Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆԿՈՒՆ ԱՇԽԱՐՀ՝ ԱՐՑԱԽ



Պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցում է տարբեր հասարակական կազմակերպություններին եւ միություններին՝ իրականացնելու իրենց ազգաշահ եւ հայրենաշեն մեծ ու փոքր ծրագրերը, ձեռնարկները, միջոցառումները, իսկ պաշտպանության նախարարության եւ Հայ օգնության միության Դավթաշենի մասնաճյուղի համագործակցությունն արդեն ավանդական է։ Մասնաճյուղը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը, մասնաճյուղի ղեկավարը ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինն է՝ Սուսաննա Թովմասյանը։ Ուստի պատահական չէ, որ ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ծրագրերում կարեւոր տեղ են զբաղեցնում ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները՝ ազատամարտիկների մեծարման երեկոները. տոնական հանդիսությունները, հիշատակի երեկոները, ուխտագնացությունները, այցելությունները զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատամարտիկների զինվոր զավակներին եւ այլն։ Վերջին տարիներին պարբերական են դարձել նաեւ այցելություններն Արցախ։

«ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ծրագրերում մեծ ընդգրկում ունեն երիտասարդների մասնակցությամբ միջոցառումները,- պատմում է Սուսաննա Թովմասյանը։ -Երիտասարդները կյանքի շարժիչ ուժն են, նրանք են երաշխավորում վաղվա Հայաստանի ուժը, բարոյականությունը, պաշտպանվածությունը։ Արժանապատիվ, հայրենասեր, խիզախ երիտասարդություն ունեցող ժողովուրդը կարող է վստահաբար նայել առաջ։ Այդ իսկ պատճառով մենք ջանում ենք մեր ծրագրերը գայթակղիչ դարձնել հատկապես բարձրացող սերնդի համար եւ ներգրավել նրանց կազմակերպվող միջոցառումներում»։

ՀՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղն ունի տասնյակ երիտասարդ համակիրներ, որոնք իրականացվող ռազմահայրենասիրական ծրագրերի ակտիվ մասնակիցներն են։ Նրանք հատկապես սիրով են մասնակցում ազատագրված տարածքներ կատարվող այցելություններին։ «Մենք առաջին հերթին ցանկանում ենք ոգեւորել Արցախի բնակչությանը, ասել, որ մենք իրենց կողքին ենք, որ Արցախը բոլորիս հայրենիքն է, եւ Արցախի հողը թանկ է բոլորիս համար։ Մենք արցախցի երեխաներին սովորեցնում ենք ազգագրական երգեր, պարեր, հանդես ենք գալիս համերգային ծրագրերով»,- ասում է Սուսաննա Թովմասյանը։

Վերջին այցելության ժամանակ հայաստանցի երիտասարդները ելույթ ունեցան Բերձորի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում, Շուշիի եկեղեցում, Շահումյանի «Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում», Գանձասարի եկեղեցական համալիրի եւ Դադիվանքի բակում։ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ հնարավոր եղավ ռազմահայրենասիրական ուղղվածության գրականություն հանձնել թիվ 2 գիշերօթիկ հաստատությանը եւ Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջն. դպրոցին։

Բերձորի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում հայտարարվեց մրցույթ «Հայաստանի Հանրապետության անկախությունը» թեմայով։ Աշակերտների ոգեղեն տողերը, հավատը ապագայի հանդեպ, ուժեղ ու պաշտպանված հայրենիք կառուցելու պատրաստակամությունը մեկ անգամ եւս փաստեց, որ Արցախն աննկուն է, որ անկախության սերունդը հպարտ է ու անընկրկելի է, որ Արցախի անկախությունն անշրջելի է, քանի որ երիտասարդ սերունդը ժառանգել է հող ազատագրած քաջերի հայրենասիրությունն ու հերոսությունը։

Մենք հյուրընկալվեցինք նաեւ փոխգնդապետ Գեւորգ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Մեր երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանակային կենցաղին, շփվելու զինվորների հետ։ Մենք ճաշեցինք զինվորական ճաշարանում, քնեցինք զինվորական մահճակալներին, զինվորները մեզ կրակել սովորեցրին։ Այնքան հրաշալի ու անմոռաց էին զորամասում անցկացրած ժամերը։ Զինվորները շատ էին ոգեւորվել եւ ջանք չէին խնայում ցուցադրելու իրենց բազկի ուժը, իրենց արհեստավարժությունը եւ հավատացնելու, որ պատրաստ են պաշտպանելու երկիրը բոլոր ոտնձգություններից ու դիմակայելու բոլոր մարտահրավերներին։ Մենք երգեցինք ու պարեցինք զինվորների համար, լցվեցինք նրանց ուժով, կամքով, լավատեսությամբ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ, հետաքրքիր ու ոգեւորող էր, որ մեզ միացան նաեւ սպաների ընտանիքների անդամները։ Մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ զորամասը մի ուրույն աշխարհ է, որտեղ ամբարված է երկրի ուժը, հավատը եւ լույսը։

Տիկին Թովմասյանը երախտագիտությամբ նշեց, որ մշակույթի, գիտության եւ կրթության նախարարությունների, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինության, «Թաթուլ» ազգագրական համույթի ղեկավար Կարեն Մարտիրոսյանի, Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանի աջակցությունը հնարավորություն տվեց կյանքի կոչել մի շարք ազգային եւ մշակութային ծրագրեր։ Հայաստանցի երիտասարդները բարյացակամություն ու սիրահոժար աջակցության արժանացան նաեւ Արցախում. եւ՛ Շուշիի քաղաքապետ Ավակիմ Ավակիմյանը, եւ՛ Շուշիի եկեղեցու քահանա Տեր Անդրեասը, եւ՛ Բերձորի թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Սամվել Քոչարյանը հնարավորինս օգնեցին, որ երիտասարդ-կամավորականների այցելությունը Արցախ լինի արդյունավետ եւ ունենա մեծ ընդգրկում։

«Մեր այցելությունը Արցախ անհրաժեշտ է ոչ միայն Արցախի բնակչությանը, այլեւ մեր երիտասարդներին։ Նրանք վերադարձան Երեւան՝ Արցախը հոգու մեջ։ Նրանք սեփական աչքերով տեսան պատերազմի նվաճումները, սիրեցին այն հողը, որի համար պիտի կռվեն անձնուրացորեն, եթե անհրաժեշտ լինի։ Վստահ եմ, որ հետագա այցելությունների ժամանակ կամավորականների թիվը կմեծանա, մեր շարքերը ավելի խիտ կլինեն, նոր երիտասարդներ կմիանան մեզ»,- զրույցը եզրափակեց Սուսաննա Թովմասյանը։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Բանակ և հասարակություն


27/12/2012