Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ա. ԽՐԱՄՉԻԽԻՆ. «ԴԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԽԱԼՆ ԷՐ»



Ռուսաստանը դեկտեմբերի 10-ին կասեցրել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը՝ նախորդ օրը կայանի վարձակալության ժամկետը լրանալու կապակցությամբ: Մինչ այդ Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկարատև բանակցություն էր վարում վարձակալության ժամկետը երկարաձգելու համար, բայց Ադրբեջանը վարձակալման գինը կտրուկ բարձրացրեց՝ հասնելով տարեկան 7 մլն դոլարից 300 մլն դոլարի, և բանակցությունները տապալվեցին:

Շատերին է այժմ հետաքրքրում այն հարցը, թե ՌԼԿ-ի շահագործման դադարեցումն ինչպե՞ս կազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը, պատասխանելով հարցին, ասել է, որ «դա Ադրբեջանի խնդիրն է, քանի որ վարձակալությունը չի շարունակվել հենց նրա ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»: «Ադրբեջանը Գաբալայի ՌԼԿ-ն համարում էր Ռուսաստանի վրա ազդելու լծակ և որոշեց օգտվել այդ լծակից: Դա նրա սխալն էր, որովհետև լծակն այլևս չկա»,- ասել է Խրամչիխինը:

Թեմային անդրադարձել է նաև ռուսական «Pravda.ru»-ն.

«Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը ներկա չի գտնվել Աշգաբադում տեղի ունեցած վերջին գագաթաժողովին և բաց է թողել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ անձամբ համաձայնության գալու հնարավորությունը»:

Ադրբեջանը ՌԴ հետ ընդհանուր համաձայնության չի եկել Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության շուրջ: Ակնհայտ է, որ Պուտինը Ալիևի հետ «առևտրի» մեջ է մտել ոչ թե գումարի, այլ ավելի շատ արտաքին քաղաքական շահերի շուրջ:

Ադրբեջանի համար Գաբալայի ՌԼԿ-ը գլխավոր խաղաքարտն էր Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, սակայն ՌԴ-ն ԼՂ հակամարտության հարցում հայանպաստ դիրքորոշում է որդեգրել: 2010թ օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի իշխանության հետ համաձայնագիր է ստորագրել ռուսական ռազմաբազայի տեղակայումը երկարաձգելու մասին:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը հետայսու էլ իրականացնելու է Հայաստանի` Իրանի և Թուրքիայի հետ սահմանի պահպանությունը և ապահովելու է ամբողջ երկրի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է՝ եթե տեղի ունենա ռազմական հակամարտություն, Ռուսաստանը ստիպված է հանդես գալ հօգուտ Հայաստանի»,- գրում է «Pravda.ru»-ն:

Պարբերականը նաև նշում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զուտ պրագմատիկ դաշտ տեղափոխվելու մասին են վկայում նաև այլ փաստեր, օրինակ՝ սեպտեմբերին Մոսկվայում ստեղծվել է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն, որի կազմում են ներգրավվել մի շարք ադրբեջանցի գործարարներ:

Այս քայլը Բաքուն գնահատել է որպես մեկ տարի հետո կայանալիք նախագահական ընտրություններում ադրբեջանական «Իվանիշվիլի» պատրաստելուն միտված քայլ: Մոսկվան նման մեղադրանքներին չի պատասխանում:

Ըստ Regnum.ru, Panorama.am կայքերի

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Տարածաշրջան


21/12/2012