ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՈՒ ԶԱՎԱԿՆ Է
Զրույց ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, մի զրույցի ժամանակ այսպիսի համեմատություն արեցիք. «Բանակը մեր երկրի արու զավակն է»։ Կպարզաբանե՞ք։
-Արու զավակը օջախի ծուխն է, տան հիմնասյունը, ընտանիքի, ծնողների պաշտպանը, խնամողը… Նրանց բարեկեցիկ ու պաշտպանված ապագայի երաշխավորը։ Արու զավակը ծնողի ուժն ու արժանապատվությունն է։ Մեր ժողովուրդը իմաստուն բնազդով զգաց-հասկացավ բանակի կարևորությունը։ Ու բանակաշինությունը այն եզակի գաղափարներից էր, որը չսակարկվեց, որի շուրջ համախմբվեց ամբողջ ազգը։ Բանակաշինության հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են համաժողովրդական կամքով ու նվիրումով։ Ես բնավ չեմ նսեմացնում այն մարդկանց վաստակը, ովքեր իրենց ուսերին տարան պատերազմի բոցերում կանոնավոր բանակ ստեղծելու և զինադադարի տարիներին այդ բանակը կատարելագործելու ու զորացնելու դժվարին լուծը, բայց նրանք ոչնչի չէին հասնի, եթե իրենց թիկունքում չզգային ժողովրդի համահավաք ուժը և աջակցությունը։
-Դուք կարծում եք, որ ամբողջ հայ ժողովո՞ւրդն էր խանդավառված բանակաշինությամբ… և բոլո՞րն էին նպաստում բանակը զորացնելու գործին։ Իսկ նրա՞նք, ում որդիները այսօր արտասահմանում են ու չեն կատարել զինվորական պարտքը։ Իսկ նրա՞նք, ովքեր հաջողել են իրենց որդիներին զանազան մեքենայություններով ազատել բանակից…
-Մեր բանակը իր 20-ամյա կենսագրության ընթացքում որոշակի «ճշգրտումներ» արեց հայ ժողովրդի հավաքական նկարագրի մեջ և դրականորեն փոխեց նրա հոգեբանական պատկերը։ Մեր նորաստեղծ կանոնավոր բանակը կռվեց Արցախյան պատերազմում ու հաղթանակեց։ Ժողովուրդը դարձավ այդ հաղթանակի բաժնեկիցը։ Մեր ժողովրդի Որդին իր հաղթանակով կոտրեց ուժեղ, հաղթող, սարսափազդու թուրքի առասպելը և օգնեց թոթափել վախի ախտանիշն ու զոհի բարդույթը։ Ժողովուրդը հավատաց ինքն իրեն, հաղթելու իր ունակությանը։ Այս իրողությունը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ազգի հավաքական նկարագրի ու հոգեբանության վրա։
Խաղաղ բանակաշինության տարիներին ազգային բանակը, չնայած բոլոր դժվարություններին (պատերազմի հետևանքներ, տնտեսական ճգնաժամ, շրջափակում) կարողացավ ոչ միայն չափվել հարևան երկրի բանակի հետ, այլև նվաճել տարածաշրջանի լավագույն բանակի համբավը, պահպանել պատերազմական նվաճումները, ժողովրդի անվտանգությունը և իր մարտունակությամբ զսպել Ադրբեջանի ռևանշիստական նկրտումները։ Սա հայ հասարակության ամենամեծ հաղթանակն է հետպատերազմյան տարիներին։
-Կարո՞ղ է այդ հաղթանակն իրենը համարել այն ծնողը, որի որդին մահացել է բանակում՝ դարձել է ոչ կանոնադրային հարաբերությունների զոհ…
-Իհարկե, հասարակությունը շատ զգայուն և անհանդուրժող է բանակի թերությունների, հատկապես՝ մահվան ելքով դեպքերի հանդեպ։ Եվ կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են բանակը հասարակությունից անջրպետելու, բանակ-հասարակություն հոգևոր կապը կտրելու համար։ Եվ սա հայ հասարակությանն ուղղված միակ մարտահրավերը չէ։ Երկիրը թուլացնելու դրսի ջանքերը երբեմն հենարան են գտնում երկրի ներսում։ Այս ամենը, անշուշտ, իրենց բացասական ազդեցությունն ունենում եմ հասարակության հոգեբանության վրա, սակայն բանակի գոյությունը, երկիրը պաշտպանելու բանակի առաքելությունը, բանակի գաղափարախոսությունը, նորաստեղծ զինվորական խավը իր կերպարով փոխել և փոխում են հայ հասարակության նկարագիրը, սերմանում հայրենասիրություն, ինքնավստահություն, քաջություն…
-Դուք ծառայե՞լ եք բանակում։ Անձամբ Ձեզ ի՞նչ է տվել ծառայությունը։
-Այո՛, ազգային բանակում եմ ծառայել։ Ես Սպիտակից եմ։ Ուսանողական տարիներին մենակ եմ ապրել մայրաքաղաքում։ Սովոր եմ եղել ինքնուրույն հաղթահարելու դժվարությունները, տոկալու… Սակայն այդ ամենով հանդերձ, բանակը լուրջ փորձություն էր ինձ համար՝ սեփական ուժերը գնահատելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, վճիռներ կայացնելու, տղամարդ դառնալու պատեհություն։ Ոչ մի տեղ դու այնքան մոտ չես հայրենիքիդ, որքան բանակում։ Բանակում հայրենիքը ավելի քան շոշափելի է, առարկայական։ Եվ հայրենիքի պաշտպանությունը բաժակաճառ չէ, այլ գործ՝ վարժանք, դաս, ծանրաբեռնված ռեժիմ, զենք… Բանակն իր լավուվատով, իր դժվարություններով, նույնիսկ իր սխալներով տղամարդ դառնալու ամենակարևոր հանգրվանն է պատանու համար։
-Խիստ կարևոր է, որ կոփվելուց զատ ազգային բանակի զինվորը դառնա բանակի գաղափարախոսության կրողը… Սակայն որքանով է դա հնարավոր, եթե կա անջրպետ քարոզվող արժեքների և իրականության միջև։ Երբ իրականության հերոսները բոլորովին ուրիշ դեմքեր են, երբ կա հակասություն գաղափարի և իրականության միջև հենց բանակի ներսում…
-Շատ կարևոր է, որ մեր շուրջն ինչ-որ բան փոխելուց առաջ փորձենք ինչ-որ բան փոխել մեր մեջ, մեր կենցաղում, մեր ընտանիքում… Ես վարորդ չունեմ, ինքս եմ վարում իմ մեքենան, շրջում եմ առանց թիկնապահի։ Իմ երեխան այցելում է սովորական կրթօջախ՝ Չեխովի անվան դպրոցը (որտեղ, ի դեպ, սովորում է Սեյրան Օհանյանի կրտսեր որդին)։ Իմ ընտանիքը չի տարանջատվում հասարակությունից, պատգամավորական մանդատը ինձ ստիպում է ավելի հանդուրժող, համբերատար ու սիրալիր լինել մարդկանց հետ։ Ես որդի ունեմ։ Նա սովորում և սովորելու է ինձանից։ Երբ աշխատանքից տուն եմ գալիս, 2 տարեկան տղաս հագնում է իմ կոշիկները, կապում է գոտիս ու «պատրաստվում» է գնալ աշխատանքի։ Ես շատ եմ կարևորում ընտանիքի ինստիտուտը, որովհետև հասարակության բարոյալքումը սկսվում է ընտանիքների ձևախեղումից։ Վերջերս ինձ հրավիրեցին մասնակցելու գենդերային հավասարության վերաբերյալ գիտաժողովի։ Ցուցապաստառների վրա մեծ չափսերով, ահռելի կին էր նկարած և նրա կողքին շատ փոքրիկ, մատնաչափ տղամարդ, ու գրված էր՝ դու ուժեղ ես։ Ես գիտաժողովը լքեցի կեսից, երբ հանգամանալից բացատրում էին, որ խելացի, ուժեղ բնավորությամբ կանայք կարող են աշխատել՝ առաջարկելով իրենց ամուսիններին ստանձնել կենցաղային գործերը՝ խոհանոց, լվացք, երեխայի խնամք։
Ընտանիքում որդին դաստիարակվում է հոր օրինակով։ Ես հասկանում եմ, որ սոցիալական խնդիրները կարող են նսեմացնել հոր կերպարը… Մենք պիտի փորձենք փակել սրա ճանապարհը, պայքարել սրա դեմ, ոչ թե գիտաժողով հրավիրել ահռելի կնոջ ոտքերի մոտ նկարելով մի փոքրիկ տղամարդ։ Սա մերը չի։ Մեզ տղամարդկային հասարակություն է պետք, երկիր պահող, ուժեղ, հպարտ… Եղբայրս շատ հաջող բիզնես ուներ արտերկրում, սակայն, երբ եկավ երեխայի դպրոց գնալու ժամանակը, ընտանիքն առավ-վերադարձավ Հայաստան, ասելով, որ արտերկրում անհնար է երեխա դաստիարակել։
-Երեխան նաև միջավայրում է դաստիարակվում։ Թերևս՝ ավելի շատ։
-Միջավայրը մենք ենք, միջավայրի մտածելակերպը գոյանում է անհատների բարոյականությունից ու չափանիշներից։ Ես շատ հաճախ երեխաներիս տանում եմ ծնողներիս ու եղբորս տուն։ Իմ և եղբորս երեխաների համար գնում եմ մեկ խաղալիք (թեև հնարավորություն ունեմ մի քանիսը գնելու), որպեսզի նրանք կարողանան խաղալ այդ մեկ խաղալիքով և սովորել զիջել իրար…
Ես հաճախ եմ շփվում զինվորների հետ։ Ուր էլ գնամ, պիտի ժամանակ գտնեմ ու այցելեմ մոտակա զորամաս կամ դիրքեր, խոսեմ զինվորների հետ։ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Մեր երիտասարդությունը կոտրված չէ։ Սա շատ կարևոր է։ Նա իր ժողովրդի արու զավակն է։ Պարզապես մենք պիտի ճիշտ դաստիարակենք նրան, ուղղորդենք մտածելակերպը ու օգնենք ձևավորելու ճիշտ արժեհամակարգ։ Հայրենիքի ծառայության գաղափարը շատ վերացական է այսօր, այն պիտի դառնա կենցաղային, պրագմատիկ։ Հայրենիքին ծառայել նշանակում է ծառայել իրար։ Նշանակում է զորացնել հայրենիքի ուժը ամփոփող բոլոր գործոնները։
-Դուք ինչպե՞ս եք ծառայում հայրենիքին։
-Ես պարտաճանաչորեն կատարում եմ Ազգային ժողովի պատգամավորի իմ պարտականությունները։ Ես այն պատգամավորներից եմ, որ կոճակ սեղմելուց բացի կարող եմ մասնակցել օրինաստեղծ գործունեությանը։ Ես փորձում եմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես եմ պատկերացնում պատգամավորի վարքը, տեղն ու դիրքը հասարակության մեջ։ Ունեմ օրինավոր ընտանիք՝ համեստ, շրջապատի հանդեպ հարգալից, չափավոր։ Որդի եմ մեծացնում՝ ապագա տղամարդ, փորձում եմ ճիշտ դաստիարակել նրան։ Ի վերջո, ես կարող եմ շատ հաջող գործարար լինել արտերկրում, ապրել շատ ավելի բարեկեցիկ ու անհոգ կյանքով, բայց գերադասում եմ մնալ հայրենիքում։
-Արտերկրում չեք ունենա պատգամավորի համբավը, փառքը, հեղինակությունը։
-Ի՞նչ համբավի, փառքի ու հեղինակության մասին եք խոսում… դուք ինձնից լավ գիտեք, թե որոշ պատգամավորների մեղքով քաղաքական գործչի ինչ կարծրատիպային կերպար է ձևավորվել հասարակության մեջ։ Այնպես որ՝ չխոսենք փառքից ու հեղինակությունից։ Պարզապես, ես հայ մարդ եմ, ու Հայաստանն իմ միակ հայրենիքն է։ Ես պարտավոր եմ ուժերիս ներածին չափով ուսել այն բեռը, որ անձնվիրաբար տանում են բազմաթիվ նվիրյալներ հասարակության տարբեր շերտերից ու միանալ մեր երկիրը խարխլող յուրաքանչյուր գործոնի դիմակայող ուժին։
-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր