Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Համալսարանը ղեկավարում է ակադեմիական սենատի կողմից ընտրված և դաշնային պաշտպանության նախարարի կողմից 6 տարի ժամկետով հաստատված քաղաքացիական նախագահը:

Նախքան սպայի թեկնածու դառնալը, դիմորդը պետք է անցնի մասնագիտական պիտանելիության ստուգում, ներառյալ բուժզննումը, անհատական զրույցը, թեստավորումը: Հետագա պայման է հանդիսանում առնվազն 12 տարով Բունդեսվերում ծառայելու պայմանագրի կնքումը:

Ուսումնական տարին բաժանվում է երեք եռամսյակների և դասախոսություններից ազատ երեք ամսի: Ավելի քան երկու հազար ուսանողներ պետք է ուսումնառությունն ավարտեն 3 և 1/4 տարուց կամ 10 եռամսյակ հետո: Ընդհանուր առմամբ, ուսումնառության տևողությունը չի գերազանցում չորս տարին:

Ուսուցումն իրականացվում է փոքր խմբերով` դասախոսությունների, սեմինար և գործնական պարապմունքների տեսքով: Լսարանական պարապմունքներից ազատ երեք ամիսների ընթացքում արտադրական ձեռնարկություններում, հասարակական կազմակերպություններում կամ հիմնարկներում անցկացվում է գործնական աշխատանքի կազմակերպում` Բունդեսվերից դուրս:

Ինչպես տեսնում ենք, ուսումնական գործընթացը սեղմ ժամանակահատվածում սովորողներից պահանջում է մեծ ջանքերի կենտրոնացում: Հետևաբար ուսանողը չի դադարում գտնվել պետության հոգածության տակ (պահպանելով զինվորական բավարարումը) և օգտվում է զինծառայողի համար նախատեսված արտոնություններից (բարեկարգ հանրակացարան, անվճար բժշկական սպասարկում): Ուսումնառության ընթացքում ուսանողը համազգեստ չի կրում:

Դրա հետ մեկտեղ՝ սովորողն ինքն է պատասխանատու ուսումնական պլանի շրջանակներում իր ուսման համար, ինքն է ընտրում մասնագիտական առարկաներն ու պարապմունքների ձևերը:

Համբուրգի համալսարանի ուսանողներն օգտվում են այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, որպես ազատ ունկնդիր, դասախոսություններին մասնակցելու իրավունքից:

Որպես ուսանողներ համալսարանական սենատում, ինչպես նաև մասնագիտական խորհրդակցություններում նրանք ունեն իրենց տեղը:

Ուսուցման առարկաների ցանկում ուրույն տեղ ունեն մանկավարժական և սոցիալական առարկաները, որպես գերակա ուղղություններ, որոնք ներքին կառավարման համատեքստում առանձնակի հետաքրքրություն են վայելում:

«Մանկավարժության և հասարակագիտության» ֆակուլտետի բոլոր ուսանողները ուսումնասիրում են հետևյալ առարկաները.

– ընդհանուր մանկավարժություն, մասնագիտական և արտադրական մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, սոցիալ-գիտական մեթոդոլոգիա և վիճակագրություն, կադրային աշխատանք, պատմություն, աստվածաբանություն:

Մանկավարժական ֆակուլտետի դասախոսություններին, որպես կանոն, հաճախում են բոլոր ֆակուլտետների ուսանողները՝ որպես պարտադիր ֆակուլ-տատիվ առարկա ուսումնասիրելով պատմություն, կադրային աշխատանք, խորհրդակցելու հոգեբանություն, սոցիոլոգիա, քաղաքականություն:

1990թ. մանկավարժական ֆակուլտետում ներմուծվեց «մագիստրոս» մասնագիտական աստիճան: Առաջին գլխավոր` «Պատմություն» առարկայից և երկրորդ հիմնական «Սոցիոլոգիա» և «Մանկավարժություն» առարկաներից համապատասխան քննությունները հանձնելուց հետո և մագիստրոսական թեզերը պաշտպանելուց հետո ուսանողին շնորհվում է «Master of Arts M.A» (արվեստների մագիստրոս) աստիճան:

Համալսարանում պատշաճ ուշադրություն է դարձվում գիտահետազոտական աշխատանքներին: Գիտական աշխատանքները հրապարակվում են երեք տարին մեկ անգամ գիտական հետազոտությունների հաշվետվություններում և նույն համալսարանի «Համալսարանական ֆորում» և «Համալսարանական գիտահետազոտական աշխատանք» ամսագրերում: Հրատարակվում է «Մանկավարժական հոդվածներ» գիտական սերիան:

Ֆակուլտետն ու նրա պրոֆեսորադասախոսական կազմը սերտ կապ են պահպանում Կոննեկտիկուտ (ԱՄՆ) նահանգի համալսարանի, Եվրոպական այլ բուհերի մասնագետների հետ:

(շարունակելի)

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Ռազմական


21/12/2012