ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՅՈՒԹԱԿԱՆԸ ՉԷ
ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՊԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅՈՒՆԸ
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի իշխանությունները որոշել են փոխել քաղաքի խորհրդանիշը` «Մամաև Կուրգանի» բարձունքին գտնվող «Մայր Հայրենիքն է կանչում» հուշարձանախումբը, որը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին: (Քանդակագործը Ե.Վ.Վուչետիչն է, ճարտարագետը` Ն.Վ.Նիկիտինը, արձանախումբը կառուցվել է 1959-67թթ. և աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է` 87մ):
Քաղաքապետարանի չինովնիկների կարծիքով, այս խորհրդանիշը «չափից ավելի մռայլ է», և, բացի դրանից, այն ամենը, ինչ կապված է Հայրենական մեծ պատերազմի հետ, «տարածաշրջանի համար այլևս առանձնապես հրատապ չէ»: «Ծաղկավոր սարաֆանով Մայր Հայրենիքն այն իդեալը չէ, որին պետք է ձգտել այսօր՝ խաղաղ ժամանակ»,- ասել է Վոլգոգրադի Զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային գործակալության փոխտնօրեն Իրինա Վասինան: Այդ իսկ պատճառով իրենք փնտրում են նոր խորհրդանիշ, որը քաղաքը պետք է ներկայացնի որպես զբոսաշրջության, մշակույթի, արդյունաբերության և սպորտի կենտրոն: Վասինան ոգևորված ասել է, որ ստեղծագործական փնտրտուքի ընթացքում որպես տարբերակ առաջարկվել է նույնիսկ վոլգոգրադյան «նշանավոր»… լոլիկը (!):
Այսպիսով, Վոլգոգրադի նոր իշխանությունները, համենայն դեպս տեսականորեն, հնարավոր են համարում «Մայր Հայրենիքի» փոխարինումը լոլիկով (առայժմ որպես խորհրդանիշ): Ակնհայտ է, որ խորհրդանիշների փոփոխության նման անհրաժեշտությունն արտացոլում է գաղափարական և արժեքային այն հետընթացը, որը կատարվել է ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային ամբողջ տարածքում (նաև Հայաստանում). հակառակ դեպքում անձնազոհության ու սխրանքի գաղափարը հնարավոր չէր լինի նույնիսկ համեմատել շահավետ առևտրի, իմա` դրամի գաղափարի հետ, որի արտահայտիչը տվյալ դեպքում լոլիկն է:
ՄԱՐՔՍԻԶՄՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԶՐԿԵՑ ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐԻՑ
Ասվածն ամենևին չի նշանակում, թե խորհրդային հասարակությունը նյութապաշտական չէր: Խորհրդային գաղափարախոսությունը նյութապաշտական էր, ինչքան էլ որ մարքսիզմ-լենինիզմի հիմնադիրները կարևոր համարեին «կոմունիստական բարոյականությունը», «մարդու հոգևոր կատարելագործումն» ու «լիարժեք ինքնադրսևորումը», որի հնարավորությունը, իբր, պետք է ընձեռեր կոմունիստական հասարակությունը: Սոցիալիստական հասարակարգի կարգախոսն էր` «Յուրաքանչյուրից ըստ ունակության, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի» (միանգամայն արդարացի սկզբունք), իսկ կոմունիստական հասարակարգինը` «Յուրաքանչյուրից ըստ ունակության, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքի»: Փաստորեն, սոցիալիզմից կոմունիզմին անցնելու, նույնն է թե` հասարակական առաջընթացի (պրոգրեսի) չափանիշը պահանջմունքների սահմանափակումը վերացնելն էր, ըստ պահանջի ապրելը, այսինքն` նույնպիսի սպառողական հասարակություն ստեղծելը, որպիսին այսօր իր հոգեվարքին է մոտենում կապիտալիստական Արևմուտքում:
Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ուսմունքը փողի, սպառման, արտադրության միջոցների սեփականության ու բարիքների արդարացի բաշխման մասին է` «կեցության», որից ածանցվում է գիտակցությունը: Ուրեմն ի՞նչ կարելի է պահանջել այդպիսի գիտակցությունից` նյութապաշտությունից բացի: ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի կարգախոսն էր` «Հասնել և անցնել Ամերիկային»: Ո՞ր հարցում, իհարկե՝ սպառումի, ընչատիրության:
Հարց է ծագում` ինչպե՞ս բացատրել խորհրդային հասարակարգի` հատկապես լճացմանը նախորդող ժամանակաշրջանում բարոյական բարձր հատկանիշների (ազնվություն, աշխատասիրություն, համեստություն, փոխօգնություն, ասկետիզմ, անընչասիրություն, հասարակական օգուտ անձնական շահից բարձր դասել, հայրենասիրություն) հասարակական իդեալ լինելը: Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը սա բացատրում է ռուս ժողովրդի մինչհեղափոխական քրիստոնեական կենսակերպի իներցիայով. «Իրականում խորհրդային ժամանակաշրջանի բարոյական բոլոր արժեքներն ու նպատակները ռուս մարդկանց քրիստոնեական աշխարհայացքի արձագանքներն էին»: Ըստ Միխեևի, մարքսիզմ-լենինիզմը «ինչ-որ իմաստով մշակված ու հարմարեցված քրիստոնեություն էր, որից հանել էին Աստծուն: Պատվիրանները թողել էին, բայց Քրիստոսին հանել»: Այս խոսքերի մեջ ճշմարտություն կա:
Խորհրդային հասարակարգի արդյունավետության չափանիշը, ինչպես և կապիտալիստականինը, հասարակական բարիքների սպառման մակարդակն է: Ահա թե ինչու կարելի է պնդել, որ սպառողական ներկայիս հասարակարգի «հիմքը դրվել է» դեռ խորհրդային ժամանակաշրջանում: Եւ պատահական չէ, որ խորհրդային հսկայական կայսրության բնակչությունը, գայթակղվելով կապիտալիստական հասարակության նյութական բարիքներով (շատերը կարծեցին, թե դրանք սկուտեղի վրա իրենց են մատուցելու), ոտքի չելավ` պաշտպանելու Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության արժեքները, հանուն որոնց ավագ սերունդը մարտնչել էր: Մարքս-լենինյան նյութապաշտական փիլիսոփայությունն ինքն իրեն զրկեց հետևորդներից: Եւ պատահական չէ նաև այն, որ հատկապես 1990-ականներին ազատականության ամենամոլեռանդ (նույնիսկ այլախոհներից ավելի) ջատագովը դարձան կոմունիստական կուսակցության, կոմերիտմիության կառույցներից «ելած» մարդիկ, որոնք դեռ խորհրդային ժամանակաշրջանում էին հանգել այն համոզման, որ նյութականը կարևոր է հոգևորից:
ԴԺԳՈՀ ՄԱՐԴԸ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ
Խորհրդային հասարակության մեջ, այնուամենայնիվ, կային իրական արժեքներ, որոնք այսօր կորցրել ենք: Մեկը աշխատանքի պաշտամունքն է: Եթե խորհրդային հասարակությունը պայքարում էր պորտաբույծների դեմ, եթե հարգանքի էր արժանացնում արտաժամյա հավելյալ աշխատանք կատարողին, իր արդար քրտինքով հաց վաստակողին, և ընդհակառակը` պարսավանքի էր ենթարկում անաշխատ եկամուտ ստացողին, ապա այսօր եկամուտ ստանալու միջոցը կարևոր չէ. կարո՞ղ ես` մի՛ աշխատիր, բայց փող ստացիր, և շատերի հարգանքին կարժանանաս ու նախանձի առարկա կլինես:
Հետաքրքիրն այն է, որ սա կապիտալիզմին բնորոշ երևույթ չէ: Կապիտալիստական հասարակարգում նույնպես գոյություն ունի աշխատանքի պաշտամունք: ԱՄՆ-ում մարդիկ երեխա հասակից սովորում են ամեն ինչի հասնել սեփական ուժերի, սեփական տաղանդի և աշխատանքի շնորհիվ: Նույնիսկ հարուստների երեխաները սկսում են «սևագործ» աշխատանքից և ապա միայն աճում, եթե կարողանում են:
Զուգահեռաբար մարդկանց մեջ հետևողականորեն արմատավորվում է հաճույքապաշտությունը (հեդոնիզմը), որը վերածվել է կյանքի իմաստի: Համեմատության համար նշենք, որ մինչխորհրդային հասարակարգում կյանքի իմաստը (պայմանականորեն ասած) Երկնային արքայությանն արժանանալն էր, իսկ խորհրդային հասարակարգում` հասարակության բարօրության համար աշխատելը: Այսօր շատերը մտածում են, թե ինչպես քիչ աշխատեն և շատ վաստակեն ու կյանքից առավելագույն հաճույք ստանան:
Բնականաբար, այդքան մեծ պահանջմունքներ ու հավակնություններ ունեցող մարդն ամեն ինչից դժգոհ է: «Նրա հավակնություններն արհեստականորեն ուռճացվում են: Նրան ներշնչում են, որ ինքն արժանի է շատ ավելի լավ կյանքի: Բայցև, դրա հետ մեկտեղ, նա չի ուզում սովորել, աշխատել, համբերել, ջանք գործադրել: Այդպիսի մարդը ի սկզբանե դատապարտված է անհաջողության, թեպետ համոզված է լինելու, որ ինքը դրա համար մեղավոր չէ»,- ասում է Ս.Միխեևը:
Որպես կանոն, հենց նման մարդիկ են առաջին հերթին համալրում մերօրյա «հեղափոխականների» շարքերը: Չակերտների իմաստը եսասիրական, հաճույքապաշտական նպատակներ հետապնդող մարդկանց հանուն գաղափարի պայքարելու անկարողությունը մատնանշելն է, քանի որ իրական հեղափոխականները պայքարում են հանուն դրա: (Արժեզրկվել են նույնիսկ հեղափոխությունները):
Ի՞նչը և ինչպե՞ս կարող է կասեցնել նյութապաշտության ահագնացող գրոհը: Ըստ իս` միայն ու միայն զանգվածային դարձը առ Աստված: Քրիստոնեությունը: Հայ Առաքելական Եկեղեցին:
Նյութապաշտության դեմ պայքարի համար ունենք նաև մի զորեղ նեցուկ` ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որի շուրջ համախմբվելով կարող ենք դիմակայել ցանկացած փորձության և թույլ չտալ, որ երբևէ ինչ-որ մեկի մտքով անցնի հրաժարվել Արցախյան պետականության խորհրդանիշներից:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում