ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆԵՐԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Անցած տասնամյակում կտրուկ ավելացել է մարտի դաշտում զոհված ԱՄՆ-ի կին զինծառայողների քանակը: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո մարտերում զոհվել են 139 կին զինծառայողներ` 2 տոկոսը այն 6740-ից, որոնք մինչև օրս զոհվել են բոլոր մարտական գործողություններում: Ռազմական գործողությունների շրջան ուղարկված յուրաքանչյուր 100 հազար կին զինծառայողին բաժին է ընկնում 49 մահվան դեպք` ի տարբերություն 100 հազար տղամարդ զինծառայողներին բաժին ընկնող 330-ի:
Մարտի դաշտում ամերիկուհիների ծառայելը ոչ նորություն է, ոչ էլ արտառոց մի երևույթ: 2001թ. հետո մոտ 300 հազար կանայք են ծառայել մարտական գործողությունների շրջանում: Այն տարիներին, երբ նրանց քանակն առավելագույնն էր, Իրաքում ծառայում էին 12 հազար կանայք, իսկ Աֆղանստանում այսօր ծառայում են ավելի շատ կանայք: Կին զինծառայողներն օժանդակ դեր են կատարում այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են ուղղաթիռների և թռչող այլ սարքերի թռիչքի ապահովումը, ռազմական ոստիկանության ծառայությունը (ռազմակայանների պահպանումը և շարժակազմերի ուղեկցումը), բեռնատար մեքենաների վարումը (ուղեկցում կրակի տակ): Կանայք մասնակցում են նաև ռազմակայանների անվտանգության ապահովմանը (պահակային ծառայություն), տեղեկույթ հավաքելուն և, ընդհանուր առմամբ, բազմաթիվ առիթներ ունեն` թշնամաբար տրամադրված տեղացիների հետ զինված և կատաղի բախման մեջ մտնելու:
Կին զինծառայողների մահվան դեպքերի մոտ մեկ երրորդը (և համարյա նույնքան էլ տղամարդկանց մահերը) պայմանավորված է ոչ մարտական գործոններով (ճանապարհատրանսպորտային պատահարներ կամ դժբախտ պատահարներ ռազմակայաններում): Կանանց զոհվելու և մահացու վիրավորվելու մնացած դեպքերը տեղի են ունենում մարտադաշտում: Կանայք կազմում են մարտական գործողությունների շրջաններում գտնվող զորքերի 10 և ամբողջ աշխարհում եղած ԱՄՆ զորքերի 16 տոկոսը: Ներկայում իսկական զինվորական (շուրջօրյա) ծառայություն իրականացնող ամերիկյան զորքերի 15 և ռեզերվիստների 18 տոկոսը կանայք են:
ԱՄՆ պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն` արգելվում է կին զինծառայողների անմիջական ներգրավումը մարտական գործողություններում: Թեպետ սա վերաբերում է քաղաքականությանն ընդհանրապես, սակայն պետք է նաև իրագործվի կամ գոնե փորձ արվի այն կենսագործելու: Մինչդեռ բազմաթիվ կանայք, այսպես թե այնպես, հայտնվում են փոխհրաձգության գոտում կամ ճամփեզրին տեղադրված ականի գործողության շրջակայքում:
Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան զորքի 25 տոկոսը այս կամ այն պահին հայտնվել է կրակի տակ, թեպետ զինվորների մոտ 15 տոկոսն է անմիջականորեն մասնակցել մարտական գործողությունների: Իրաքում կանայք կազմել են զինվորական անձնակազմի մոտ 8 տոկոսը, բայց նրանց միայն 2 տոկոսն է զոհվել կամ վիրավորվել: Ուստի ՊՆ վերոնշյալ քաղաքականությունը, որին քաղաքական գործիչներից շատերը դեմ են, բայց որին կին զինվորների մեծ մասը կողմ է, այնուամենայնիվ իրագործվում է:
Իրականում կանայք մարտի դաշտում երբեք էլ շատ չեն լինի, քանի որ մարտական ստորաբաժանումներում կինը չի կարող գործել այնքան արդյունավետ, որքան տղամարդը: Անցյալ դարում կնոջը մարտական գործողության մեջ ընդգրկելու մի քանի լուրջ փորձ է եղել և, բացի պարտիզանական որոշ ջոկատներից, ոչ մի տեղ այդ փորձերն այնքան դրական արդյունք չեն տվել, որպեսզի դրանք շարունակելն իմաստ ունենար: Բայցեւայնպես ապացուցված է, որ կանանց մասնակցությունը խիստ արժեքավոր է մարտի աջակցման ստորաբաժանումների կազմում, որտեղ ֆիզիկական ուժն ու ռազմատենչությունը (երկու որակ, որոնք տղամարդուն դարձնում են ռազմիկ) էական չեն: Սակայն վերջին տասը տարիների ընթացքում ի հայտ եկած միտումը վկայում է, որ ամերիկուհիներն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում մարտի դաշտում: Նշանակում է` նրանցից ավելի շատերն են զոհվելու կամ վիրավորվելու:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (որին շատ քիչ կանայք են մասնակցել) յուրաքանչյուր 100000 կին զինծառայողին բաժին է ընկել 11 մահ (պատերազմին մասնակցած ամերիկուհիների ընդհանուր քանակը 450000 է): Վիետնամում մարտական գործողությունների շրջանում ծառայել են թվով 45 անգամ պակաս` շուրջ 10000 կանայք: Այդուհանդերձ, կանանց շրջանում զոհերի և վիրավորների մասնաբաժինը Երկրորդ համաշխարհային պատերազմում մոտավորապես այնքան էր, ինչքան Վիետնամում:
Զինծառայությունը կապված է վտանգի հետ, նույնիսկ եթե մարտի դաշտում չես: Երկրորդ համաշխարհային պատերազմում զինծառայողների մահվան 25 տոկոսը մարտադաշտից դուրս է եղել: Թե՛ ցամաքում և թե՛ օդում շարժվող մեքենաները, ինչպես և բազմաթիվ այլ սարքավորումներ, ավելի վտանգավոր էին, քան այսօր:
1991թ. Պարսից ծոցի պատերազմին մասնակցեցին 33000 կանայք, և զոհերի մասնաբաժինը մոտավորապես այնքան էր, ինչքան Վիետնամում: Իր հերթին, այս միտումը պահպանվեց Իրաքում, որտեղ զորքի մոտավորապես 10 տոկոսն էր կին, թեպետ նրանց մեջ զոհերի և վիրավորների թիվը կազմում էր տղամարդկանց զոհերի և վիրավորների մեկ տասներորդ մասը: Սա մեծ մասամբ այն պատճառով, որ կանայք մարտական ստորաբաժանումներում չէին և չէին մասնակցում պահակային ծառայությանը այն չափով, ինչ չափով տղամարդիկ: Նախորդ պատերազմների համեմատ, զոհերի և վիրավորների ընդհանուր քանակն Իրաքում զգալիորեն փոքր էր` զորքի ընդամենը 1.7 տոկոսն էր մարտում սպանվել կամ վիրավորվել: Քանի որ զոհերի ու վիրավորների մեծ մասը բաժին էր ընկնում ցամաքային ուժերի և ծովային հետևակի անձնակազմերին, և քանի որ այս երկու զորատեսակներն էին ապահովում ամբողջ անձնակազմի 40 տոկոսը, կորուստների նրանց մասնաբաժինը ավելի բարձր էր` 4.2 տոկոս: Բայցևայնպես՝ 3 անգամ քիչ, քան Վիետնամում (12.5 տոկոս կամ 350000 զոհ ու վիրավոր` ծառայած 2.8 միլիոնից):
Միացյալ Նահանգներում կանայք 40 տարի առաջ սկսեցին զանգվածաբար մտնել զինված ուժեր: Այսօր 22 մլն վետերանների մոտ 8 տոկոսը և Վետերանների վարչության բժշկական համակարգից օգտվողների 6 տոկոսը կանայք են: Ընթացիկ տասնամյակի ավարտին կանայք կկազմեն արդեն վետերանների 10 տոկոսը, իսկ Վետերանների վարչության բուժսպասարկումից օգտվող կանանց մասնաբաժինը կհասնի 9 տոկոսի:
«www.strategypage.com»
Անգլերենից թարգմանեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ