Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՕՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



Դեկտեմբերի 7-ին, պաշտպանության նախարարության աջակցությամբ, մի խումբ ապագա լրագրողների հնարավորություն ընձեռվեց այցելելու հարավային սահմանները պահող զորամասերից մեկը։ Այցելության ամբողջ ընթացքում մեզ ուղեկցում էր զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Թումանյանը, որը մեզ՝ ապագա լրագրողներիս ներկայացրեց զինվորական առօրյային վերաբերող ամեն ինչ` զորանոցներից, ժամանցի և տեղեկատվության սենյակից նորակառույց բուժկետ: «Հայ զինվորը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պաշտպանելու իր հայրենիքը: Պետք է կարողանա դիմանալ ամեն դժվարության։ Ճիշտ է` սկզբից շատ դժվար է տունուտեղից, հարազատներից հեռու լինել, բայց հետո սովորում ենք»,-նշեց շարքային Արթուր Հովակիմյանը:

Մեր աչքից չվրիպեց զորամասի մատուռը, որը կառուցվել էր հրամանատարության և զինվորների ջանքերով: Իսկ նույն զորամասի նախկին զինծառայող Տեր Համբարձում քահանա Դանիելյանը օգնում է զինվորներին ավելի խորացնելու իրենց հոգևոր գիտելիքները։ Այնուհետեւ եղանք նաև զորամասի ուսումնական զինավանում, որտեղ ընթանում էին գործնական պարապմունքներ։

-Հակատանկային մարտկոցի առաջ խնդիր էր դրված խոցելու պայմանական հակառակորդին. սկզբից կատարվում էր նշանափորձում, և որոշակի ճշտումներ կատարելուց հետո մարտկոցը ողջ հաշվարկով կատարում էր խոցման հրաձգություն»,- ներկայացնում է ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Ա. Հունանյանը: Անձնակազմը գերազանց կատարեց առաջադրանքը։

Զորամաս այցելած ապագա ռազմական լրագրողներս հնարավորություն ունեցանք լինելու տանկարշավարանում, որտեղ տանկիստները գործնականում ցուցադրեցին ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած մեքենավարման հմտությունները: Երևանաբնակ ժամկետային զինծառայող Տիգրան Խուրտիկյանը մեծ պատրաստակամությամբ պատասխանում էր մեր բոլոր հարցերին և բացատրում, թե այդ պահին ինչ է անում տանկային անձնակազմը:

Շրջայցը սահմանափակվեց դիրքեր այցելությամբ, որտեղ փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Ս. Տիտանյանը ներկայացրեց սահմանապահ զինվորների ծառայական պայմանները:

«Զինվորների մարտական ոգին բարձր է, իսկ դուք էլ ամեն կերպ պիտի սատարեք մեր տղաներին, հաճախակի այցելեք, գրեք մեր մասին: Դա մեզ ուժ է տալիս»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց փոխգնդապետ Տիտանյանը:

«Պետության սիրտը բանակն է»: Ուրեմն` կարող ենք ասել, որ մեր պետության սիրտն առողջ է:

ՔՐԻՍՏԻՆԵ ԲՈՅԱՋՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
1-ին կուրս
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Բանակ և հասարակություն


21/12/2012