ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԸ
Զրույց կենտրոնական զինվորական կոմիսար, գնդապետ ՀՄԱՅԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մաթևոսյան, վերջին շրջանում զորակոչի հետ կապված գլխավոր խնդիրը, ամենաշրջանառվող թեման օրինականությունն է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ տարիներ շարունակ հետևողականորեն փակվել են զորակոչի օրինականությանը խոչընդոտող բոլոր սողանքները, ներդրվել են մարդկային գործոնը, ըստ այդմ՝ կողմնակալության հնարավորությունը նվազեցնող մեխանիզմներ, կատարվել են կադրային փոփոխություններ… Եվ այսօր կարծես թե ականատես ենք որակական նոր հանգրվանի, երբ քաղաքացին (փողը գրպանում) չի կարողանում ապօրինի տարկետում հաջողացնել իր զինակոչիկ որդու համար կամ կատարել որևէ այլ անօրինական գործարք… Ես ինքս ուրախությամբ ու հպարտությամբ եմ լսում, երբ ասում են՝ փողը չեն վերցնում… գործ չեն անում…
-Ես ցանկանում եմ մի փոքր հետ գնալ և ասել, որ զորակոչի շրջանում կատարված օրինազանցությունները միշտ չէ, որ իրականացվել են զինկոմի մասնակցությամբ։ Եվ, թեկուզ հետին թվով, մեղադրանքները զինկոմիսարիատների աշխատակիցների հասցեին վիրավորում են ինձ։ Զորակոչի ընթացքում հիմնական բողոքները վերաբերում էին զինակոչիկների առողջությանը, և «ապօրինի զորակոչ» ասելով՝ մարդիկ առաջին հերթին նկատի ունեին առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչը։ Զինկոմիսարը բժիշկ չէ, զինկոմիսարիատի աշխատակիցները չեն տիրապետում բժշկի մասնագիտությանը, ուստի՝ զինակոչիկի հիվանդ լինել-չլինելը որոշում են բժշկական հանձնաժողովները, և միայն նրանք են պատասխանատու հիվանդ զինակոչիկների զորակոչելու համար։ Ես հիվանդ զինակոչիկին զորակոչելու ոչ մի շահագրգռություն չունեմ, առավել ևս՝ եթե իմ զորակոչած զինվորը ծառայության առաջին երեք ամիսների ընթացքում հիվանդության պատճառով զորացրվի, ես կենթարկվեմ ծառայողական տույժերի։ Պետք է վերանա զինկոմիսարիատների աշխատակիցների հանդեպ անվստահության կարծրատիպը և բացասական վերաբերմունքը։ Պետք է հասկանալ, որ զինկոմիսարիտաները համալրում են այն բանակը, որը պաշտպանում է երկրի և հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգությունը։ Եվ քաղաքացու սրբազան պարտքն է աջակցել զորակոչին ու զինկոմիսարիատի աշխատանքին։
-Պարոն Մաթևոսյան, որո՞նք են այն չափանիշները, որոնք նվազեցնում են սուբյեկտիվ գործոնի առկայությունը զորակոչի ժամանակ։
-Առաջին՝ օրենսդրական դաշտի հստակությունն է։ Երբ ամեն ինչ կանոնակարգված է օրենքներով։ Երբ օրենքները հստակ են, չկան սողանցքներ, ապա դրանք շրջանցելը դառնում է գրեթե անհնար։ Երկրորդը վերահսկողության տարբեր օղակների առկայությունն է։ Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովի տվյալները ստուգվում են հանրապետական բժշկական հանձնաժողովում, և մեկ անգամ ևս կենտրոնական բժշկական հանձնաժողովում փարատվում են բոլոր կասկածները։ Այդ երեք օղակները կախվածություն չունեն միմյանցից։
-Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների աշխատանքի օրինականության չափորոշիչներից է զորահավաքակայանից կրկնակի ստուգումների նպատակով վերադարձված զինակոչիկների քանակը։
-Չեմ կարծում, թե դա օրինականության չափորոշիչ է, քանի որ մեծ մասամբ զորահավաքակայանից հետ վերադարձվածները մի քանի օրից կրկին հայտնվում են հավաքակայանում և համալրում են բանակի շարքերը։ Անցյալ զորակոչի ժամանակ մեր զորակոչիկներից չորսը զորահավաքակայանում լրացուցիչ բուժզննության իրավունք ստացան, նրանցից երկուսը օրեր անց զորակոչվեցին։
-Ինչպե՞ս են ընթանում կցագրման աշխատանքները։ Շա՞տ է արտագաղթածների քանակը։
-Ցավոք, այսօր մենք չենք կարող ապավինել քաղաքացիների բարեխղճությանը և հուսալ, որ նրանք կամովին կդիմեն զինկոմիսարիատ և կանցնեն կցագրում։ Մեր գործը անհամեմատ կհեշտանար, եթե ոստիկանությունը որոներ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ժամանակին չեն ներկայանում և անձնագիր չեն ստանում։ Անձնագիր ունենալը պարտադիր է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար։ Մենք հնարավորություն չունենք տալու լիարժեք պատասխան արտագաղթածների թվաքանակի մասին, որովհետև այդ շարժը մեզ համար անվերահսկելի է այսօր։ Եթե ընտանիքը հեռացել է Հայաստանից, ասենք, 1998 թվականին՝ իր հետ տանելով երկու և երեք տարեկան տղաներին, ապա չի բացառվում, որ մենք չկարողանանք բացահայտել այդ ռեսուրսը։ Պիտի նշեմ, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ վերադառնում են արտերկրից, ներկայանում են զինկոմիսարիատ՝ ցանկանալով կատարել զինվորական պարտքը։ Սակայն արտերկրում բնակվող բոլոր քաղաքացիներին օրենքի դաշտ բերելու ճանապարհներից մեկը այն է, որ 16 տարեկանում անձնագիր ստանալը՝ որպես օրենքով ամրագրված պարտավորություն, լինի պարտադիր բոլորի համար, և օրենքով սահմանված պարտականությունը չկատարելը ենթադրի իրավական պատասխանատվություն, ընդհուպ՝ նրանց նկատմամբ հայտարարվի հետախուզում։
-Պարոն Մաթևոսյան, ինչպե՞ս են ընթանում նախազորակոչային պատրաստության աշխատանքները։ Զինկոմիսարիատը ունի՞ ապագա զինվորին ֆիզիկապես և հոգեբանորեն գալիք զինծառայությանը նախապատրաստելու գործառույթ։
-Անկեղծ ասած, չեմ կարծում, թե իրատեսական է զինկոմիսարիատներին վերապահել մեծ դերակատարում՝ կապված ապագա զինվորների ռազմահայրենասիրական և բարոյահոգեբանական դաստիարակության հետ։ Որովհետև դաստիարակությունը սոցիալական և հոգեբանական արմատներ ունեցող երևույթ է, պահանջում է որոշակի նախապայմաններ, ունի ծավալուն ընդգրկում՝ ընտանիք, դպրոց, միջավայր, հասարակություն, կապված է հասարակության համընդհանուր մտածողության, արժեհամակարգի, բարոյական ըմբռնումների հետ։ Ըստ իս, ռազմագիտություն առարկան կոչված է աշակերտներին ուսուցանել ռազմական գործի տարրական գիտելիքները, ծանոթացնել բանակային կյանքի առանձնահատկություններին, հայկական և համաշխարհային ռազմարվեստին և ռազմական գործի երախտավորներին։ Ռազմագիտություն առարկան ռազմահայրենասիրական դաստիարակության փոքրիկ բաղադրիչ է, որը միանում է ընդհանուր գործին դպրոցական տարիների վերջին փուլում, երբ արդեն որոշակիորեն կազմավորված են աշակերտի հոգեբանական հատկանիշները, վարքի նկարագիրը, բարոյական ըմբռնումները, աշխարհընկալումը… Այդ իսկ պատճառով ռազմական ոգին և հայրենասիրական մղումները պետք է լինեն կրթադաստիարակչական համակարգի հիմքում և կազմեն ազգային գաղափարախոսության առանցքը։ Մենք կատարում ենք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք միտված են դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Սակայն, անձամբ ես, մեծ սպասելիքներ չունեմ տոնից տոն հնչող կոչերից ու ներբողներից, հայրենիքի գաղափարը պիտի պլակատից վերածվի կենցաղային մտածության, առօրյա վարքի ու դառնա գաղափարական հենք ու բարոյական արժեհամակարգի հիմք։
-Փոխվո՞ւմ է սերունդը… Դուք ամեն տարի հնարավորություն եք ունենում շփվելու նոր հերթափոխի հետ։ Ո՞ւր են տանում միտումները։
-Անկեղծ ասած, մեծ փոփոխություններ չեմ նկատում։ Կուզենայի, որ բարձրացող սերունդն իր բարոյական նկարագրով ու մտավոր ունակություններով այդքան բևեռացված չլիներ։ Դպրոցը ունի պետպատվեր դաստիարակության ասպարեզում։ Այսինքն՝ պետությունը դպրոցի առաջ խնդիր է դրել ստանձնել ապագա քաղաքացու դաստիարակությունը և սահմանել է այն արժեքներն ու գաղափարները, որոնց կրողը պետք է դառնա շրջանավարտը։ Այսպիսով՝ պետպատվերը ենթադրում է բարձրացող սերնդի ընդհանուր նկարագիր, ընդհանուր գաղափարախոսություն և արժեհամակարգ, ինչը չկա այսօր։
Ես ցանկանում եմ խոսել նաև բարձրացող սերնդի ֆիզիկական պատրաստականության մասին, ինչը էապես շաղկապված է նրա հոգեբանական որակներին։ Ես չեմ ուզում խնդիրը աղերսել նաև զինակոչիկների առողջական տվյալներին, թեև ֆիզիկապես ամուր, կոփված մարդն ունենում է իմունային ուժեղ համակարգ և առողջ է լինում։ Խնդիրն ուզում եմ դիտարկել ավելի շատ կամային-հոգեբանական տեսանկյունից։ Դպրոցում դասավանդվում է ֆիզիկական կուլտուրա առարկան, որը կարող է ունենալ ռազմամարզական ուղղվածություն և ապագա զինվորին կոփելու նպատակ հետապնդել։ Ֆիզիկական ամրությունը ուղղակիորեն ձևավորում է ամուր հոգի, ինքնավստահություն, կամային հատկանիշներ, դժվարությունները հաղթահարելու պատրաստականություն… Ես կարծում եմ՝ ֆիզիկական կուլտուրա առարկայի նպատակային դասավանդումը կարող է էականորեն փոխել զինակոչիկների տրամադրվածությունը զինծառայության հանդեպ։ Ի դեպ, այդ առարկան դասավանդում են վաղ դպրոցական տարիքից։ Մեզ ուժեղ սերունդ է պետք։ Ուժեղ՝ ֆիզիկապես։ Ուժեղ՝ գաղափարական համոզվածությամբ։ Ուժեղ՝ հոգեբանական տվյալներով։
-Ի՞նչ համարում ունի զինկոմիսարիատի աշխատակիցը հասարակության մեջ։ Ի վերջո, նա առաջին զինվորականն է, որի հետ շփվում է ապագա զինվորը։
-Ես կարող եմ խոսել մեր զինկոմիսարիատի անձնակազմի մասին։ Բոլորը հրահանգված են լինել առավելագույնս համբերատար և՛ զինակոչիկների, և՛ նրանց ծնողների հանդեպ։ Լինել բարեկիրթ, ունենալ խնամված տեսք։ Որպես հարցի պատասխան՝ պիտի խոսել զինվորական համազգեստի իմիջի մասին ընդհանուր առմամբ։ Հաճախ կամայականորեն ու միտումնավոր, երբեմն՝ իրավամբ, մեր համազգեստը զիջեց Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած, հող ազատագրած, հարազատ ժողովրդին բանակ նվիրած ու երկրի սահմանները անառիկ պահած հերոսի նկարագիրը։ Սա նման էր ինքն իրեն կողոպտելուն. զինվորական համազգեստը մեր ժողովրդի նվիրական երազանքների ու լավագույն հատկանիշների խորհրդանիշն է։ Նրա քաջության, պատվախնդրության, հաղթանակի խորհրդանիշը։ Յուրաքանչյուր զինվորական պիտի երկյուղածությամբ կրեր այդ համազգեստը ու զգար պատասխանատվության ահռելի բեռն իր ուսերին։
-Մեր զրույցը ավելի շատ խոհափիլիսոփայական ստացվեց։ Այդուամենայնիվ, շոշափեցինք մեզ հուզող հարցերը։ Մի վերջին մաղթանք ձեր զինակոչիկին, նրան, ով պիտի զինվորի համազգեստ կրի։
-Վերջերս մի հրաշալի մաղթանք լսեցի… Թող բանակ գնացող զինվորների թիվը երբեք չգերազանցի վերադարձողների թվին։ Եվ թող յուրաքանչյուր զինվոր զինվորական համազգեստ կրելիս մտովի հիշի այդ համազգեստի անցած ճանապարհը ու հասկանա, որ ինքը երկու տարի կերտելու է Ազգային բանակի 20-ամյա կենսագրության շարունակությունը։
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր