննությունները շարունակվում են։ Որոշ տեղերում էլ գործընթացն ավարտվել է, և լրացուցիչ պարապմունքներ են ընթանում՝ նկատված թերությունները, բացթողումները շտկելու համար։ Զորամասի մարտունակությունը զորամիավորման հանձնաժողովը ստուգեց նախորդ շաբաթվա ընթացքում։ Քննություններին նախորդած շարային ստուգատեսը չէր գոհացրել հանձնաժողովի անդամներին, և զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանով այն կրկնվեց դեկտեմբերի 3-ին։

ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Նշված ժամին, երբ սպառազեն անձնակազմը տողանի էր կանգնել, շարահրապարակ բերվեց մարտական դրոշը, որից հետո զորամասի հրամանատար գնդապետ Բ. Մաթևոսյանը զորամիավորման հրամանատարին զեկուցեց ստուգատեսին պատրաստ լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ գեներալ-մայոր Կ. Քոչունցը ողջունեց անձնակազմին և շնորհավորեց տարեվերջյան ամփոփիչ քննությունները հաջողությամբ հանձնելու առիթով, ի պատասխան հնչեց հաղթական «ուռան», որին էլ հաջորդեց ՀՀ օրհներգի կատարումը։

Հանձնաժողովի անդամներին հանձնարարելով ստորաբաժանումների ստուգատեսն անցկացնել ամենայն մանրամասնորեն՝ զորամիավորման հրամանատարն անձամբ անցկացրեց զորամասի վարչակազմի ստուգատեսը։

Զինվորական ծառայության մեջ իր ուրույն տեղն ու նշանակությունն ունեցող այս միջոցառման ընթացքում միշտ էլ ինչ-որ թերություններ, բացթողումներ, անճշտություններ են հայտնաբերվում։ Երբեմն էլ զինծառայողները, տուրք տալով սեփական երևակայությանը, ուսապարկերն ու պայուսակները ծանրաբեռնում են չպահանջված իրերով ու պարագաներով, ուստի ստուգողների պահանջն այն է, որ զինծառայողների մոտ չլինի անհրաժեշտ դաշտային պարագաների ո՛չ «պակասորդ», ո՛չ «ավելցուկ»։ Բնականաբար, կարևոր նշանակություն է տրվում ինչպես ստորաբաժանումների, զենքերի պահպանման վիճակին, այնպես էլ զինվորականների արտաքին տեսքին, հանդերձանքին, փաստաթղթերին, մեկ անգամ ևս ճշտվում է վերակարգերում գտնվողների ինքնությունը, որոնք ստուգվում են ավելի ուշ։

♦♦♦

Հանդիսավոր երթը նույնպես ստուգատեսի բաղադրիչներից է։ Այն կատարվեց մարտական դրոշով, երգով։ Ստորաբաժանումները առանձին-առանձին, զորամասը ամբողջ կազմով կատարեցին ազգային բանակի օրհներգը, զորամիավորման և զորամասի երգերը։ Ամփոփելով արդյունքները՝ գեներալ-մայոր Կ. Քոչունցը, նախ, մատնանշեց նկատված թերությունները, որոնք այս անգամ շատ չէին ու ոչ էական, առանձնացրեց ամենալավ ստորաբաժանումները, և զորամասի հրամանատարությանը հանձնարարեց, աշխատանքները շարունակելով, հասնել բացարձակ արդյունքի, մանավանդ որ հաջորդ ուսումնական տարվա ձմեռային և գարնանային փուլի ընթացքում նախատեսված են գլխավոր ռազմական տեսչության ստուգումներ։

Ստուգատեսի ավարտից հետո մեր խնդրանքով զորամիավորման հրամանատարը համառոտ ներկայացրեց ամփոփիչ քննությունների արդյունքները։

-Երբ ուսումնական տարվա ընթացքում ամբողջովին իրականացվում են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները, զորավարժություններն ու մարզումները, անհնար է, որ զորամասն ի վիճակի չլինի կատարելու մարտական խնդիրը։ Քննություններն էլ փաստեցին, որ աշխատանքն արդյունավետ է եղել, և ստորաբաժանումները մարտունակ են։ Որպես կանոն, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կրակային պատրաստականությանը, որից այս անգամ բարձր գնահատականներ ստացավ վաշտերի մեծ մասը։

Չկարծեք, թե մյուս առարկաներն անտեսում ենք։ Լավ արդյունքներ ունենք նաև մարտավարական, մարտավարամասնագիտական պատրաստությունից, ՀՊՊ-ից, ֆիզպատրաստությունից։ Որպես զորամիավորման հրամանատար, գոհ եմ հատկապես գնդապետներ Բ. Մաթևոսյանի, Հ. Շահբազյանի ղեկավարած զորամասերից, և նրանց ստացած «բավարար» գնահատականը շատ օբյեկտիվ է, գուցե ինչ-որ տեղ նաև մեր խիստ մոտեցման արդյունք, բայց էականն այն է, որ զորամասերը մարտունակ են՝ ի վիճակի կատարելու հնարավոր առաջադրանքները։

ՀԱՄԱՌՈՏ ԱՄՓՈՓԱԳԻՐ

-Անցնող 2012թ. ուսումնական տարին բավական հարուստ էր մարտական պատրաստականության բարձրացմանը նպաստող և կատարված աշխատանքի արդյունավետությունը ճշտող միջոցառումներով,- ասաց հրամանատար գնդապետ Բ. Մաթևոսյանը։ -Ձմեռային-գարնանային փուլի ընթացքում, նախ, կազմակերպեցինք ստորաբաժանման ճամբարային հավաք, որն ավարտվեց դասակի մարտական հրաձգությամբ, այնուհետև՝ ամբողջ կազմով զորամասի ճամբարային հավաք, որի ավարտին էլ անցկացվեց փոխգնդապետ Ա. Քարամյանի գումարտակի մարտական հրաձգությամբ մարտավարական-ցուցադրական զորավարժությունը, որը ղեկավարում էր զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կ. Քոչունցը, ընթացքին հետևում էին ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, մասնագետներ։ Գրանցվեցին բավական բարձր արդյունքներ։ Ուսումնական փուլի վերջում անցկացրինք ևս երկու՝ այս անգամ վաշտերի կազմով մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ։ Երկրորդ ուսումնական փուլում ծավալուն ինժեներական աշխատանքներ կատարեցինք, ինչպես նաև ստորաբաժանումների ներդաշնակում՝ առանց մարտական հրաձգության։ Այս կարևոր միջոցառումներին հետևեց համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունը, որի ընթացքում կատարվեց պահեստազորի համալրում։ Մշտական տեղակայման վայրից տագնապով դուրս գալով՝ կատարեցինք ռազմերթ դեպի ՊՆ համազորային զորավարժարան, որտեղ էլ բացազատեցինք հրամանատարական կետը և սկսեցինք աշխատանքը լիովին պատերազմական իրավիճակին համապատասխան անձնակազմերի համալրվածությամբ։ Անցկացրինք նաև բազմաթիվ պարապմունքներ, հատկապես՝ կրակային, որին էլ հաջորդեց մարտավարական զորավարժությունը, որից գոհ մնաց զորավարժության ընթացքին հետևող ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Իրենց բավական լավ դրսևորեցին պահեստազորից զորակոչվածները, որոնցից շատերին՝ մոտ յոթ հարյուր մարդու, խրախուսեցինք պատվոգրերով։ Հեռանալիս տղաներն անձամբ էին ինձ շնորհակալություն հայտնում և ասում, որ պատրաստ են դարձյալ մասնակցելու նման հետաքրքիր և օգտակար միջոցառման։ Շատերն անկեղծորեն կարոտել էին զենքին, և սա իրենց համար զենքի հետ շփվելու, կրակելու լավ առիթ էր։

Անդրադառնալով ամփոփիչ քննություններին՝ գնդապետն ասաց.

-Քննությունները նախևառաջ բացահայտեցին ստորաբաժանումների թույլ կողմերը, որոնք վերացնելու համար պիտի շարունակենք հետևողական աշխատանքը։ Գոհացուցիչ արդյունքներ ցույց տվեցին մայոր Պետրոս Տիտոյանի, փոխգնդապետներ Արթուր Քարամյանի և Արմեն Դանիելյանի ստորաբաժանումները, վաշտերից լավագույնը կապիտան Ալբերտ Ղազարյանի մոտոհրաձգային վաշտն էր։ Այժմ ունենք մեքենավարման, տանկավարման լավ տարածք, որն օգտագործում ենք նպատակային, աշխատանքներ ենք կատարում ուսումնական բազայի (զորավարժարանի) ուսումնական կետերի նորոգման-կատարելագործման ուղղությամբ։

ՎԱՇՏԸ

Շարային ստուգատեսից հետո հանդիպեցինք վաշտերից մեկին։ Հրամանատար կապիտան Ս. Ղազարյանն ասաց, որ համաբանակային մրցումներում առաջին տեղն են գրավել N 27 վարժաձևից՝ 3 կմ վազքից հետո արգելագոտու հաղթահարում, իսկ շարքայիններից Սամվել Թումանյանը սպարտակիադայում առաջին տեղը գրավեց ուժային եռամարտից՝ իր քաշային կարգում սահմանելով համաբանակային ռեկորդ։ Շարքային Մխիթար Սահակյանն էլ իր ներդրումը ունեցավ պարանի ձգման մրցավեճում։ Վաշտը ճամբարային հավաք է անցկացրել ուսումնական կետում, որտեղ մասնակցել է նաև մրցումների և առաջին տեղը գրավել ինչպես ֆիզիկական պատրաստությունից, այնպես էլ բարձր արդյունքներ է ցույց տվել կրակայինից։

-Մեր վաշտում վատ զինվորներ չեն լինում,- ասաց կապիտանը և ավելացրեց, որ քննություններից զինվորների մեծ մասը թե՛ կրակայինից, թե՛ մասնագիտական առարկաներից, ստացել է «գերազանց»։ Առանձնապես աչքի են ընկել ավագ սերժանտ Գրիգոր Մանուկյանը, սերժանտ Արթուր Թամազյանը, շարքայիններ Սամվել Թումանյանը, Մխիթար Սահակյանը, Նվեր Գրիգորյանը, Նարեկ Սաֆարյանը։

ՎԱՇՏԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ

Ամփոփիչ քննությունները «գերազանց» գնահատականներով է հանձնել ավագ լեյտենանտ Տիգրան Մարգարյանի դասակի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Գևորգ Քալանթարյանը։ Նա ծառայության մեկուկես տարվա ընթացքում մասնակցել է երեք զորավարժության և միշտ բարձր արդյունքներ ապահովել։ Շարային ստուգատեսից անմիջապես հետո զորամասի հրամանատարը նրան խրախուսեց պատվոգրով։

Գևորգը Տավուշի մարզի Չորաթան գյուղից է, բանակ է զորակոչվել Մովսես Խորենացու անվան համալսարանի երկրորդ կուրսից։ Մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ձեռք բերելով զինվորական մասնագիտություն՝ տեղափոխվել է այստեղ, նրա փոքր եղբայրը՝ շարքային Գագիկ Քալանթարյանը, 12 օր առաջ է զորակոչվել և ծառայելու է առաջնագծի զորամասերից մեկում։

-Մի անգամ հեռախոսով զրուցել եմ հետը, ամեն ինչ կարգին է, իրեն լավ է զգում,- ասաց Գևորգը։

Նույն դասակի երրորդ ջոկում է ծառայում մեխանիկ-վարորդ շարքային Դավիթ Բազինյանը։ Դավիթը նույնպես քննություններից միայն «գերազանց» է ստացել, իսկ հոկտեմբեր ամսին մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում իրենց անձնակազմն արժանացել է «լավ» գնահատականի։ Այս երկու արդյունքներն էլ հաշվի առնելով՝ զորամասի հրամանատարը նրան նույնպես խրախուսեց պատվոգրով։ Նույն պատվին արժանացավ նաև ավագ հրաձիգ շարքային Դավիթ Շահբազյանը։ Նա վեց ամիս առաջ է զորակոչվել և հասցրել է առանձնանալ օրինակելի ծառայությամբ։ Կրակայինից, ֆիզպատրաստությունից, շարայինից ստացել է «գերազանց» գնահատականներ, մյուսներից՝ «լավ»։

Կրտսեր սերժանտ Շիրազ Ղանդիլյանը մեկ շաբաթ անց կզորացրվի սերժանտի կոչումով։ Զորացրման հրամանն ընթերցեց անձամբ զորամասի հրամանատարը։ Շիրազը բանակ է եկել իրավաբանական կրթություն ստանալուց հետո։ Նա վաշտի ջոկի հրամանատար է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, որն արդեն երեք տարեկան է։

-Ես ծնունդով Ջավախքից եմ՝ Ախալքալակի Թարխան գյուղից։ Ազգային բանակում ծառայելու համար ձեռք բերեցի Հայաստանի գրանցում։ Մերոնք այնտեղ են ապրում, ու ես առանձնապես չեմ օգտվել իմ կարգավիճակից, ազատականներ չեմ խնդրել։ Զորացրվելուց հետո վերադառնալու եմ գյուղ, հարազատ ծննդավայրում ապրելն ավելի հանգիստ է ու հեշտ,- ասաց Շիրազը։

ԶՈՐԱՑՐՎՈՂՆԵՐԸ

Տասնհինգ զինվորներ ներկայացվել էին զորացրման։ Շտաբում փաստաթղթային վերջին ձևակերպումներն էին անում, իսկ տղաները, հրամանատարի թույլտվությամբ, զգեստափոխվել էին և սպասում էին հրամանատարի վերջին ողջերթին։ Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։

-Ես Վահան Կիրակոսյանն եմ, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից։ Ծառայությունս շատ լավ է անցել, ինձ թվում է՝ մի քանի տարով մեծացել եմ, իմաստուն դարձել, իհարկե՝ հրամանատարի, բոլոր սպաների աջակցության շնորհիվ։ Հաջողություն եմ մաղթում ծառայությունը շարունակող զինվորներին, հատկապես՝ նորակոչիկներին։ Մի օր էլ մեզ պես իրենք կզորացրվեն։ Չէ՛, տանը չգիտեն, անակնկալ եմ անելու, բայց գիտեմ, որ հայրս մի ցլիկ է մորթելու։

-Գինոսյան Կորյուն, Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղից եմ։ Մերոնք գիտեն, սպասում են։ Հաջողություն մեր բանակին, բոլորին խաղաղ ծառայություն։

-Զորացրվում ենք, բայց որպես զինվոր պատրաստ ենք ցանկացած պահի ներկայանալ ուր որ պետք լինի,- ասաց Արմեն Ավետիսյանը նույն մարզի Չքնաղ գյուղից։

Զորամասին, զինծառայողներին հաջողություններ մաղթեցին նաև Արմեն Միրզոյանը (Չինար) և վարդենիսցի Արտեմ Սարգսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/12/2012