ՔԱՆԴՎԱԾ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ, ՇԵՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ
«Սա Հայաստան է, և վերջ»…
Լեոնիդ Ազգալդյան
Քաշաթաղի շրջանի Շալուա գետը Հակարիի ձախակողմյան վտակն է, որը գոյանում է Շալուայի, Զոլասարի, Ագռավասարի միջին բարձրության լեռների աղբյուրներից ծնված գետակներով: Ավելի ներքևում Շալուային է միանում Հոչանց գետը, այնուհետև Աղավնոն: Եվ դեպի Արաքս է հոսում այս երեքի միացումից առաջացած Հակարին: Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանգների այս տարածքի գավառները՝ Աղահեճք/հետագայում Քաշաթաղ՝ Քշթաղ, Խոժոռաբերդ/, Վայկունիք, Մաղավուզ և այլն, մինչև 18-րդ դարի երկրորդ կեսերը եղել են հայաշատ ու ծաղկուն:
Տարածքների ազատագրումից հետո, երբ մեր նախնիների բնօրրանը վերստին հայացավ, հնարավորություն ընձեռվեց ուսումնասիրելու պատմական հուշարձանները: Մեր պապերը մեզ թողել են հոգևոր մեծ ժառանգություն՝ վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ ու խաչքար-կոթողներ, կամուրջներ ու դամբարաններ, բերդեր: Եվ ինչքան էլ մեր թշնամիները փորձել են հիմնահատակ ավերել ու կործանել դրանք, այդուամենայնիվ այսօր էլ բազում մշակութային-պատմական հուշարձաններ վկայում են՝ «Սա Հայաստան է, և վերջ…»:
♦♦♦
Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով է կոչվում Շալուայի ձախափնյա լանջերին գտնվող Արտաշավի պատմական գյուղը, որտեղ Ավետարան է գրվել միջնադարում, և որտեղ պահպանվել են տապանաքարեր ու խաչքարեր, որոնցից շատերը բեկորների են վերածվել: Տարածքի հայաթափումից հետո այստեղ բնակություն հաստատած մահմեդականները քանդել են հայոց հանգստարանը և շիրմաքարերն օգտագործել որպես շինանյութ /նման ցավալի պատկերներ հանդիպում են ամենուրեք՝՝ Հակ, Եզնագոմեր, Սպիտակաջուր, Միրիկ, Հերիկ, Սթունիս, Գողթանիկ, Շալուա, Դրախտաձոր և այլն/: Հուշաքարերը հանվել են պատերի միջից և դրվել գյուղի կենտրոնում:
Այս գյուղի միջնակարգ դպրոցն արդեն 10 տարի կոչվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով: Եվ հերոսի 70-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա լինելու համար օրերս այցելեցի Արտաշավի: Մինչև ցերեկույթը սկսելը դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Վահրամ Հարությունյանի հետ եղանք Շալուայի ափամերձ նորակերտ Վարդուտ գյուղում: Վահրամը գետի աջափնյա լանջերին պատահաբար շիրմաքարեր էր տեսել, ուստի և բարձրացանք ճշտելու՝ հայկակա՞ն են:
Առաջին հայացքից թվում է՝ սովորական քարեր են, բայց փորձեցինք շուռ տալ, հաջողվեց: Մինչև քարի երեսը տեսնելը, հողի վրա նշմարվեց խաչի պատկերը: Խաչքար է՝ 15x60x105 սմ չափերով: Ի հեճուկս մեր թշնամիների, որոնք միտումնավոր շրջել են խաչքարերը՝ հայկական նախշաքանդակները կոծկելու համար, հոյաշունչ պատկերները լավ են պահպանվել: Բարձրանում ենք վեր, որտեղ մոտ 10 տների հետքեր են պահպանվել, տեղ-տեղ մնացել են նաև պատերը: Հավանաբար գյուղատեղի է, ով գիտե՝ հնարավոր է՝ այստեղ նաև եկեղեցի է եղել: Ավերակի չափերն այդ են հուշում…
Տարածքում շատ են նման վայրերը, եւ ժամանակ է պետք, որ բոլոր շիրմաքարերը բարձրացվեն ու ի մի բերվեն: Այս տարածքը կարևորվում է նաև նրանով, որ դեպի արևմուտք ընկած բլրի հետևում է գտնվում պատմական Ալիղուլի գյուղը, որտեղ մինչև 20-րդ դարի սկիզբը հայեր էին բնակվում, և որտեղ ադրբեջանցի թաթարները 1905 թվականին կազմակերպեցին հայերի ջարդ: Ցած ենք իջնում՝ ևս մեկ հայկական հանգստարանի ենք հանդիպում, ևս մեկ փաստ, որ այստեղ բարձր քաղաքակրթություն է եղել, եւ որ միջնադարում Աղահեճքն ու Վայկունիքը հայոց ծաղկուն գավառներ են եղել, դրանից առաջ էլ…:
Անցնում ենք աշնանային Շալուայի միջով, որտեղ մի վտակ է միանում նրա ջրերին՝ իջնելով Ղարաբաղի լեռնաշղթայից: Բարձրանում ենք Արտաշավի, մասնակցում Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակին նվիրված ցերեկույթին, որի հերոսները կրթօջախի 42 աշակերտներն են: Որոնք իրենց խոսքով, իրենց երգերով Լեոնիդին, բոլոր մարտիրոս քաջորդիներին ասում են՝ մենք ձեր գործի շարունակողներն ենք՝ վկան հայտնի ու նորահայտ խաչքարերը:
Զ. ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր