ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋ, ԹԵ՞ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՒՃԱՊ…
«Բայց այդ օրվա եւ ժամվա մասին ոչ ոք չգիտե»
(Մատթ. 24:36)
Այսօր թե՛ ինտերնետային կայքերում, թե՛ որոշակի լրատվամիջոցներում խոսվում է 2012 թվականին սպասվող աշխարհի վերջի մասին, եւ ինչ-ինչ պատվեր կատարող գիտնականներ իրենց «թեզերն» են առաջ քաշում` փորձելով ապացուցել վախճանի մոտ լինելը, մինչդեռ Հիսուս ասում է. «Եւ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանը. որովհետեւ, ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանն էլ», այսինքն` աշխարհի վերջը կլինի այն ժամանակ, երբ մարդիկ չեն սպասի, ըստ Տիրոջ խոսքի. «Աշխարհի վերջը կգա ինչպես գող»:
Անշուշտ, Աստված չէր կարող իր սիրելիներից թաքցնել աշխարհի վախճանին տեղի ունենալիք իրադարձությունները, որոնք որպես նշան պետք է լինեն վերջին օրերի քրիստոնյաների համար, եւ որոնցից շատերը կատարվել են, շատերն էլ կատարման փուլում են. «Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛ւյշ կացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատեր պիտի գան Իմ անունով եւ պիտի ասեն` ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն» (Մարկ.13:5-6), եւ «Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թե` «Ահա՛ այստեղ է Քրիստոս կամ այնտեղ», չհավատաք. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան` մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի, նույնիսկ՝ ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկ.13:21-23):
Այսօր մոլախոտերի պես բազմացող աղանդավորական կազմակերպություններն ասում են. «Մենք ենք Քրիստոս, մենք ենք միակ փրկությունը, միակ ու անկրկնելի ճշմարտությունը» եւ շատերին այսպես մոլորեցնելով՝ դեպի կորուստ են տանում, ինչպես Տերն է ասում. «Ինչպես կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն»: «Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորություն` թագավորության դեմ. եւ մեծ երկրաշարժեր ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից» (Ղուկ.21:10-11):
Անշուշտ, միշտ էլ եղել են պատերազմներ, երկրաշարժեր, խռովություններ, անբուժելի հիվանդություններ, արհավիրքներ, բայց վերջին ժամանակներում դրանց քանակը բազմապատկվել է եւ մտահոգում է այսօրվա մարդուն: Վերջին ժամանակների մասին Հիսուս ասում է. «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրա: Եւ երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ` ծովի եւ խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Ղուկ. 21:25-26):
Քրիստոս թզենու օրինակով մեզ նախազգուշացնում է. «Նայեցե՛ք թզենուն եւ ամեն մի ծառի. երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը: Նույնպես եւ դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է» (Ղուկ. 21:29-31): Անշուշտ, թե՛ պատմությունը, թե՛ գիտությունը Ավետարանի մարգարեությունների ճշմարտությունը կասկածի տակ չեն դնում, այլ կարծես զգուշությամբ հետեւում են դրանց ի կատար ածվելուն:
Այսօր մենք ամենքս էլ տեսնում ենք Քրիստոսի խոսքի իրականացումը, սակայն վախճանի մասին ոչ ոք չի կարող ասել, թե երբ կլինի: Սողոմոն իմաստունն ասում է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է», այո՛, Տիրոջ հանդեպ հավատքն ու ակնածանքը, քրիստոսընծա կյանքը մեզ հեռու կպահեն կործանումից: Աշխարհը ստեղծվել է ժամանակի մեջ եւ ի լրումն ժամանակի կկործանվի, կկործանվի Քրիստոսի գալստյան եւ արդար դատաստանի ժամանակ, բայց թե ե՞րբ կլինի Տիրոջ գալուստը, ոչ ոք չգիտի, սակայն յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյա պետք է փրկության հույսը ծրարած ունենա իր հոգում եւ ապրի` որպես Աստծո զավակ:
Ամեն սկիզբ իր վախճանն ունի, իսկ վախճանը երկու կերպ է լինում. մարդ անհատի` որպես միկրոտիեզերքի, եւ աշխարհի՝ իբրեւ հանուր տիեզերքի: Երկուսի դեպքում էլ մենք կոնկրետ ժամկետներ չգիտենք. պետք է ամեն պահի սպասել եւ զգոն լինել, ինչպես Տերն է ասում` «Արթու՛ն եղեք»: Ոմանց համար վախճան նշանակում է ողջ գոյավորի կործանում, այնինչ քրիստոնյայի համար այն կործանում չի նշանակում, այլ` հնի փոփոխություն, անցում վատից դեպի լավը, ինչպես Աստծո առաքյալն է փաստում. «Բայց մենք, Աստծո խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետր. 3:13): Քրիստոնյան ամեն պահ ո՛չ միայն սպասում է արդարության, այլև պայքարում է հանուն նրա հաստատման: Եւ նրանք, ովքեր հետամուտ են փոփոխության եւ ակնկալում են լավագույնը, չպետք է վախենան վախճանից, որը մի ուրիշ ավելի լավի սկիզբն է:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա
ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր