Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԳԱՂԹՈՂԸ ՄՆՈՒՄ Է ԳԱՂԹԻ ՃԱՄՓԻՆ



Վահագն Մովսիսյանը Ապարանի ջոկատի տղաների հետ պատերազմական երկար ու դժվարին ճանապարհ է անցել: Մասնակցել է Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին: Լաչինում գլխից վիրավորվել է, մինչ օրս մարմնում կան բեկորներ: Ունի կառավարական ու գերատեսչական մեդալներ, պատվոգրեր, հուշամեդալներ: Օմարի ազատագրումից հետո անցել է պայմանագրային ծառայության, իսկ այժմ զինվորական թոշակ է ստանում եւ կնոջ՝ Սուսաննայի, զինվորական տղաների՝ Արմանի ու Գոռի, հարսների, թոռների հետ ապրում է Քարվաճառում:
-Ազատամարտիկ թոշակառու չի լինում,- ասում է Վահագնը,- մի քանի մեղվափեթակ ունեմ, անասուն եմ պահում: Այստեղ բնությունը շռայլ է, հողը՝ բերրի: Վարձատրում է, երբ հասկանում են իր լեզուն, երբ հոգատար ձեռքի շոյանք է զգում:
Իր նոր տան սենյակներից մեկը վերջերս է ավելացրել, բացում է սենյակի դուռը ու հրավիրում ներս.
-Մայրիկիս համար եմ ավելացրել, որ երբ ամառները Ապարանից գա, այստեղ ապրի:
Ու տիկին Անահիտի մասին պատմում է հարսը՝ Սուսաննան, պատմում է Սուսաննայի մայրը՝ տիկին Լյուդան, պատմում է Վահագնը.
-Մայրս երկար տարիներ Ապարանում ուսուցչուհի է եղել: Ինձ ռազմի դաշտ ճանապարհելիս երբեք լաց չի եղել: Ջոկատի համարյա բոլոր տղաներն էլ մայրիկիս աշակերտներն են եղել: Մի քանի տարի ռազմի դաշտ գնալ-գալուց հետո մի օր էլ, երբ վիրավոր տուն դարձա, ասաց.
-Վահագ ջան, էլի՞ ես գնալու:
-Մամ ջան, էսպես չդաստիարակեիր:
-Աստված քեզ հետ,- ասաց մայրս:
Պատերազմական օրերին, երբ լսում էր, թե որեւէ ընտանիք պատրաստվում է երկրից հեռանալ, բարկացած դիմում էր նրանց.
-Ա՛յ ժողովուրդ, ո՞ւր եք գնում. ո՞ւմ եք թողնում մեր երկիրը: Էս մութն ու ցուրտը, էս դժվարությունները մեզ համար չե՞ն, մեր կռվող տղաների, իմ տղայի, նրա ընկերների համար չե՞ն: Լավ է իմ մինուճարին ուղարկեմ ռազմի դաշտ, քան թե նա բռնի արտերկրի, գաղթի ճամփան: Լավ իմացեք՝ ռազմիկը կռվի դաշտից հետ է գալիս, իսկ հայրենիքից գաղթողը՝ ոչ, մնում է գաղթի ճանապարհին:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Հոգևոր-մշակութային


24/02/2011