ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՀԱՊԱՐՏԸ
Թեպետեւ «Արծիվ – Մահապարտներ» գումարտակի Արցախյան գոյամարտում կատարած պատմական սխրագործությունից քսան տարի է անցել, միեւնույն է՝ հիշողությանս ծալքերում դեռեւս անջնջելիորեն պահպանվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 1992թ. օգոստոսի 15-ի` 500 մահապարտների հավաքագրման նպատակով համայն հայությանն ուղղված կոչը, որն իր նշանակությամբ պատմական էր, քանի որ բեկումնային եղավ ոչ միայն Արցախի ազգային-ազատագրական պայքարի այդ թերևս ամենածանր ժամանակահատվածի, այլև գոյամարտի բարեհաջող ընթացքի համար։ Վազգեն Սարգսյանը մեկ անգամ արտասանած իր ոգեշունչ կոչով մահապարտների մի ամբողջ գումարտակ կազմավորեց և առաջնորդեց Արցախ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի բնորոշմամբ` ամենանվիրյալ, ամենախիզախ ազատամարտիկներից կազմված, որոնց մեջ էր նաև 54-ամյա Սպարտակ Մաթևոսյանը։
Սպարտակ Մաթևոսյանը այդ հինգ հարյուր քաջերից մեկն է եւ տարիքով ամենաավագը։ Նրա տարիքի զինվորականները վաղուց արդեն թոշակի էին անցել, բայց նա, ինչպես նորակոչիկը, առանց դույզն-ինչ երկմտելու, զենք վերցրեց և գնաց հայրենիքը պաշտպանելու։ Սպարտակ Մաթևոսյան անուն- ազգանունը շատերին գուցե ոչինչ չասի, բայց բավական է, որ ասես ամենատարեց մահապարտը, և լսողությունդ ուղղակի հաճելիորեն կշոյվի վերջինիս հասցեին տեղատարափ հնչող բարի խոսքերից։ Գուցե ինչ-որ տեղ համեստ է ասված՝ բարի խոսքերից, քանզի Սպարտակին լավ ճանաչողներն իրենց գովասանքի շտեմարանից ոչինչ չեն խնայում նրան բնութագրելիս` համարձակ, խիզախ, ազնիվ, արդարամիտ, հայրենասեր ու սրտացավ ընկեր, բարոյական և մարդկային վեհ նկարագրի տեր մարդ…
Այսօր էլ նրա մարտական ընկերները առանձնակի ջերմությամբ են հիշում Սպարտակ Մաթևոսյանի` վճռորոշ մի պահի իր մահապարտ ընկերներին ուղղված խոսքը. «Իմացեք, ուրեմն, պատմությունը կերտում են մարդիկ։ Նրանք արարում են, պատերազմում, պարզապես ապրում, իսկ հետագա սերունդները իմաստավորում են այդ ամենը, որ շարունակեն նախնիների գործը, իրականացնեն անկատար նպատակները»։
Պատմում է ինքը՝ Սպարտակ Մաթևոսյանը.
-Ծնվել եմ Երևանում։ Մեր տունը Զանգվի ափին էր։ Հայրս ռազմաճակատ մեկնելուց մի երկու օր առաջ ապահովության և անվտանգության նկատառումներից ելնելով մեր ընտանիքը տեղափոխեց պապիս մոտ` Գավառ, գյուղ Բատիկյան։ Ի դեպ, հայրս և երեք հորեղբայրներս էլ մասնակցել են Մեծ հայրենականին։ Հայրս, որ եղբայրներից ավագն էր և երրորդ եղբայրը կռվից վերադարձան, իսկ երկրորդն ու ամենափոքրը` Մաթևոսը, որի հետ շատ կապված եմ եղել, զոհվեցին։ Լավ հիշում եմ. փոքր հորեղբայրս մի օր եկավ՝ ձեռքին խաղալիք ավտոմատ ու ասաց.
-Քեզ եմ նվիրում, սովորիր կրակել, որ երբ ֆաշիստները հարձակվեն, չվախենաս, բոլորին ոչնչացնես։ Փոքր հորեղբայրս ռազմաճակատ է մեկնել 1943թ. և զոհվել 1944թ.՝ Գոմելն ազատագրելիս, տասնինը տարեկանում։ Նրա՝ ռազմաճակատից հորս գրած վերջին նամակը մինչ օրս, ինչպես անգին մասունք, աչքի լույսի պես պահում եմ…
Երբ ծանոթացա ակնարկիս հերոսի հետ, նրա կենսագրությանը, ինձ ակամա համակեց աննկարագրելի մի վեհ զգացում, ինչպես ճանաչված լրագրող Վալերի Հարությունյանն է բնորոշել՝ որ նա այսօր մեզ հետ ու մեր կողքին է ապրում՝ հայրենիքի հանդեպ պարտքը երբեք չմարած մարդու անհանգստությամբ, իր աննահանջ ու արդար դիրքորոշմամբ մասնակից լինելով մեր ժողովրդի համար բախտորոշ հարցերի լուծմանը։ Պատերազմական մանկություն, ուսումնառություն ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ակտիվ մասնակցություն Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ կազմակերպված ուսանողական ցույցերին, ձերբակալություններ, մանկավարժական բեղուն գործունեություն, մասնակցություն դարավերջի հայոց գոյամարտին, հասարակական բազում հանձնառություններ. ահա Սպարտակ Մաթևոսյանի կյանքի անցած եւ, իհարկե, անցնելիք ուղու ոչ լրիվ ցանկը։
-Մարդու մեծանալու հետ ժամանակը կարծես թռչում է, կյանքն ավելի արագ է ընթանում։ Կարծես երեկ լիներ՝ Վազգեն Սարգսյանի կոչով հավաքվեցինք «Մայրաքաղաքային» գնդում, մի կերպ Սեյրան Անթանեսյանին համոզեցի, որ ցանկացած փորձություն հաղթահարող եմ, որ համազգեստ ստացանք, սկսեցինք կանոնավոր մարզվել։ Կարծես երեկ լիներ՝ Եռաբլուրում տողանի կանգնած, մոմի լույսի տակ հանդիսավոր երդվեցինք,- հիշում է Սպարտակ Մաթևոսյանը և շարունակում լուռ թերթել իր սեղանին դրված «Մահապարտներ» գիրք- ալբոմը։
ՎԻԿՏՈՐԻԱ ԲԱՏԻԿՅԱՆ
ՊԱՊԻԿԻՍ
Այսօր քո տոնն է,
Իմ բարի պապիկ՝
Ամենատարեց ազատամարտիկ.
Հաղթող ես եղել բոլոր մարտերում,
Հաղթել ես նաև քո ընտանիքում,
Սովորեցրել ես մեզ` քո թոռներին,
Լինել միշտ ազնիվ, շիտակ, անկոտրում,
Անսահման սիրել Հայրենիք ու տուն,
Իսկ երբ ժամանակը գա՝
Քո կողքին կանգնել,
Կռվել ու հաղթել։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Ճակատագրեր