ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՍ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է
Երբ զորամասերից մեկում ցանկություն հայտնեցինք զրուցելու դասակի երիտասարդ հրամանատարներից մեկի հետ, զորամասի հրամանատարի տեղակալը, սպաներից շատերը միաբերան նշեցին կապիտան Մինասյանի անունը: Մինչև կապիտանի հետ հանդիպելը նրա մասին որոշակի պատկերացում արդեն կազմել էինք ծառայակիցների պատմածից` հաղթանդամ, կիրթ, գրագետ, հայ սպային վայել վարքականոններին հետևելու շնորհիվ ընկերների հարգանքը վայելող զինվորական: Պետք է նշել, որ զրույցի ընթացքում նա մեզ զարմացրեց նաև իր մասնագիտական գործունեությունը մատչելի վերլուծելու և ներկայացնելու, զինվորական աննշան թվացող մանրուքների մասին խոսելիս դիմացինին ռազմական գործի հանդեպ հետաքրքրությամբ և հարգանքով «վարակելու» կարողությամբ:
Կապիտան ՀՈՎՍԵՓ ՄԻՆԱՍՅԱՆ- 2006թ. ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Երկրորդ կուրսից նշանակվել եմ դասակի հրամանատարի տեղակալ, ջոկի հրամանատար: Ուսումնառության ընթացքում փորձաշրջան ենք անցել, մեկ ամիս դիրքերում ենք եղել, ընդ որում մեր կուրսը, որպես ավարտական կուրս, առաջինն է եղել առաջնագծում: Սկզբում ծառայության եմ նշանակվել հրաձգային գումարտակում, այնուհետև տեղափոխվել եմ մոտոհրաձգային գումարտակ որպես մեխանիկ վարորդների դասակի հրամանատար: Բնականաբար, սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների եմ հանդիպել: Ինստիտուտում սովորելու տարիներին որոշ առարկաներ այդքան էլ կարևոր չէի համարում, և կարելի է ասել՝ ամբողջությամբ չէի յուրացրել: Գիտելիքի պակասը ստիպված էի լրացնել զորամասում, որտեղ էլ աստիճանաբար սկսել եմ մասնագիտական ունակություններս, որպես սպա, կատարելագործել համապատասխան փորձառության միջոցով: Եթե անկեղծ լինենք, զորամաս նոր ոտք դրած սպան մտածում է, որ ինքը դեռ կուրսանտ է, ամբողջ պատասխանատվությամբ չի զգում, որ ուսադիր է կրում, որ ինքն իր վրա դեռ պետք է շատ աշխատի, որպեսզի զորքի առաջ կարողանա պատշաճ երևալ: Բացի այդ, ռազմական ինստիտուտի շրջանավարտը շատ հաճախ միանգամից չի հարմարվում նոր միջավայրին: Մեկ տարի կամ նույնիսկ ավելի ժամանակ հետո է միայն լրիվությամբ զգում, թե ինչպիսի պատասխանատվություն է ուսերին կրում, եւ որ պետք է ամեն օր, ամեն ժամ ձգտի առաջընթացի: Բարեբախտաբար, շատ շուտ հասկացա իմ սխալը և արդեն հինգ-վեց ամիս հետո որպես որոշակիորեն կայացած սպա, արժանացա իմ առաջին խրախուսանքին: Ամեն ինչ արեցի, որ ոչ մի զինվոր հանկարծ չնկատի իմ թերացումները: Իհարկե, թող տպավորություն չստեղծվի, թե ինստիտուտից լրիվ անպատրաստ են մեկնում զորամասեր: Մեր ռազմաուսումնական հաստատությունները բարձրակարգ մասնագետներ են կրթում, որոնք արդեն տեղերում պարտավոր են ապացուցել իրենց ուսուցման արդյունավետությունը:
Միշտ զգացել եմ, որ ծառայությունս գնահատվում է, բազմիցս ստացել եմ խրախուսանքներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, դրամական պարգևներ: Միշտ ինձ են ներկայացրել՝ մասնակցելու հավաքների, կոնֆերանսների, զորավարժությունների: Վերջերս տեղի ունեցած կոլեգիաներից մեկի ժամանակ էլ գերատեսչական մեդալ ստացա պաշտպանության նախարարից: Մեր զորամասից՝ մի հոգի եւս: Պաշտոնի առաջխաղացում դեռևս չունեմ, բայց դա էլ բնական է, քանի որ սահմանային ծառայության փորձ չունեմ: Սպասում եմ հրամանի, պատրաստ եմ ծառայելու ցանկացած վայրում: Թեեւ տարբերությունը մեծ է թիկունքային և առաջնագծի ծառայության միջև, բայց մի բան պարզ է. ծառայությունը պետք է սովորական անցնի երկու դեպքում էլ: Երկու տեղում էլ զինվորը նույն զինվորն է, կանոնադրությունները նույնն են, ավելանում է միայն մարտական հերթապահությունը, որի ժամանակ պարզապես պետք է ավելի զգոն լինել: Դժվարությունն այն է, որ մարտական իրավիճակում պետք է այնպես անես, որ քո զինվորներին ոչինչ չպատահի, ինչին հասնելու համար կձգտեմ պատրաստվածությանս աստիճանը է՛լ ավելի բարձրացնել, համոզված եմ նաեւ, որ իմ առջեւ դրված խնդիրների հաղթահարման գործում ավագ հրամանատարները կօգնեն ինձ, կուղղեն:
Իմ մուտքը զորամաս համընկավ ուսումնական փուլի մեկնարկի հետ, ընթանում էին տարաբնույթ պարապմունքներ, որոնց ընթացքում ավագ սպաները տարբեր հարցեր ուղղեցին ինձ, մասնագիտական բազում խնդիրներ առաջադրեցին, և ես պատվով դուրս եկա այդ փորձությունից: Նրանք տեսան, որ պատրաստված եմ, ունակ եմ ստորաբաժանում ղեկավարելու: Բացի այդ, վաշտի հրամանատարները, գումարտակի հրամանատարի տեղակալները իրենց խորհուրդներով շատ անհրաժեշտ օգնություն ցույց տվին ինձ, բացատրեցին՝ որ իրավիճակում ինչպես վարվեմ: Ես լսեցի նրանց խորհուրդները և հաղթահարեցի սկզբնական շրջանի համար բնորոշ անլիարժեքության բարդույթը՝ զգալով, որ արդեն մի քանի տարի ռազմական բուհն ավարտած և որոշակի փորձառություն ձեռք բերած սպաները թեւութիկունք են ինձ: Ես էլ բնականաբար ավելի եռանդուն սկսեցի աշխատել, հաճախ նաև՝ իմ հանգստի, քնի հաշվին: Շուտով արդեն զորակոչ ընդունելու ժամանակը եկավ, ու սկսվեց ուսումնական շրջանը: Առաջին խրախուսանքը ստացա, երբ ճաշարանի վերակարգում էի: Վստահ եմ` նման աջակցություն կգտնեմ նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և օգտագործելով արդեն իսկ ձեռք բերած մասնագիտական հմտությունները՝ կկարողանամ ղեկավարել մարտական հսկում իրականացնող օղակը:
Ամենից հիշվողը ինձ համար թերևս կապիտանի կոչում ստանալու օրն էր: Շատ եմ սիրում այդ կոչումը, որը միաժամանակ և՛ պարտավորեցնում է, և՛ արժևորում քո անցած ճանապարհը: Նաև՝ երկու տարի առաջ զորավարժություններից մեկին մասնակցելը: Տպավորություններս անչափ մեծ էին: Որպես դասակի հրամանատար մարտական խնդիր էի կատարում իրականին առավել մոտ իրավիճակում: Պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման գծում պետք է նահանջ կազմակերպեի տեխնիկայով: Շատ տանջվեցինք այդ օրը, և ստացվեց: 13 րոպեի ընթացքում տեղաբաշխման վայրից 3 կմ հեռավորության վրա նահանջ կազմակերպեցի, որպեսզի հրետանին սկսեր գրոհի կրակային նախապատրաստությունը: Հասցրինք, ամեն ինչ ճիշտ ու ժամանակին կատարեցինք` ապահովելով մեր հիմնական ուժերի հաջող գործողությունների սկիզբը: Խնդիրը կատարել ենք մարտական իրավիճակում` ծխաքողարկմամբ, մարտական փամփուշտներով և արկերով կրակի ուղեկցությամբ, անձնակազմի շղթայաձև բացազատմամբ և այլն: Տեխնիկան սարի վրայից իջեցրել ենք, ընթացքում երկու տեղ կանգ առնելով և հարձակվող հակառակորդի ուղղությամբ ընթացքից կրակ վարելով՝ միացել ենք առաջին գծի մեր հիմնական ուժերին: Առաջադրանքը կատարել եմ իմ ենթակաների` ժամկետային զինծառայողների հետ միասին: Այդ պահին մեզնից եւ ոչ մեկը կարծես չէր ընդունում, որ դա ընդամենը վարժանք է, յուրաքանչյուր ոք իրեն պատկերացնում էր ասես իրական մարտի դաշտում, որտեղ իր մտածված և վարժ գործողություններից է կախված սեփական ու նաև ընկերոջ կյանքը, ամբողջ ստորաբաժանման գործողությունների բարեհաջող զարգացումն ու ավարտը:
Հիշարժան էր նաև մասնակցությունս երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսին, որի ժամանակ ելույթ ունեցա զինվորական կոլեկտիվի կայացման գիտամանկավարժական մեթոդների վերաբերյալ զեկուցումով: Շատ եմ գնահատում նման միջոցառման անցկացումը և հնարավորության դեպքում անպայման նորից կմասնակցեմ: Պատկերացրեք, թե երիտասարդ սպայի համար ինչքան օգտակար և ոգևորիչ են ծառայական բոլոր աստիճանակարգերով անցած գումարտակների, գնդի հրամանատարների, տարբեր ծառայությունների պետերի ելույթները, անձամբ պաշտպանության նախարարի բազմամյա փորձի վրա հիմնված խորհուրդները: Կոնֆերանսից բավական ժամանակ է անցել, սակայն մինչև հիմա ես պահում եմ բոլոր նյութերը, պարբերաբար ընթերցում, կրկին վերլուծում և անհրաժեշտ եզրահանգումներ անում:
Հ.Գ. Կապիտան Մինասյանի հետ դեռ երկար զրուցեցինք, անդրադարձանք բանակային տարբեր հարցերի: Սակայն մեր զրույցը ուզում եմ ամփոփել կապիտանի անմիջական հրամանատարներից մեկի խոսքով. «Դասակի հրամանատարի գործն անչափ պատասխանատու է, նա է անմիջական ղեկավարում անձնակազմը: Շատ ավելի ծանր է վաշտի հրամանատարի պարտականությունը, նա մի քանի այդպիսի դասակ է ղեկավարում: Ոմանք խուսափում են նման պատասխանատվությունից, նույնիսկ հրաժարվում ծառայական առաջխաղացումից, սակայն Մինասյանն այդպիսին չէ: Նա իր պատրաստվածության շնորհիվ հենց հիմա էլ կարող է վաշտ ղեկավարել: Ինքն իրենով անձնական օրինակ է հանդիսանում սպաների և զինվորների համար, տրված առաջադրանքները կատարում է անթերի, մի խոսքով՝ նա իսկական սպա է»:
Երբ նյութը արդեն պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ կապիտան Մինասյանը հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված սահմանամերձ զորամասերից մեկում նշանակվել է վաշտի հրամանատար: Առաջիկայում մենք նորից կհանդիպենք նրան` ակնկալելով տեսնել մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման օրինակելի հրամանատարի:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ