Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



Նվիրվում է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ (Ջամբազի արծիվ) հիշատակին

1992 թ. հունիսի 13-ն էր՝ Արցախյան Ազատամարտի արդեն իսկ քառամյա պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Լրատվության զանգվածային միջոցները ի լուր մարդկության, պարբերաբար ազդարարում էին ադրբեջանցիների բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման չարագուշակ, անհավատալի լուրը, քանի որ հենց այդ օրերին ժողովուրդը սրտատրոփ եւ անհամբերությամբ սպասում էր Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրումն ավետող լուրերի: Բայց կատարվեց ճիշտ հակառակը: Գրեթե անհնարին էր հավատալ, որ թուրքերը, թեեւ ունենալով թվական եւ զինական գերազանցություն, կկարողանային գրավել Շահումյանի շրջանը: Չէ՞ որ իր հայդուկներով այնտեղ էին հայդուկապետ Շահենը, իսկ Բուզլուխի ուղղության պաշտպանական հենակետերում՝ իր քաջակորով ընկերներով շրջանի ողջ բնակչության եւ ինքնապաշտպանական ուժերի կողմից անառարկելի հարգանք եւ հեղինակություն վայելող Կարոտը: Բոլոր նրանք, ովքեր շփվել էին, գիտեին նրան ու նրա ղեկավարած ջոկատների մարտական ուղին, երբեք չէին կարող հավատալ, որ Կարոտը կարող էր տեղի տալ, առավել եւս՝ պարտվել եւ թշնամուն հանձնել իր հայրենիքի գեթ մի փոքրիկ հողակտորը: Ինչպե՞ս պատահեց, որ Կարոտը հանկարծ հանձնեց իր հրամանատարության ներքո գտնվող դիրքերը: Ահա այս հիմնական հարցն է, որ մտահոգում եւ հետաքրքրում էր շատերին: Իսկ այդ ժամանակ դեռեւս ոչ ոք չէր կարող իմանալ Շահումյանում ընթացող դեպքերի, մարտական գործողությունների իրական վիճակի, հակառակորդի եւ մեր ազատամարտիկների ուժերի ստույգ հարաբերակցության մասին:
♦♦♦
Շահումյանը գրավված էր, իսկ ժողովրդի մեջ դարձյալ տիրապետողը նույն հարցն էր, մի՞թե Կարոտն ու նրա զինակիցները, առանց մարտնչելու եւ առանց թշնամու մի քանի տասնյակ զինվորի դիակ փռելու, կարող էին հանձնել շրջանի տարածքները, չէ՞ որ նրանք մեկնել էին ԼՂՀ նաեւ իրենց իսկ ջանքերով ազատագրված, նորանկախ հանրապետության անձեռնմխելիությունը մինչեւ վերջին փամփուշտն ու, «եթե հարկ լինի նաեւ իրենց կյանքի գնով…», պաշտպանելու անբեկանելի երդմամբ: Միթե ավելի ծանր չէր 1991թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» առաջին գործողության ժամանակ, երբ խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ականների զորաջոկատները մեծաքանակ զրահատեխնիկայի ու մարտական ուղղաթիռների աջակցությամբ շրջափակել էին Շահումյանի շրջանի գյուղերը, Գետաշենն ու Մարտունաշենը:
Թեպետ հակառակորդի բազմիցս գերակշռող ուժերի հարձակման հետեւանքով նրանք հարկադրված թողել էին Գետաշենն ու Մարտունաշենը, բայց այդ գյուղերի ազատագրումը նրանց ամենանվիրական ձգտումներից մեկն էր: Այդ մասին նրանք արտահայտվում էին գրեթե մշտապես, հատկապես Շահեն Մեղրյանին հանդիպելիս: Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրումը, որը չափազանց կարեւոր նշանակություն ուներ ԼՂ Հանրապետության, իսկ այդ օրերին հատկապես Շահումյանի շրջանի պաշտպանությունն ամրապնդելու համար, մեծապես մտահոգում էր նաեւ Շահեն Մեղրյանին: Մի անգամ տեղի տալով ընկերների այն հարցասիրությանը, թե ղարաբաղյան ուժերը ե՞րբ են ազատագրելու Գետաշենն ու Մարտունաշենը, նա ամենայն լրջությամբ պատասխանեց. «Տվեք ինձ Կարոտի եւ Պետոյի գլխավորած ջոկատը ու նրանց նման մարտական բարձր պատրաստվածություն ունեցող եւս մեկ ջոկատ, եւ մենք անպայմանորեն կազատագրենք Գետաշենն ու Մարտունաշենը»:
Կարոտի գլխավորած ջոկատը Շահումյանի շրջանի մարտական ուժերի շարքերը համալրելու Շահեն Մեղրյանի՝ բազմիցս արտահայտած բուռն ցանկությունը պատահական լինել չէր կարող, այն խորապես կշռադատված էր: Հայդուկապետին քաջ հայտնի էր ջոկատի մարտական անբասիր ուղին: Մինչ այդ նրա գլխավորած ջոկատը իրեն հրաշալիորեն էր դրսեւորել Նոյեմբերյանի ու Շահումյանի շրջաններում, ապա նաեւ Ումուդլուի, Փարուխի, Մալիբեյլիի, Մարտունաշենի մարտերում: Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիկգյոզյանի(Դեդ) գլխավորած «Արաբո» ջոկատի համագործակցությամբ 1991 թ. ապրիլի 30-ին Մարտունաշենում խորհրդային բանակի զինվորների եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ նրա առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը: Մարտունաշենի կռվում չերկնչելով թշնամու գերազանցող ուժերից` Կարոտի զորաջոկատի եւ Սիմոն Աչիկգյոզյանի «Արաբո» ջոկատի ազատամարտիկների համազարկերից Մարտունաշենի փողոցներում իրենց մահկանացուն էին կնքել տասնյակ հակառակորդներ:
«Մարտունաշենցիները պատմում էին, – վերհիշում է գյուղացիների խնամքին հանձնված Մուկուչը, – որ աֆղանական պատերազմի մասնակից ռուս սպաները գովասանքով արտահայտվելով մեր ազատամարտիկների դրսեւորած մարտական որակների ու վճռականության մասին՝ շեշտել են, որ եթե իրենք այն օրերին Աֆղանստանում ունենային նման մարտունակությամբ օժտված բանակ, ապա կարող էին շատ արագ հասնել իրենց նպատակին»:
Եկել էր ժամանակը ազատագրելու Գետաշենն ու Մարտունաշենը եւ իհարկե՝ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Շուշին:
ԼՂՀ բանակի մարտիկները մաքրելով Արցախի միջնաբերդի` Շուշիի մերձակայքում գտնվող թշնամական հենակետերն ու ազատագրելով Խոջալու ավանը, ինչպես նաեւ հանրապետության միակ օդանավակայանը՝ վերականգնում են Արցախ – Հայաստան չվերթները: Բայց գլխավորը Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն էր:
Կարելի է աներկբա պնդել, որ հզոր բերդաքաղաքի` Շուշիի ազատագրման գործողությանը մասնակցելու ցանկությումբ համակված էին արցախյան մարտերին մասնակցած բոլոր մարտական խմբերը: Նույն տրամադրությամբ էին համակված նաեւ Կարոտի գլխավորած Նաիրիի շրջանի Պռոշյան ավանի, ինչպես նաեւ Բուժականի, Քանաքեռավանի, Նոր Երզնկայի մարտական խմբերի անդամները, որոնք մասնակցել էին մի շարք մարտական գործողությունների եւ իրավամբ արժանի հարգանք ու ճանաչում ունեին արցախահայության շրջանում եւ ԼՂՀ բանակում:
Բայց, ցավոք, իրադրությունն ընթացավ այլ ուղղվածությամբ ու նրանց բախտ չվիճակվեց իրականացնելու օրեր շարունակ իրենց հոգում փայփայած՝ Շուշիի ազատագրմանը մասնակցելու երազանքը:
Ընդառաջելով Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության եւ անձամբ Շահեն Մեղրյանի համառ պահանջներին՝ Պռոշյանի ջոկատը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից ստանում է քսանինը միավոր զենք (ինքնաձիգներ, գնդացիրներ ու նռնականետ) եւ Շուշիի գրոհից մի քանի օր առաջ ուղղաթիռով մեկնում է Շահումյան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:
Այդ օրերին Կարոտը, հոգում խեղդելով Շուշիի ազատագրմանը մասնակցելու ցանկությանը, անկեղծ հավատով կրկնում էր. «Տարբերություն չկա, թող մեր ընկերներն ազատագրեն Շուշին, իսկ մենք` Գետաշենն ու Մարտունաշենը»: Եվ ավելի անհողդողդ էր դառնում. «Մինչեւ Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա…»:
Կարոտը Շահումյան է մեկնում համեմատաբար փոքրաթիվ խմբով: Առաջին օրերին նրա հետ էին միայն իր համագյուղացի ազատամարտիկները` Պետոն, Հրաչն ու Վարդգեսը, ապա մի փոքր անց նրանց է միանում նաեւ գնդացրորդ Մուշեղը: Բոլոր այն շահումյանցիները, ովքեր ճանաչում էին նրանց, խիստ ուրախ էին ու ոգեւորված նրանց վերստին իրենց շարքերում տեսնելու իրողությունից: Միմյանց հանդիպելիս, որպես բարի ավետիս, գոհունակությամբ հաղորդում էին. «Կարոտն ու Պետոն են եկել…»:
Երկարատեւ ընդմիջումից հետո նրանք դարձյալ Շահումյանում էին. ամենուրեք ծանոթ ու հարազատ դեմքեր: Նկատվում էր, որ այդ ամիսների ընթացքում շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման ուղղությամբ հսկայական աշխատանքներ էին կատարվել: Բոլոր գյուղերում, առանց բացառության, գործում էին մարտական ջոկատներ: Ժողովրդի ոգին, հայրենի հողը պաշտպանելու ձգտումն ու տրամադրությունը բավական բարձր էին: Պիտի անվերապահորեն ընդունել, որ ԼՂՀ□ում Շահումյանի շրջանն իր մարտական որակներով ու կազմակերպվածությամբ միշտ էլ լավագույններից էր:
Բնակչության անվտանգությունն ապահովելու եւ թշնամու հարձակման հնարավոր ուղղությունները պաշտպանելու նպատակով տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, հաշվի առնելով շրջանի աշխարհագրական դիրքն ու տեղանքի առանձնահատկությունները, մարտական խմբերը կենտրոնացնում է հիմնականում արեւելյան՝ Ղարաչինար, հարավային՝ Հայ Բարիս եւ արեւմտյան՝ Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ ուղղություններում: Ի տարբերություն արեւելյանի, որն առավելապես հարթավայրային էր եւ թույլ պաշտպանված, մյուս ուղղությունները, հատկապես Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ հատվածը, պատված են լեռներով, անտառներով ու բնականորեն լավ պաշտպանված: Հենց այդ ուղղությամբ ձգվող լեռների ամենաբարձր՝ Ջամբազի լեռնագագաթի 29□րդ հենակետում պաշտպանական դիրքեր են գրավում պռոշյանցի մարտիկները, որոնց մի քանի օր անց միանում է Նոր Երզնկայի մարտախումբը՝ Սարո Փամբուխչյանի գլխավորությամբ, իսկ Շուշիի եւ Լաչինի գործողություններից հետո՝ նաեւ բուժականցիներ Մուրադը, Պավլիկը, Ազատն ու Ֆելիքսը եւ բաղրամյանցի Մանվելը: Նույն օրերին նաիրցիների հարեւանությամբ Ջամբազի 25□րդ հենակետում է հաստատվում Սասուն Սիմոնյանի գլխավորած ալավերդցիների խումբը: Վերոհիշյալ խմբերն ու պռոշյանցիների ջոկատը գործելու էին Կարոտի ընդհանուր հրամանատարությամբ:
Մարտական խմբերի առաջադրանքն ու ձգտումը մեկն էր՝ պաշտպանել Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային դարպասները եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ազատագրել թշնամու կողմից բռնազավթված տարածքները, մասնավորապես՝ Գետաշենն ու Մարտունաշենը:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ Ճակատագրեր, Նորություններ


24/02/2011