Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է



Զրույց ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ գնդապետ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

-Պարոն Մանուկյան, «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ և ԶՈՒ տեղագրական ծառայության ամբողջ անձնակազմին կառույցի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ։ Մաղթում ենք բեղուն աշխատանք և անձնական հաջողություններ։ Ներկայացրեք, խնդրեմ, ծառայության հիմնադրման պատմությունը և նրա ավանդը Արցախյան պատերազմում։

-ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը հիմնադրվել է 1992 թվականի սեպտեմբերին, կառույցի առաջին ղեկավարը եղել է գնդապետ Ա. Ազիզյանը։ Նոյեմբերի 28-ին ծառայության կողմից տպագրվել է առաջին քարտեզը։ Կազմավորման առաջին տարիներին կառույցի գերակա նպատակը եղել է պատերազմական իրավիճակում զինված ուժերի ապահովումը տեղագրական քարտեզներով, ինչը կենսականորեն անհրաժեշտ էր մարտական գործողությունների ժամանակ։ Գործունեության առաջին փուլը (1992-96թթ.) ես կբնութագրեի որպես կառույցի կայացման ժամանակաշրջան, երբ ծառայությունը համալրվում էր երկտարեցի սպաներով և ժամկետային զինծառայողներով։ Կայացման փուլում օգտագործվել է նաև գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի ներուժը։ Շնորհիվ հրաշալի մասնագետների (կապիտաններ Յուրա Վարյան, Սմբատ Դավթյան, ենթասպա Լիդիա Գրեչուխա և այլք) և ծառայության ճիշտ կազմակերպման, կառույցը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ ապահովել բանակը տեղագրական քարտեզներով, կատարել տեղանքի ուսումնասիրություն, թարմացնել քարտեզները, պատրաստել տեղանքի մանրակերտեր։

-Ի՞նչ կառուցվածք ուներ կառույցը այդ տարիներին։

-Ռազմատեղագրական ծառայությունն ուներ բաժնի կարգավիճակ գլխավոր շտաբի կազմում, որի ենթակայությամբ էր տեղագրական զորամասը: Տեղագրական զորամասի առաջին հրամանատարը եղել է Յուրա Վարյանը։ Նրան փոխարինել է Սմբատ Դավթյանը։

1996-2002թթ. ժամանակաշրջանը բնորոշվում է կադրային սերնդափոխությամբ։ Կառույցը համալրվեց նոր մասնագետներով, որոնք սկսեցին կատարել տեղագրա-երկրաբաշխական (գեոդեզիական) աշխատանքներ։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են հրետանու ստորաբաժանումների տեղակապակցումներ, մարտական դիրքերի կապակցումներ, ինչպես նաև պաշտպանական նպատակներով զարգացվել է հատուկ գեոդեզիական ցանցը։

Հարկ է հիշատակել նաև տեղագրական քարտեզների սերիական տպագրության մասին, որի արդյունքում զորքերը (մինչև վաշտի հրամանատար) ապահովել են տեղագրական քարտեզներով։

1997 թվականից մենք սկսեցինք կադրեր պատրաստել Սանկտ Պետերբուրգի ռազմատեղագրական ինստիտուտում և վերապատրաստել Մոսկվայի ինժեներական ակադեմիայում, ինչը հնարավորություն տվեց կառույցը հետագա տարիներին համալրել կադրային սպաներով։ 2002 թվականին առաջին շրջանավարտները Ռուսաստանի Դաշնությունից վերադարձան հայրենիք, որից հետո ամեն տարի 2-5 կադրային սպա ծառայության անցան ԶՈՒ համակարգում։

Կարևոր նորամուծություն էր թվային տեխնոլոգիաների ներդրումը։ Ծառայությունը համալրվեց ժամանակակից տեղագրական տեխնիկայով։ Սկսեցինք արտադրել թվային քարտեզներ և ներդնել ԶՈՒ ավտոմատ կառավարման համակարգում։ 2010 թվականից սկսվեց երկրատեղեկատվական համակարգի ներդրումը, քարտեզների թարմացում՝ օգտագործելով տիեզերալուսանկարները։

-Ի՞նչ մակարդակ ունեն միջազգային շփումներն ու արտաքին համագործակցությունը։

-Եթե մինչև 2006թ. ԶՈՒ ռազմատեղագրական ծառայությունը ԱՊՀ մասնակից պետությունների տեղագրական ծառայությունների կոմիտեի անդամ էր, ապա 2006-ից սկսվեց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Այսօր մենք ունենք երկկողմ համագործակցություն Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բուլղարիայի և այլ պետությունների հետ։ Մեծ Բրիտանիայի հետ կնքվել է համագործակցության հուշագիր։

2012 թվականից զինված ուժերի բանակային զորամիավորումների կազմում ներդրվել են տեղագրական ծառայությունների պետերի հաստիքներ։ Բոլոր հաստիքներն այժմ համալրված են և, վստահ եմ, մեծ աջակցություն կցուցաբերեն բանակային զորամիավորումների հրամանատարությանը տեղագրագեոդեզիական ապահովման խնդիրներում։

-Ծառայության զարգացմանն ու առաջընթացին միտված ի՞նչ ծրագրեր են իրագործվում այսօր։

-Նպատակ ունենք զինված ուժերն ապահովել անալոգային և թվային տեղագրական քարտեզներով։ Տիեզերա և աերո լուսանկարների հիման վրա թարմացնել քարտեզները և լուսափաստաթղթեր տրամադրել զինված ուժերին, ժամանակակից եղանակներով իրականացնել հրետանու, ՀՕՊ-ի մարտական դիրքերի տեղակապակցման աշխատանքները։ Կարևորում եմ նաև նավարկային համակարգերի ներդրումը զինված ուժերում, բանակային զորամիավորումների տեղագրական ծառայությունների համալրումը ավտոմատացված աշխատատեղերով, ինչպես նաև՝ շարժական համալիրներով։ Շարունակելու ենք կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքները, այժմ Սանկտ Պետերբուրգի ռազմատիեզերական ակադեմիայում ունենք ուսանողներ, իսկ Մոսկվայի համազորային ակադեմիայում վերապատրաստվում է 1 սպա։ Նպատակ ունենք առաջիկայում ընդլայնել միջազգային կապերը։

2010 թվականին տեղագրական զորամասը վերանվանվեց ռազմաքարտեզագրական կենտրոնի։

Ռազմատեղագրական ծառայության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ պետք է նշեմ այն սպաների անունները, որոնք իրենց բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ նպաստել են կառույցի կայացմանը և կատարելագործմանը՝ փոխգնդապետ Արթուր Գալստյան (նա 10 տարի ղեկավարել է տեղագրական զորամասը), փոխգնդապետ Սերոբ Սուջյան, մայորներ Գոհար Հովսեփյան, Սամսոն Դանիելյան, կապիտան Սերգեյ Պետրոսյան, ենթասպա Անուշ Խաչատրյան, ծառայող Ինեսա Բաղդասարովան և այլք։

-Պարոն Մանուկյան, տարին կրկին հոբելյանական է Ձեզ համար, որովհետև բացի այն, որ Ձեր ղեկավարած կառույցը տոնում է իր կազմավորման 20-ամյակը, վերջերս Դուք դարձաք 50 տարեկան։ «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ ծննդյան կեսդարյա հոբելյանի առթիվ։ Թող իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու նպատակները, և թող գալիք տարիները լինեն է՛լ ավելի երջանիկ ու ձեռքբերումներով լի։ Կխնդրեի, որ օգտագործելով պատեհ առիթը, զրուցենք նաև Ձեր անցած ճանապարհի և զինվորական կենսագրության մասին։

-Ծնողներս բնիկ երևանցիներ են, սակայն ես ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մանկությունս անցել է Երևանում։ Դպրոցում լավ եմ սովորել հատկապես աշխարհագրություն, պատմություն, քիմիա և ֆիզիկա առարկաները։

Դպրոցական տարիներին որոշել էի պատմաբան դառնալ, սակայն հետզհետե ավելի մեծացավ զինվորական հորեղբորս և նրա տղաների ազդեցությունը։ Ես ցանկանում էի նմանվել նրանց։ Զինվորական համազգեստով նրանք տարբերվում էին մյուսներից։ Բնավորությամբ էլ էին տարբեր՝ պինդ, համարձակ, հարգանք վայելող տղաներ էին։

Սովորել եմ Լենինգրադի ռազմատեղագրական բարձրագույն հրամանատարական ուսումնարանում։ Ծառայությունս սկսել եմ Ղազախ քաղաքում։ Սովորել եմ նաև Մոսկվայի Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայում։ Ազգային բանակում եմ 1993 թվականից:

Եղել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետի տեղակալ, 2003 թվականից մինչ այսօր ղեկավարում եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժինը ։

Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա՝ դուստր և որդի։ Կինս նույնպես զինվորական է։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2012