«ՁՈՆ ՀԱՅԿԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ»
Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը նախաձեռնել էր ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում`«Գրի հավերժությունը» վերտառությամբ, որին նվիրված «Ձոն Հայկի որդիներին» խորագրով «Արեգնածին» ակումբը կազմակերպել էր գրական միջոցառում` Սասունից վերադարձած ուխտագնացների մասնակցությամբ: Վաստակաշատ նկարիչը իր ապրած տարիների իմաստնությամբ խոսք ուղղեց երիտասարդներին.
-Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Վերնատունը» իր ժամանակին ոչ միայն մշակութային օջախ, մտավորականության հավաքատեղի էր, այլև մեր արվեստն ու գրականությունը սերնդեսերունդ արժանապատվորեն փոխանցելու միջոց: Հազարամյակների պատմություն ունի մեր երկիրը և շատ անգամներ է ասպատակությունների ենթարկվել քոչվոր ցեղերի կողմից: Առանց պետականության ենք ապրել ու շարունակվել, սակայն եկեք մի պահ մտածենք. թեև քրիստոնյա ենք, բայց շատ բան է փոխվել մեր մեջ: Չարի ու բարու իմացության հարցում էլ միատարր չենք, թեև մինչ օրս, եթե որևէ վատ արարք է գործում մեզնից մեկը, ասում ենք` դա հայի արած չէր: Բարին է հայեցի նկարագիրը մեր ժողովրդի, որովհետև, կրկնենք, ստեղծագործող ժողովուրդ ենք, արվեստով ենք սովորեցնում մեր երեխաներին և պետք է այդպես շարունակենք:
32 տարեկան էի, երբ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի 1-ին պրեզիդենտ Ալեքսանդր Գերասիմովին աշակերտելուց հետո բախտ ունեցա նաև նրա հետ աշխատել իր անձնական արվեստանոցում: Լենինգրադի նկարիչների միության անդամ էի արդեն, և մեծ հեռանկարներ էին բացվում իմ առջև, երբ մայրս եկավ ու ասաց. քո հայրական տանը մենակ եմ: Մայրս էր կանչում Հայաստան, Սիսիանի շրջան, Սառնաղբյուր գյուղ: Եվ դա բախտ էր, երջանկություն, որ ես վերադարձա հարազատ օրրան: Հիմնեցի նկարչական դպրոց: Մեկ ուսուցիչ ուներ դպրոցը. ես էի: Եվ մեկ սպասարկող անձ` մայրս: Մեր տունն էլ իմ հիմնած դպրոցն է մինչ այժմ: Նրանք` մեր գյուղի երեխաները, նկարիչ թերեւս չդառնան, բայց հայրենի հողի նվիրյալներ՝ պարտավոր են: Այդպես է: Մենք կրթվել ենք արվեստով, սովորել ենք գնահատել և գեղեցիկը չափանիշ ունենալ: Գեղեցիկ է այն ամենը, ինչ բարիք է ծնում:
Այսօր ունենք անկախ պետականություն, որ պիտի աչքի լույսի պես պահպանենք, որպեսզի ստեղծագործենք մեր հողի վրա: Պահպանենք մեր ստեղծածը և կարողանանք ժառանգել մեր սերունդներին: Այն ժամանակ, իրոք, մեր վերադարձը կլինի:
ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆ
Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Բանակ և հասարակություն