ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
17 տարի առաջ, փետրվարի 4-ին, Մարտակերտ շրջկենտրոնի անկումից ուղիղ յոթ ամիս անց, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատները, պաշտպանությունից անցնելով հակահարձակման, սկսեցին նույնանուն շրջանի ազատագրումը: Դրան նախորդեց 93-ի հունվարի 10-ից թշնամու ձեռնարկած կատաղի հարձակումը, որը, սակայն, ձախողվեց:
Հունիսի 12-ին Հյուսիսային Արցախում զրահատեխնիկայի վարձկան անձնակազմերի ձեռնարկած լայնածավալ հարձակման օրերից մինչեւ 93-ի փետրվարի 4-ը շատ բան էր փոխվել: Վարձկանները, հասկանալով ինչն ինչոց է, հեռացել էին՝ մեծապես թուլացնելով Ադրբեջանի զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ում սկսել էին կանոնավոր բանակ ստեղծել, զորատեսակներում մարտական ուսուցում իրականացնել, եւ փետրվարի առաջին իսկ օրերին պարզվեց, որ Մարտակերտի անկումից հետո անցած ամիսները կողմերը տարբեր կերպ էին օգտագործել:
ԱԿԱՆԱԶԵՐԾ ԱՆՑՈՒՄՆԵՐ
Մարտակերտի ինժեներական վաշտը, որն իրականում դեռ դասակ էր, Էդուարդ Այդինյանի եւ Անատոլի Գալստյանի ղեկավարությամբ աշնան վերջին լրիվ ականապատել էր ճակատի գիծը: Իսկ թշնամին հիմնականում ճանապարհներն էր ականապատել, եւ ողջ ձմեռ ինժեներական հետախուզություն էր իրականացվում:
Հակահարձակման առաջին փուլի ինժեներական ապահովման ակտիվ շրջանը կենտրոնական ենթակայության ինժեներական վաշտի, ինչպես նաեւ կենտրոնական պաշտպանական շրջանի սակրավորների մասնակցությամբ սկսվեց փետրվարի 3-ին, իսկ երկու օր անց սակրավորները տանկերի հետ գնացին առաջ: Հիմնական ականազերծման աշխատանքներն այդ ժամանակ հանգում էին հատկապես զրահատեխնիկայի համար անցումներ բացելուն` իրենց իսկ դրած ականները վնասազերծելով:
Ինքնապաշտպանության ուժերի հակահարձակումը զարգացավ Կիչան-Չլդրան եւ Վանք-Վաղուհաս ուղղություններով: Գետինն այնքան սառած էր, որ ոչ մի կերպ չէին կարողանում ական պայթեցնել, եւ հակահարձակումը մեկ ժամ ուշ սկսվեց:
Սակրավորները, ստուգելով ճանապարհը, մեկ օրում հասան Չլդրան, իսկ մի գիշերվա ընթացքում (ճակատի գծից կտրվելով)` անգամ Դրմբոն եւ նույն գիշեր էլ վերադարձան Չլդրանի մերձակայք՝ երկրորդ անգամ արդեն զորքերի հետ առաջանալու, ապա սկսեցին աշխատել Կճողուտի ուղղությամբ: Մի օր էլ թշնամին վերագրավեց Կճողուտն ու դուրս գալով շրջապատումից՝ սակրավորներն իրենք հայտնվեցինք ականադաշտում… Իրենց իսկ տեղադրած ականներն էին աշխատում, ու սկզբում տեսան անձնակազմով լի բեռնատարի, ապա՝ այլ մեքենաների ոչնչանալը:
Առջեւում Պուշկին յալի ծանր ու տեւական կռիվներն էին, եւ մինչ շրջկենտրոնը երիզող բարձունքներին հասնելը, ղարաբաղյան ուժերը դժվարին ճանապարհ անցան:
Փետրվարի վերջին ճակատի մի երկայն հատվածում ինքնապաշտպանության ուժերին փոխարինեց 5-րդ կամավորական բրիգադը, որոնց սակրավորները Սարսանգի ջրամբարի ազատագրումից հետո սկսված դիրքային մարտերի ընթացքում ականապատման մեծ ծավալի աշխատանք կատարեցին:
Այնքան սպասված հակահարձակումը հաջողությամբ էր զարգանում, երբ ընդամենը երեք շաբաթ անց… Ականազերծված ճանապարհը, որով հաջողությամբ իրականացվում էր զորքերի մատակարարումը, սառած գետնի հալվելու պատճառով դարձավ մահացու անակնկալների ճանապարհ: Ամենուր ցեխ ու բեկորներ էին, ականորսիչները չէին աշխատում, ու անհնար էր ականազերծում կատարել:
Այս օրերին դարանակալ մահը բառացիորեն շրջանցեց Գյումրիի կամավորական գրեթե ողջ գումարտակին: Հակառակորդը ականորսիչի համար անհասանելի խորությամբ կրկնակ ականներ էր թաղել ու վրան փայտե ցցեր խրել՝ ծանրության ճնշումը պայթուցիչին հաղորդելու համար: Վաղ առավոտյան, դեռ դարանակալ մահը «քնած» էր սառած հողի տակ, իսկ ժամեր անց, երբ գետինը քիչ առ քիչ տաքացավ, ու սկսվեց հալոցքը, փայտե ցցերն իրենց սեւ գործը արեցին… երեք միավոր տեխնիկա էր պայթել: 93-ի գարունն էր. մեծ հալոցք: Ու Ռոլես Աղաջանյանի ղեկավարությամբ այդ հատվածում շրջանցիկ ճանապարհ կառուցվեց:
Բայցեւայնպես, չանտեսելով ադրբեջանցիների բոլոր այս խոչընդոտող հնարքներն ու խորամանկությունները, Մարտակերտի շրջանի ազատագրումը կատարելապես վկայեց թշնամու սակրավորների (հիմնականում առանձին խմբերի) ցածր կարողությունների մասին:
Մարտակերտ քաղաքի ուղղությամբ առաջանալիս՝ ինքնապաշտպանության ուժերի մարտիկները պայթեցրին Քարվաճառ տանող ճանապարհը, որպեսզի այս ուղղությունից թշնամին օգնական ուժեր չստանա, իսկ շրջանի ազատագրմանը նախապատրաստվելիս՝ դարձյալ նորոգեցին: Ու թեպետ թշնամին պայթեցրեց այն, բայց նրանց սակրավորները վատ էին աշխատել, ու ճանապարհն առանձնապես չէր վնասվել:
Քարվաճառի ազատագրումից հետո պաշտպանության ապահովման համար ինժեներական մեծ ծավալի աշխատանք կատարվեց նաեւ Մարտակերտ քաղաքը հսկող բարձունքների շղթաներում, ուր փոփոխական հաջողությամբ ծանր մարտեր էին, եւ շնորհիվ սակրավորների տեղադրած ականների, թշնամին մարդկային ուժի ու տեխնիկայի մեծ կորուստներ կրեց:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Մարտակերտից մնացած վերջին հատվածի պաշտպանության ծանր ամիսներին Քրիստափոր Իվանյանը կազմավորեց հրետանավորների պատրաստման ուսումնական կենտրոնը, որտեղ հրետանավորների ստացած գիտելիքների արդյունքը երեւաց հատկապես հակահարձակման օրերին:
Բացի այդ, Մարտակերտի նահանջը պարտադրեց արագացնել Պաշտպանության բանակի ստեղծումը, կատարել կառուցվածքային լուրջ վերափոխումներ, որը արտահայտվեց նաեւ կենտրոնական ենթակայության դիվիզիոնների ձեւավորմամբ:
Հակահարձակումն առանց հրետանային ապահովման ուղղակի անհնար էր, եւ հատկապես 93-ի հունվարին այսօր պաշտոնաթող գեներալ-մայորներ Գեորգի Գասպարյանի եւ Վլադիկ Խաչատրյանի ղեկավարությամբ Մարտակերտի ճակատում ինտենսիվ հրետանային հետախուզություն էր իրականացվում Առաջաձորին հարող «Ճիլոտ» տեղամասում, Ծմակահողում, Կիչանի ու Ղազանչիի ուղղությամբ… «Ճիլոտում» թշնամին բարձրադիր դիրքերում էր, ու մարտիկը տվյալները ճշտելու համար Քոլատակի անտառներով բարձրացավ անգամ… Կաչաղակաբերդ: Հրետանու հետախուզությունը, ցավոք, նաեւ թանկ կորուստներ ունեցավ՝ որպես իր համարձակության ու նվիրումի դառը վարձ:
Հակահարձակման նախօրեին ԿՍ-19 հրանոթների մի մարտկոցը տեղակայված էր Կիչանի գերեզմանոցի, մյուսը՝ Առաջաձորի ֆերմայի մոտակայքում: Նրանից ձախ գտնվում էր հրետանային բրիգադի զոհված հրամանատար Սամվել Սաֆարյանի ղեկավարած մարտկոցը: ԲՄ-21 երկու կայանքի հրամանատարը Գարիկ Հարությունյանն էր, որին փոխարինեց հետագայում 5-րդ կամավորական բրիգադի հրետանու պետ Սանասար Գյուրջյանը:
Միաժամանակ, մարտերին զուգընթաց, կազմակերպվում էին վարժանքներ, հայտարարվում էին ուսումնական տագնապներ, եւ շուտով յուրաքանչյուր ոք հստակ գիտեր իր անելիքը:
Շուտով ճակատի հրետանու շտաբը Սեյդիշենից տեղափոխվեց Առաջաձոր, ապա՝ Չլդրան, հետո՝ Դրմբոն: Նաեւ Մարտակերտի ճակատի հրետանու գրագետ գործողությունների շնորհիվ ղարաբաղյան ուժերը մարտի 21-ին ազատագրեցին Պուշկին յալը:
Հակահարձակումը զարգանում էր, բայց… արկերը շատ քիչ էին, եւ այսօր գնդապետներ Վալերի Կարապետյանն ու Ֆելիքս Պողոսյանը, վերաձեւելով իրենց չունեցած Դ-1 հրանոթների արկերը, որոնցից զինապահեստներում շատ կար, դրանք հարմարեցրին 152 միլիմետրանոց կայանքներին:
Քրիստափոր Իվանյանի ջանքերով կարճ ժամանակում ստեղծվեց արկերի վերաձեւման լաբորատորիա, որի «արտադրանքը» շուտով մեծ դեր ունեցավ հատկապես Մարտակերտ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում:
Շարունակելի
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ