Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Ուսումնական ժամանակահատվածի ընդհանուր ժամաքանակը դպրոցում կազմում է 984 ժամ, ընդ որում՝ 321 ժամը հատկացվում է մարտավարական պատրաստության համար, 191 ժամը` ֆիզպատրաստության համար, 78 ժամը` ռազմական իրավունքն ուսումնասիրելու համար, 78 ժամը` մարտական ապահովման հարցերն ուսումնասիրելու համար, 66 ժամը` քաղաքակրթական հարցերի համար, 64 ժամը` զորամասերի մարտական կիրառման փորձն ուսումնասիրելու համար, 41 ժամը` սպորտային պատրաստության համար, 36 ժամը` ստորաբաժանումները ղեկավարելու համար, 20 ժամը` ռազմական պատմությունն ուսումնասիրման համար, 89 ժամը` որպես անձնական ժամանակ:

Ուսումնառության 10 ամիսներից հետո դպրոցում կուրսանտներն անցնում են 4-ամսյա ստաժավորում` զորամասի դասակի հրամանատարի պաշտոնում: Դրանից հետո նրանց շնորհվում է «լեյտենանտ» զինվորական կոչում և հանձնվում է սպայական դպրոցի ավարտական վկայական:

Հետագա ծառայության համար դպրոցի շրջանավարտները 3 ամսյա ժամկետով բաշխվում են զորամասեր: Իրենց պատրաստության 2-րդ փուլում սպաներն ուղարկվում են Բունդեսվերի որևէ համալսարան և 3,5 տարվա ուսումնառության ընթացքում ձեռք բերում քաղաքացիական մասնագիտություն՝ ստանալով քաղաքացիական բարձրագույն կրթության դիպլոմ:

Արդյունքում ստացվում է, որ ցամաքային ուժերի սպայի պատրաստությունը և Բունդեսվերում բարձրագույն զինվորական-մասնագիտական կրթությունը տևում է 7,3 տարի:

Սպայական դպրոցի բազայի վրա միաժամանակ գործում են նաև սպայակազմի վերա-պատրաստման ու որակավորման բարձրացման հետեւյալ դասընթացները.

ա) վերապատրաստման գծով.

– գումարտակների հրամանատարները (2 շաբաթով), իսկական զինվորական ծառայության և պահեստազորային (ռեզերվի) ծառայության շտաբների սպաների պատրաստության նպատակով` գումարտակի հրամանատարի պաշտոնները ստանձնելու համար,

– մարտավարական պատրաստության և մարտական գործողությունների ապահովման հոսքի դասախոսները (6 շաբաթով)` հետագայում ցամաքային ուժերի ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական պաշտոնների նշանակվելու նպատակով,

բ) որակավորման բարձրացման գծով.

– ենթասպայական կազմը` սպայական ծառայության անցնելու նպատակով, ռազմական իրավաբանները (2 շաբաթով), զինվորական թարգմանիչները` (2 շաբաթով), հրամանատարական օղակի մինչև 40 տարեկան շտաբային սպաները և բուժծառայության սպաները (2 շաբաթով)` իրենց մարտավարական պատրաստությունը բարձրացնելու նպատակով, կադրային ծառայության սպայական կազմի մարտավարական հմտությունները կատարելագործելու համար` օգտագործելով SIRA համակարգչային մոդելավորման համակարգը (1 շաբաթով), ուսումնա-դաստիարակչական աշխատանքով զբաղվող անձնակազմը (2 շաբաթով):

Զորամասերի և ստորաբաժանումների մարտավարական պատրաստությունն ու մարտա-կան խնդիրների կատարումը սպառազինության համալիր օգտագործմամբ` կազմում է ցամաքային ուժերի սպաների պատրաստության հիմքը: Թեկնածու սպաներին հատկորոշ պատրաստություն իրականացվում է մասնագիտական և խաղաղապահ առաքելությանը նվիրված սեմինարների ընթացքում:

Ռազմի պատմության պարապմունքները նպատակաուղղված են թեկնածու սպայի մտահորիզոնի և քաղաքական կրթության կապի խորացմանը, օրենսդրության, աշխարհագրության և մարտավարության իմացությանը:

Սպայի մասնագիտության ուսուցումը սերտորեն կապված է ռազմական և մարդասիրական իրավունքի ուսումնասիրման, իրավագիտակցության դաստիարակման, ազատ ժողովրդավարական իրավակարգի սկզբունքների տիրապետման հետ:

Ռազմական իրավունքի ուսուցման գործում ներգրավված են դպրոցի բարձր որակավորում ունեցող իրավաբաններն ու լավագույն դասախոսները:

Բունդեսվերի սպաների դաստիարակությունն իրականացվում է ներքին կառավարման հայեցակարգին համապատասխան, որը միտված է ապագա սպաների կայացմանը, Բունդեսվերի և քաղաքացիական հանրության միջեւ կապի սերտացմանը, անձնական արժանապատվության նկատմամբ և ստորաբաժանումներում մարդասիրական վերաբերմունքի ձեւավորմանն ու հաստատմանը՝ նյութական ու բարոյական խթանի կիրառմամբ, (զինծառայողների իրավական պաշտպանություն, սպաների միջավայրում աշխատանքի /աշխատաոճի/ բարձր կուլտուրայի, վերաբերմունքի, գերմանական ճշտապահության և կոկիկության խրախուսում):

Բունդեսվերի սպաների պատրաստության այսպիսի համակարգը, հրամանատարության կարծիքով, համապատասխանում է արդի ռազմաքաղաքական ու կրթական պահանջներին և միաժամանակ խթան է հանդիսանում սպաների վարկանիշի բարձրացման համար:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համբուրգի և Մյունխենի ռազմական համալսարանների ստեղծման որոշումը կայացվել է 1972թ.: 2012թ. հոկտեմբերի 1-ին լրացավ Համբուրգի բարձրագույն դպրոցի հիմնադրամ 40 տարին, որը 1985թ. վերանվանվեց Բունդեսվերի համալսարան:

Բունդեսվերի բարձրագույն զինվորական դպրոցի վերանվանման համար նախադրյալները դարձան.

ռազմական տեխնիկայի և զինծառայողների ղեկավարման բնագավառում պահանջների խստացումը, սպայի մասնագիտության վարկանիշի բարձրացումը, քաղաքացիական մասնա-գիտության բարձր որակավորման ստացման անհրաժեշտությունը:

1979 թվականից համալսարաններին իրավունք վերապահվեց շնորհելու գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ: Էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, մանկավարժության, էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետներում շրջանավարտները ձեռք են բերում բնագավառների մասնագիտական որակավորում. ձեռնարկատիրական տնտեսության, ժողտնտեսության, քաղաքագիտության, ինժեներատնտեսական, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, մանկավարժության, պատմության:

(շարունակելի)

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ռազմական


14/12/2012