ԲԱՌԱՐԱՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լույս է տեսել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանի «Փիլիսոփայական համառոտ բառարանը»։ Այն բաղկացած է 280 բառահոդվածից, որոնք բաշխված են ըստ անձնանունների և տերմինների։ Բառարանը կազմվել է ռազմական ինստիտուտում դասավանդվող «Փիլիսոփայություն» առարկայի ուսումնական ծրագրին համապատասխան և նախատեսված է նախևառաջ ՌԻ կուրսանտների և հրամանատարների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև փիլիսոփայություն դասավանդողների և դրանով հետաքրքրվող անձանց լայն շրջանակների համար, ինչպես նաև գործածվել ինքնակրթության նպատակով։
Բառարանն ունի երեք էական առանձնահատկություն։ Առաջինն այն է, որ հեղինակը փորձել է իմաստասիրական եզրերը հնարավորինս ձերբազատել համայնավարական հասարակարգի գոյության տարիներին (1917-1991թթ.) ձևավորված գաղափարախոսական կաղապարներից, կաղապարված մտածելակերպից ու մոտեցումներից։ Երկրորդ առանձնահատկությունը անձնանունների ցանկում հայ մտածողների մեծ քանակն է, ինչը փիլիսոփայական բառարանին հաղորդում է յուրահատուկ «հայկականություն»։ Եվ երրորդ՝ բառարանի լեզուն աչքի է ընկնում մաքուր, հստակ ու գեղեցիկ հայերենով, ինչը, համադրվելով տպագրության բարձր որակի հետ, հաճելի է դարձնում ընթերցանությունը։
Փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, հայոց բանակաշինության գործընթացի նվիրյալներից մեկը։ Մարտական հերթապահություն իրականացնող օղակներում երկարամյա դաստիարակչական աշխատանքների փորձառությամբ այսօր նա շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը ռազմական կրթահամակարգում։ Մ. Բաղդասարյանը երկար տարիներ զբաղվում է փիլիսոփայության դասավանդմամբ, և «Փիլիսոփայական համառոտ բառարանը» նրա ջանադիր գործունեության հերթական արգասիքն է։
Ա. Յ.
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Հոգևոր-մշակութային