ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես Գերմանիայի մյուս քաղաքների, այնպես էլ Համբուրգի համալսարանի սիրտն է համարվում գրադարանը:
Գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 350 հազ. մոնոգրաֆիկ գրականություն` մոտ 50 հազ. դասագիրք, շուրջ 4 հազ. բաժանորդագրական հրապարակումներ, շուրջ 200 հազ. ամսագիր, 550 քարտեզներ, 250 աուդիոտեսամիջոցներ, 320 հազ. միկրոժապավեններ, 160 հազ. նորմացույցների և ստանդարտների լրակազմեր, շուրջ 2 հազ. զինվորական կանոնագրքեր: Որպես տեխնիկական հագեցում օգտագործվում են մոնիտորները (անհատական համակարգիչները, ԷՀՄ-ի տպագրական միջոցները, դիսկատարները, միկրոֆիլմապատճենների տարագրման սարքերը, միկրոժապավենների մոնիտորները, աուդիոտեսասարքերը, պատճենահանման մեքենաները:
Կենտրոնական գիտական հաստատություն է համարվում համալսարանի դիդակտիկ կենտրոնը: Կենտրոնը գլխավորապես հետազոտում է ռազմամանկավարժական գործընթացում ընդգրկված սովորողների պրոֆպիտանելիության ընտրության, ուսանողների ուսուցման ու դաստիարակության հարցերը, ինչպես նաև նրանց վերաբերմունքը մանկավարժության, հասարակագիտության և այլ առարկաների նկատմամբ:
Հետազոտությամբ հաստատվել է, որ շրջանավարտների 75%-ը` 12 տարվա պայմանագրային ծառայության անցնելուց հետո, ներքին կառավարման միտվածության համապատասխան, տվյալ մասնագիտությամբ աշխատում է քաղաքացիական ոլորտում, և մեկ քառորդն է միայն ընտրում կադրային սպայի մասնագիտությունը: Նաև ուսումնասիրվել է ակադեմիական ուսման կարևորությունը գլխավոր շտաբի ծառայության ավագ սպաների պատրաստության տեսանկյունից: Դիդակտիկ կենտրոնից ստացված գիտական արդյունքները հրապարակվում են ռազմամանկավարժական մամուլում:
Զուտ քաղաքացիական կրթությունը ներքին կառավարման ոլորտում հնարավորություն է ընձեռում թեկնածու սպաներին հաջողությամբ ինտեգրվել հասարակության մեջ, ստանալ բարձրագույն կրթություն, որը համարժեք է Գերմանիայի մասնագիտական այլ բուհերի կրթամակարդակին, բարձրացնել համազգեստ կրող քաղաքացու ընդհանուր վարկը:
Գիտահետազոտական
հիմնարկների դերը ներքին
կառավարման համակարգի
զարգացման գործում
Ներքին կառավարման գիտական հեռանկարները ներկայացված են գիտահետազոտական երկու հիմնարկների` Բունդեսվերի (MGFA) ռազմապատմական ծառայության և Բունդեսվերի (SOWI) հասարակական գիտությունների ինստիտուտի աշխատանքներով:
Բունդեսվերի ռազմապատմական
ծառայությունը
Ներքին կառավարումը ի սկզբանե կապված է Բունդեսվերի ռազմապատմական ծառայության հետ: Այսօր նման համալիր հարցերով, ներառյալ զինծառայողների դաստիարակությունը նոր ավանդույթներով, զբաղվում է ռազմապատմական հետազոտությունների կենտրոնը: 1957թ. հունվարի 1-ին բացված (իսկ 1994թ. Պոտսդամում տեղակայված) ռազմապատմական հետազոտությունների կենտրոնը բաղկացած է 2 հետազոտական և մեկ հրատարակչական բաժիններից:
Կենտրոնում աշխատում է 114 մարդ, ընդ որում` 45 գիտական աշխատողներ, որոնցից շատերը ունեն կապիտանից մինչև գնդապետի զինվորական կոչումներ:
Ներկայումս ռազմապատմական ծառայությունը շարունակում է 1979թ. սկսած «Գերմանական ռեյխն ու Երկրորդ համաշխարհային պատերազմը» տասը հատորյակի, ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի և ՆԱՏՕ-ի պատմության հրատարակչական նախագծերի բազմահատորյակների աշխատանքը` Վարշավյան պայմանագրի պատմության համատեքստում:
Ներքին կառավարման առումով կենտրոնն անցկացնում է.
– պատմության վկաների (ականատեսների) մասնակցությամբ հավաքներ (նորագույն ռազմական պատմության հիմնական իրադարձություններին նվիրված կոնֆերանսներ), զինծառայողների բոլոր խմբերի հետ տարվող բացատրական աշխատանք` քաղաքական պատրաստության, զինվորական ավանդույթներին առնչվող ուսումնական ձեռնարկների պատրաստության, զինծառայողների համար ռազմի պատմության վերաբերյալ սեմինարներ և ուսումնական դասընթացներ, Բունդեսվերի և հասարակայնության համար շարժական ցուցահանդեսների աշխատանք գիտության, բիզնեսի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մասնավոր անձանց կողմից արված Գերմանիայի և այլ երկրների պատմությանն առնչվող հարցումների պատասխանների պատրաստում, գիտատեսական և դիցաբանական ժողովածուների հրատարակում:
Կենտրոնը շատ բան է անում նոր ավանդույթներ ստեղծելու ուղղությամբ: Բունդեսվերում դրանց թվին են դասվում «Զորամասի օր», «Երդման արարողություն» հանդիսությունները, տեխնիկայի ու սապառազինության նոր նմուշների շարք մտնելու վերաբերյալ միջոցառումները, լավագույն զինվորականներին համընդհանուր մեծարման արժանացնելը, հումանիտար ակցիաներ արտասահմանում և այլն:
Բունդեսվերի հասարակական
գիտությունների ինստիտուտը
Ներքին կառավարման համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում Բունդեսվերի հասարակական գիտությունների ինստիտուտը: Ստեղծվելով 1974թ. պաշտպանության նախարարի ցուցումով՝ ինստիտուտը ձեռնամուխ եղավ ներքին կառավարման համալիր խնդրի լուծմանը` կազմակերպում, տեղեկատվություն և հաղորդակցություն, բանակ և հասարակություն, զինծառայողների պատրաստության տեսություն և պրակտիկա, էմպիրիկ սոցիալական հետազոտություն, տվյալների քանակական գործողություններ և էլեկտրոնային մշակում թեմաներով:
«Մասնագետների պատրաստության տեսությունն ու պրակտիկան» նախագծի շրջանակներում ինստիտուտը ևս հետազոտել է զինված ուժերի կրթական համակարգը: Ներքին կառավարման հիմնախնդիրների ուղղությամբ էական ներդրում է կատարվել այնպիսի բազմազգ կազմավորումներում, ինչպիսիք են, օրինակ, գերմանա-ֆրանսիական բրիգադը եւ գերմանա-հոլանդական կորպուսը:
Հրապարակվել են բազմաթիվ աշխատանքներ` ժամկետային զինվորական ծառայության, զինծառայողի նոր կերպարի, խաղաղապահ առաքելություններում բանակային ստորաբաժանումների խնդիրների մասին բանավեճերի արդյունքների վերաբերյալ: Շարունակվում է արագ արձագանքման ուժերի օգտագործմանն առնչվող հարցերի գիտական ուղեկցումը:
XXI դարում ինստիտուտի հետազոտությունների հեռանկարային ուղղություններից են նշանակված բազմազգությունը /multinatiomalitet/` գերմանա-դանիա-լեհական կորպուսը, զինված ուժերում ազգային փոքրամասնությունները, կանայք բանակում, զինված ուժերի իմիջը, միասնական զինված ուժերը, թմրամոլության պրոֆիլակտիկան, քաղաքացիազինվորական հարաբերությունները:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ