Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ Է



«Արծիվ» կամավորականների հրամանատար Գագիկ Մարգարյանի զոհվելուց հետո հրամանատարությունն իր վրա վերցրեց Լյովա Մուսիկյանը։ Դարանակալ մահը կտրեց նաեւ նրա կյանքի թելը։ Հրամանատար Մանվել Գրիգորյանը գումարտակի շտաբի պետ Վազգեն Վարդանյանին ասաց. «Պատերազմ է, տղաները քեզ են նայում, ստանձնիր գումարտակի հրամանատարի պարտականությունները»։ Վիրավորվել է, բայց չի թողել մարտադաշտը։ Ունի երեք զինվոր տղա՝ Սուրեն, Աշոտ, Շահեն։ Պատերազմն ավարտվեց, թեեւ վիրավոր, բայց տուն վերադարձավ նաեւ գումարտակի հրամանատարը։ Կինը՝ Սոֆիկը, խնամքով պահպանում է քրքրված, խունացած նամակները, որոնք ամուսինը ողջ պատերազմի ընթացքում պահել է ծոցագրպանում, ամեն անգամ կարդալով հուզվել է, ինչպես նաեւ ոգեւորվել, որովհետեւ թիկունքը ամուր է եղել, իսկ ամեն հայ մարդու թիկունքը իր ընտանիքն է, երեխաները։ Հետաքրքիր է այսօր կարդալ այդ նամակներից.
«Սիրելի Վազգեն ջան, Աստված թող քեզ ողջ եւ առողջ մեզ հանձնի, դու ամեն ինչ ես մեզ համար։ Հպարտ ենք քեզանով, քո լավ անունը հասնում է մեզ։ Դու մեր վիճակը լավ գիտեիր, բայց որ գնացիր, ուրեմն այդպես էր պետք։ Ցանկանում եմ հաղթական վերադարձ, հասնես քո բալեքին։ Վազգեն ջան, ուղարկում եմ տղաներիդ նամակները, իրենք ոնց մտածել են, էնպես էլ գրել են, ոչ մեկից ոչ մի բան չեն հարցրել։ Գրել, պահել էին, գիշերը թաքուն կարդացի։ Կարող եմ չուղարկել՝ կարդալուց կարող է հուզվես, բայց ուղարկում եմ՝ իմացիր ի՜նչ տղաներ ունես։
Քո Սոֆիկ»։
«Բարեւ հայրիկ ջան, բոլորիդ բարի վերադարձ։ Դուք հաղթել եք թշնամուն։ Հողամասը փորել, ցանել ենք արդեն, վաղը ջրելու ենք։ Բոլորիդ կիները (կանայք-Գ. Շ.) սպասում են։
Քո Շահեն»։
«Հայրիկ ջան, քեզ շատ ենք կարոտել։ Գրի ինչպես եք։ Ես, Շահենը, Սուրենը համբուրում ենք քեզ ու քո ընկերներին։
Քո որդի Աշոտ»։
«Ոչ մի նամակում չկա նախատինքի մի բառ անգամ՝ ինչո՞ւ գնացիր։ Այդ նամակներում զգացվում է հայրենիքի, հողի ուժը։ Կարդալով այդ նամակները՝ զգալու ենք այն, ինչից սնվելու, զորանալու է այս փոքրիկ հողը՝ մեր Հայաստան աշխարհը, որտեղ ամփոփված են հայրենի նահատակների աճյունները։ Եվ նրանց մարտական ընկեր՝ գումարտակի հրամանատար Վազգեն Վարդանյանը, այցի գնալով նրանց սուրբ շիրիմներին, լուռ խոնարհվում է, ապա ջինջ ու մաքուր հայացքն ուղղում է հեռո՜ւ-հեռո՜ւ. «Կարոտում եմ նրանց, նրանց ոգին այնտեղ է՝ Մարտակերտում»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Հոգևոր-մշակութային


24/02/2011