«ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐԸ»
Այս նշանաբանով դեկտեմբերի 8-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո կազմակերպված մարտարվեստների փառատոնը՝ մարտարվեստների 14 ֆեդերացիաների մասնակցությամբ:
2012թ արեւելյան մարտարվեստների 14 ֆեդերացիաների համար կարեւորվեց համագործակցության հուշագրի ստորագրությամբ, որը Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, «Դինամո» մարզական ընկերության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությունն էր: Արեւելյան մարտարվեստների 14 ֆեդերացիաները, ըստ այդ հուշագրի կետերից մեկի, պարտավորվում են մարզվող նախազորակոչային տարիքի մարզիկների մեջ սերմանել հայրենասիրություն, հոգեպես եւ ֆիզիկապես նախապատրաստել հայոց բանակում պատվով եւ պատասխանատվությամբ ծառայելուն, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը: Այս համագործակցության արդյունք էր նաեւ մարտարվեստների փառատոնը, որը ֆեդերացիաների համատեղ առաջին աշխատանքն է: Գառնիկ Հայրապետյանը ողջունեց բոլոր մասնակիցներին եւ նշեց, որ իրենց նպատակն է ավելի դյուրին դարձնել բանակային իրականությանը հարմարվելու շրջանը. «Բանակը մեր ժողովրդի և պետության անվտանգության գրավականն է: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է գիտակցի, որ մեր բանակի հզորությունը նաեւ իրենով է պայմանավորված: Մենք կարևորում ենք ապագա զորակոչիկների հայրենասիրական, բարոյահոգեբանական դաստիարակությունը եւ փորձելու ենք կրթել նրանց թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես եւ թե՛ բարոյապես»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ պարտադիր համարեց «Առողջ մարմնում` առողջ ոգի» իմաստությանը հետեւելը. «Փառատոնը մի քանի կարեւոր գործառույթ է իրականացնում. մեկ հարկի, մեկ գաղափարախոսության ներքո համախմբելով մարտարվեստի համապատասխան ֆեդերացիաներին, այն պարտավորեցնում է ջանք ու եռանդ չխնայել , սրտացավ եւ նվիրված աշխատել ֆիզիկապես կոփված սերունդ դաստիարակելու համար, նաև խթանում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական պատրաստության եւ սպորտի զարգացումը: Ով պետք է համագործակցի այս ֆեդերացիաների հետ, եթե ոչ պաշտպանության նախարարությունը. չէ որ մենք անմիջական առնչություն ունենք այն նորակոչիկների հետ, որոնք մարզվում են ֆեդերացիաներում եւ, ձեռք բերելով համապատասխան ֆիզիկական ունակություններ, համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները: Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ֆիզպատրաստությանը, քանի որ այն մարտական պատրաստության բաղկացուցիչն է: Անչափ կարեւոր է, որ զինված ուժերը համալրվեն ֆիզիկապես կոփված երիտասարդներով. յուրաքանչյուր հրամանատարի համար ավելի դյուրին է նման կրթված ու կոփված զորակոչիկի հետ աշխատելը»:
Միջոցառման բացումն ազդարարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո ֆեդերացիաները ցուցադրական ելույթներով ողջունեցին մարզասերներին: Պատանի մարզիկներն ու նրանց մարզիչները ներկաներին ցուցադրեցին իրենց ֆիզիկական այն հնարավորությունները, որոնցով արեւելյան մարտարվեստը օժտում է մարդուն: «Այկիդո Այկիկայ» ֆեդերացիայի սաներից Արթուր Սիմոնյանը ուրախ էր, որ հնարավորություն ունեցավ ցույց տալու իր վարպետության աստիճանը. «Այս մարտարվեստում չկա ուժեղի ու թույլի պայքար: Այկիդոյում ամենակարեւորը հոգեկան հավասարակշռությունն է, մարմնի եւ մտքի ներդաշնակությունը: Ես ծառայել եմ բանակում եւ զորացրվելուց հետո որոշել եմ մարզվել, քանի որ հասկացել եմ ֆիզիկական պատրաստվածության կարեւորությունը: Կարծում եմ` եթե այս պատրաստվածությամբ բանակ գնայի, նախնական շրջանի ծանրաբեռնվածությանը հեշտությամբ կհարմարվեի»:
Միջոցառման ավարտին ֆեդերացիաները խրախուսվեցին պատվոգրերով:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր