ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
Մայոր Հակոբ Գևորգյանը գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Մրգաշատ գյուղում։ Ավարտել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և ընդունվել Ռուսաստանի Դաշնության հրետանային համալսարաններից մեկը։ Երկրորդ կուրսից դիմել է համալսարանի ղեկավարությանը՝ զինվորական կրթությանը զուգահեռ նույն քաղաքի մեկ այլ բուհում սովորելու խնդրանքով։ Հաշվի առնելով կուրսանտի գերազանց առաջադիմությունը՝ համալսարանի ղեկավարությունն ընդառաջել է նրան, և Հակոբն ընդունվել է նույն քաղաքի պետական տեխնոլոգիական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։ Երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նա վերադարձել է հայրենիք և, որպես մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար, ծառայության նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում։ Այնուհետև տեղափոխվել է Դ-20 դիվիզիոնի մարտկոց, որն էլ իր հրամանատարությամբ 2007թ. ճանաչվել է լավագույնը զինված ուժերում։ 2009թ. Հակոբ Գևորգյանը նշանակվել է ՄՄ-21 («Գրադ») դիվիզիոնի մարտկոցի հրամանատար։
Բարեխիղճ ծառայության, առաջադրանքները հստակ կատարելու համար մայոր Հ. Գևորգյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով և «ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հոբելյանական» մեդալով, պատվոգրերով։ Նա ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ։ Ավելացնենք, որ նա պատանի հասակից զբաղվել է սպորտով՝ ձյուդո և քինգ-բոքսինգ և պատանեկան ու երիտասարդական առաջնություններին երեք անգամ դարձել է հանրապետության չեմպիոն, միաժամանակ ութերորդ դասարանից մինչ ուսման համար ՌԴ մեկնելը մարզչական աշխատանք է կատարել պատանի երկրապահների խմբում։
-Խոստովանեմ, սկզբում դպրոցում լավ չէի սովորում, համարվում էի թույլ աշակերտ, բայց աշխատանքը պատանի երկրապահների հետ ինձ վերափոխեց, սիրահարվեցի բանակին ու որոշեցի սպա դառնալ։ Փոխեցի դպրոցս, գնացի «Մխիթար Սեբաստացի», որն ավարտեցի բարձր գնահատականներով, իսկ զինվորական համալսարանում հասկացա, որ սպան պետք է նաև լավ հոգեբան լինի, դրա համար ընդունվեցի հոգեբանության ֆակուլտետ։ Ինձ ժամանակին ուզում էին նշանակել զորամիավորման հոգեբան, որովհետև սիրում եմ զինվորների հետ անմիջական ամենօրյա աշխատանքը և հնարավորության դեպքում կրկին կգնամ սովորելու ԱՀՏԱ գծով,- իր մասին ասում է երիտասարդ սպան։
Դիվիզիոնը հասարակական պետական պատրաստության ամփոփիչ քննություններից ստացել է «լավ» գնահատական», ինչը նաև դիվիզիոնում առողջ բարոյահոգեբանական վիճակի, զինվոր-սպա փոխհարաբերությունների, հասարակական ակտիվների ամենօրյա արդյունավետ աշխատանքի արդյունքն է։
-Ի՞նչն է պատճառը, որ երբեմն կանգնում ենք ինքնախեղումների, ինքնասպանությունների փաստի առաջ, որտե՞ղ է բացթողումը, սպայի, մեծ հաշվով՝ բանակի թերացումը։ Որպես հոգեբան, թեկուզ ձեզ համար վերլուծո՞ւմ եք երևույթները։
-Պատճառները շատ են. սոցիալական, հոգեբանական, կրոնական եւ այլն… Մենք պետք է հաշվի առնենք ժամանակակից աշխարհի իրողությունները։ Ազատ շուկայական հարաբերությունները շերտավորում են հասարակությունը, մարդը հաճախ մեկուսանում է, դառնում ինքնամփոփ։ Դեմոկրատիայի, բաց հասարակության պայմաններում ավելի հեշտ է դառնում մշակույթների, բարքերի, կրոնական այլևայլ ուղղությունների ներհոսքը, արատավոր ազդեցությունները, և եթե այս ամենին էլ ավելացնենք համացանցի ու փողոցային բարքերի առկայությունը, կտեսնենք, թե որքան մեծ է սպայի կատարելիք աշխատանքը։ Սպան պետք է լավ ճանաչի իր ենթականերին, որպեսզի չսպասի, որ ինչ-որ հարցով իրեն դիմեն։ Եթե որևէ զինվոր տանը խնդիր ունի, և սպան է այդ մասին առաջինը խոսում զինվորի հետ, առաջարկում օգնություն կամ արձակուրդ, նա ինչ-որ բան արդեն փոխում է զինվորի մեջ, ինչ-որ բան է կանխարգելում։
-Զինվորն առաջին անգամ մասնակցում է զորավարժության, մարտական կրակի։ Նա անփորձ է, հնարավոր է՝ վախենա, ի՞նչ է պետք անել նրան նախապատրաստելու համար։
-Լավագույն միջոցը դարձյալ խոսքն է, զրույցը, տրամադրության բարձրացման համար մարտական կրակի կամ վարժանքի տեղում նախօրոք մշակված մշակութաժամանցային միջոցառման կազմակերպման միջոցով ստորաբաժանումներին մրցակցության նախապատրաստելը։
-Անձնակազմի հետ աշխատանքում հոգեբանական ուսումնասիրություններ (թեստեր) կատարո՞ւմ եք։
-Ուսումնական փուլի ընթացքում մի քանի անգամ, իհարկե՝ հաշվի առնելով դիվիզիոնում առկա խնդիրները։ Հիմնականում ձգտում եմ պարզել ստորաբաժանումներում տիրող մթնոլորտը, զինծառայողների տրամադրվածությունը խնդիրների կատարման նկատմամբ։ Ընկճվածություն հայտնաբերելու դեպքում դիվիզիոնի հրամանատարին առաջարկում եմ մեծացնել խրախուսանքների քանակը։
-Բանակը մարդուն դարձնում է ավելի հասուն, դիմացկուն, կազմակերպված, ժողովրդի խոսքով՝ այն կյանքի դպրոց է, յուրօրինակ համալսարան։ Մի՞թե երկու տարում հնարավոր է փոխել մարդուն։
-Բերեմ այսպիսի օրինակ։ Այս կամ այն միջադեպի առնչությամբ բանակում չծառայած 17-18 տարեկան տղաները կարող են իրար չհասկանալ, հարցը լուծել բռնությունների միջոցով, իսկ ծառայություն կատարած տղաները սովոր չեն նախ ծանր ու թեթև անել՝ խուսափելով ծայրահեղ քայլերի դիմելուց։ Զինծառայությունը մարդուն դարձնում է ավելի շրջահայաց, մտածող, երևույթները քննող, դրանց հետևանքները գնահատող։ Այս ամենը կոլեկտիվ կյանքով ապրելու, մարդկանց հետ շատ շփվելու, աստիճանակարգը հարգելու, վերից վար հրամանները կատարելու, կյանքի փորձ ձեռք բերելու արդյունք է։ Գարնանը զորացրված մեր զինվորներից երեքը ամռանն ընդունվեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Մինչ բանակը նրանք զինվորական դառնալու ցանկություն չէին ունեցել։ Ծառայությունը փոխել էր նրանց պատկերացումները զինվորականի, բանակի, առհասարակ կյանքի նկատմամբ։ Ժողովուրդը չի սխալվում՝ բանակը, իրոք, տղամարդու համար կյանքի դպրոց է։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Ազգային բանակ