ՏԵՂԻՆ Է ԱՍՎԱԾ
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
1946թ. փետրվարի 12-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Հ. Տրումենի հետ հանդիպումից հետո Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը լրագրողներին հայտարարեց՝ «Առանց մեկնաբանությունների» («No comment»), և պարզաբանեց, որ այդ արտահայտությունն ընդօրինակել է իր խորհրդական, ամերիկացի դիվանագետ Սամներ Ուելսից (1892-1961)։
«Առանց մեկնաբանությունների» արտահայտությունը գոյություն ուներ արդեն 19-րդ դարում, բայց ոչ որպես քաղաքական լեզվի դարձվածք։
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԸ
1935թ. մայիսի 13-ին Ստալինն ու Ֆրանսիայի արտգործնախարար Պ. Լավալը քննարկում էին, թե կողմերից յուրաքանչյուրը քանի դիվիզիա կարող է հանել Գերմանիայի դեմ։ Քննարկումից հետո Լավալը Ստալինին խնդրում է «ինչ-որ բան անել՝ Ռուսաստանում կրոնն ու կաթոլիկներին խրախուսելու համար»։
-Դա ինձ այնքան կօգներ Հռոմի պապի հետ իմ գործերում,- ասում է նա։
-Օհո՛,- բացականչում է Ստալինը։ -Հռոմի պա՞պը։ Իսկ նա քանի՞ դիվիզիա ունի։
Այս դրվագը հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլի վերապատմելով։
Հետաքրքիր է, որ Հռոմի պապի մասին համանման միտք արտահայտել է Նապոլեոն Բոնապարտը 1840թ. սեպտեմբերի 27-ին՝ Մայնցում, իր թագադրումից առաջ։ Նա ասել է.
-Պապի հետ վարվեք այնպես, ինչպես կվարվեիք, եթե նրա տրամադրության տակ 200 հազար զինվոր լիներ։
ՆԱՊՈԼԵՈՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Իմ սիրուհին իշխանությունն է»,- 1804թ. նոյեմբերի 4-ին ասել է Նապոլեոն Բոնապարտը Պիեռ Լուի Ռյոդերերին։ Հինգ տարի անց՝ 1809թ. մարտի 8-ին նրա հետ զրույցում հավելել է.
-Ես սիրում եմ իշխանությունն այնպես, ինչպես ջութակահարը՝ իր ջութակը։
ՀԱՆՃԱՐԻ ՍԵՌԸ
Նապոլեոնը պատմում է, որ 1797թ., երբ ինքը Իտալական արշավանքից վերադառնում է Փարիզ, ֆրանսուհի գրող Ժերմենա դե Ստալն իրեն ձանձրացնում է այցելություններով։ Հերթական անգամ, երբ դե Ստալն ուզում էր տեսնել Նապոլեոնին, վերջինս հրամայում է փոխանցել այդ կնոջը, որ ինքը համարյա մերկ է և չի կարող ընդունել նրան։ Դե Ստալը պատասխանում է.
-Հետո՞ ինչ, չէ՞ որ հանճարը սեռ չունի։
ՄՏՔԵՐԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը (1423-1483) ասել է. «Ով չգիտի իր մտքերը թաքցնել, չգիտի նաև կառավարել»։ Իսկ Ֆրանսիայի կարդինալ, 1624-ից թագավորական խորհրդի ղեկավար Արման դե Ռիշելյեն (1585-1642) մտքերը թաքցնելը համարում էր «թագավորական արվեստ»։
ՈՎ ՈՒՄ Է ՃԱՆԱՉՈՒՄ
Հռոմեացի զորավար, Պունիկյան Երկրորդ պատերազմում Հաննիբալին հաղթած հռոմեացի զորավար Սկիպիոն Ավագ Աֆրիկացու քաղաքական մրցակիցը՝ Ապիոս Կլավդիոսը, պարծենում էր, որ հռոմեացի յուրաքանչյուր քաղաքացու ողջունում է անունով, մինչդեռ Սկիպիոնը համարյա ոչ մեկին չի ճանաչում։ Զորավարը նրան պատասխանում է.
-Ես ջանացել եմ ոչ թե բոլորին ճանաչել, այլ որ բոլորն ինձ ճանաչեն։
Պատրաստեց Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Պատմության էջերից