ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՏԵՄՅԱՆ
սերժանտ
Ծնվել է 1992թ. Տաշիրի Մեծավան գյուղում: Ուսումնական զորամասում ծառայելու շրջանում ստացել է կրտսեր սերժանտի կոչում:
Այնուհետև մշտական տեղակայման զորամասում աչքի է ընկել կատարողական կարգապահությամբ, գործնական պարտականությունների գերազանց կատարմամբ: Կարճ ժամանակ անց նրան է վստահվել մարտկոցի հաշվարկի հրամանատարությունը: Սերժանտական խորհրդի անդամ է: Շաբաթական խորհրդակցությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում՝ քննարկման ներկայացնելով մարտկոցի ներքին կարգուկանոնի, ընդհանուր մարտական պատրաստության գործընթացը ճիշտ կազմակերպելու, կենցաղային, սոցիալական, անձնակազմի ժամանցի և հանգստի վերաբերյալ տարբեր հարցեր:
ԲԿ հրամանատարության կողմից արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանների:
Լավագույն հրամանատարներ, որոնցից նա օգտակար դասեր է քաղել, համարում է փոխգնդապետ Վ. Խաչատրյանին և դասակի հրամանատար, ավագ լետենանտ Մկրտիչ Ալակորցյանին:
Ստորաբաժանման ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ա. Մարտիրոսյանի խոսքերով` սերժանտ Անդրանիկ Արտեմյանը մշտապես աչքի է ընկել թե՛ ֆիզպատրաստության և թե՛ մասնագիտական պարապմունքների ու զորավարժությունների ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմությամբ, իր գրագետ և հավասարակշիռ պահվածքով օրինակ է հանդիսացել համածառայակիցների համար: Իրեն հատկացված զենքը մշտապես պահել է մարտական վիճակում և մշտապես պատրաստ է եղել մարտի:
-Ճիշտ է, շուտով կզորացրվեմ, – ասում է սերժանտ Արտեմյանը,- բայց հավատացեք՝ երբեք օրերը չեմ հաշվել, քանի որ ստորաբաժանումը ինձ համար հարազատ օջախ է դարձել: Որտեղ էլ լինեմ, հայրենիքի առաջին իսկ կանչով պատրաստ եմ պաշտպանել մեր հողը, մեր ժողովրդին: Իսկ մինչ այդ` կվերադառնամ տուն: Ինձ սպասում են ծնողներս ու սիրած աղջիկս…
ԱՐԱԲՈ ՂԵՎՈՆԴՅԱՆ
ավագ սերժանտ
Ծնվել է 1993թ. Երևանում, սովորել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Առաջնակարգ լողորդ է: Զորակոչվելուց հետո ծառայության է նշանակվել ստորաբաժանումում: Վեց ամիս, որպես շարքային, ծառայել է ռադիոհեռախոսավար, կապավոր: Ուսումնական փուլի ընթացիկ ավարտական ստուգումների ժամանակ գրանցել է բարձր ցուցանիշներ:
Ստորաբաժանումում վերապատրաստվելուց հետո նշանակվել է լրակազմի հրամանատար: Անցած տարի, որպես դասակի լրակազմի պետ, ԲԿ կազմում գրավել է 1-ին տեղը: Մասնակցել է ՊՆ կոլեգիայի նիստին, արժանացել շնորհակալության: Լավ ծառայության համար արժանացել է վերադաս հրամանատարության տարբեր խրախուսանքներին:
Իր ծառայական պարտականություններն ավագ սերժանտ Ղևոնդյանը մշտապես անթերի է կատարել, դրսևորել է հրամանատարի օրինակելի վարքագիծ, պահպանել է շարային կանոնադրության կանոնները, մասնագիտական պարապմունքների ընթացքում ստացել «գերազանց» գնահատական:
Ստորաբաժանման հրամանատարը շնորհակալ է ավագ սերժանտ Ղևոնդյանի ծնողներին՝ նման պարտաճանաչ և հայրենասեր որդի դաստիարակելու համար:
– Շուտով ես էլ կզորացրվեմ: Պատկերացրեք, մի քիչ տխուր եմ: Այնքան բան կա հիշելու,- ասում է ավագ սերժանտ Ղևոնդյանը :- Խորհուրդս մեկն է բոլոր նրանց, ովքեր նոր են զորակոչվել կամ պիտի զորակոչվեն, առհասարակ, բոլոր հայորդիներին. մի վախեցեք ծառայությունից, դա միակ և պատվաբեր միջոցն է` երկրի իսկական քաղաքացի, իսկական տղամարդ և որպես հայրենասեր զավակ կայանալու համար: Միայն պատվով ծառայելուց, հայրենիքի հանդեպ պարտքը սրբորեն կատարելուց հետո, հավատացեք, կարող եք բաց ճակատով նայել և՛ ծնողներին, և՛ մարդկանց, և՛ մանավանդ՝ սիրած աղջկա աչքերին:
Իսկ իմ սիրած աղջիկը` Արմինեն, հպարտությամբ սպասում է ինձ…
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ