Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐԴԻԿ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»



Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը օրերս բանակ ճանապարհեց իր երրորդ որդուն։ Նրա երեք որդիները այժմ պաշտպանում են այն սահմանները, որոնց ազատագրության համար բազմաթիվ հայորդիների հետ միասին պատերազմել է նաեւ իրենց հայրը։

-Պարոն Եղիազարյան, ես առանձնակի սիրով եմ տրամադրված այս զրույցին։ Թերևս ընթերցողներին նույնպես պատմենք, թե ինչպես ենք ծանոթացել։ Ես ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն էի տարածել, խնդրելով ինձ տրամադրել հոգևոր գրականություն։ Առաջինը Դուք արձագանքեցիք և ամենայն մանրամասնությամբ ներկայացրիք հայոց հոգևոր մշակույթը…

-Ես պատմաբան եմ…

-Հետո ես տեսա Ձեր տեղադրած լուսանկարները ինտերնետում։ Դուք տեղադրել էիք Ձեր աճեցրած ծաղիկների լուսանկարները։ Այնուհետև պարզեցի, որ Դուք ազատամարտիկ եք… Այսօր ես առիթ ունեմ անձամբ ծանոթանալու Ձեր կենսագրությանը, ինչի համար շնորհակալ եմ։

-Հայրս, իր հոր և պապի ծննդավայրից ելնելով, առ այսօր իրեն իգդիրցի է համարում։ Իգդիրյան (կորցրած հայրենիքի) ախտանիշը, բնականաբար, հորս զավակների մեջ էլ կա ու կար։ Բայց մենք գիտեինք, որ և՛ հայրական, և՛ մայրական կողմի նախնիները 216-217 տարի առաջ, պարսկական արշավանքի ժամանակ, դուրս են եկել Արցախից։ Շատ տարիներ առաջ, երբ աշխատում էի Արցախում, մի տեղանք կար Թարթառ ու Թրղի գետերի մոտակայքում, որտեղ զարմանալի զգացողություն էի ունենում` խաղաղվում էի։ Այդ տարածքը անբացատրելիորեն հարազատ էր ինձ ու ձգում էր։ Պարզվեց, որ մայրական պապերիս` Մելիք Իսրայելյանների կալվածքներն են եղել։

Իմ ընտանիքի բարոյականությունը հենվում էր երկու գաղափարի վրա` Պետության և Հայրենիքի (հորս ու մորս կերպարով)։ Հայրս`վաստակաշատ էներգետիկ Ալբերտ Եղիազարյանը, պետական մտածողության տիպիկ օրինակ է, օրինակելի քաղաքացու դասական կերպար։ Պետական ունեցվածքը փչացնելը, վատնելը աններելի հանցանք է նրա համար։

Մայրս ազգապաշտ է։ Նա հայրենիքի ջատագով է։ Հայաստանի և աշխարհի ցանկացած կետում, երբ մի հայի հաջողությունների կամ հաղթանակի մասին է լսում` անպատմելի ոգևորվում է: Ահա, այս երկու հզոր արժեքներից (պետություն-ազգ) սինթեզվեց ազգային պետության գաղափարախոսությունը, որը իմ արժեհամակարգի առանցքն է ու, որպես անհատ, իմ անձնական բարոյականության հիմքը։

-Ես արդեն գիտեմ, որ Դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին, նաև սպայի կենսագրություն ունեք… Զորքերում միջանձնային հարաբերությունները կատարելագործելու համար, իրոք, արվում է հնարավոր ամեն ինչ… Ու հանկարծ էլի ինչ-որ պատահար է արձանագրվում։

-Որովհետև ճիշտ չի ընտրված պայքարի դաշտը։ Ներկայումս պայքարը հետևանքների դեմ է, մինչդեռ այս պրոբլեմի հենքը, արմատը դրսում է, հասարակության մեջ, ընտանիքում։ Զինվորը պետք է ձևավորվի մինչև ծառայության մեկնելը, այլ ոչ թե բանակում:

Ես հին Երևանի «Ցախի մեյդան» կոչվող թաղում եմ մեծացել։ Տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, Հայաստանում վարից վեր գործում են «քուչի» օրենքներն ու արժեհամակարգը` երբ մի քանիսը իրենց «ճիշտը» պարտադրում են մյուսներին` որպես բարոյականության չափանիշ։ Եվ ամենացավալին զոհի` իրեն ճնշողի հետ նույնականացման ախտանիշն է։ Երբ զոհը ոչ թե պայքարում է դահիճի դեմ, այլ փորձում է նմանվել նրան, զոհի կարգավիճակից բարձրանալ դահիճի կարգավիճակի` զոհելով իրենից թույլին և ինքնահաստատվելով նրա վրա։

Հաճախ ընտանիքում ծնողը երեխային սովորեցնում է անհանդուրժողականություն, ագրեսիվություն, որովհետև ցանկանում է, որ իր զավակը կենսունակ լինի… Ընտանիքներ կան, որտեղ ամեն մեկն իր փողն է ծախսում, ամեն մեկն իր համար է ապրում. խարխլում են բոլոր հորիզոնական և ուղղահայաց կապերը։

Մենք երկու աշխույժ եղբայրներ էինք, բայց երբ հայրս մտնում էր տուն, ամեն մեկս մեր անկյունն էինք վազում։ Հորս խոսքը օրենք էր, գնահատականը` չափանիշ։ Այսօր շատ դեպքերում նվազել է տղամարդկային ներկայություն և՛ ընտանիքում, և՛ դպրոցում։ Չաշխատող` կնոջից ծխախոտի փող խնդրող հորից չես կարող տղամարդկային ներկայություն ակնկալել ընտանիքում։ Դպրոցում տղամարդ ուսուցիչները գրեթե վերացել են։ Կանանց փեշի տակ մեծացած, կամ փողոցում դաստիարակված տղաները (երկու բևեռ) հանդիպում են իրար բանակում…

-Դուք ընդամենը 39 տարեկան եք, բայց 19 տարեկան տղաներ ունեք (զույգ)։ Ե՞րբ եք հասցրել։

-Ես 19 տարեկանում եմ ամուսնացել, Արցախում, պատերազմի ժամանակ։ 1992 թվականն էր, Շուշիում էինք։ Կնոջս շուշեցի տատիկը աշխույժ կին էր, սիրում էր շփվել ազատամարտիկների հետ, հյուրասիրում էր հատկապես մեզ պես երիտասարդներին, ովքեր «դրսից» էին եկել Արցախ։ Այդ օրը, երբ առաջին անգամ տեսա կնոջս, Ստեփանակերտից հյուր էր եկել տատիկին։ Երկու ամիս անց ամուսնացանք։ Եկա Հայաստան, ծնողներիցս թույլտվություն խնդրեցի, բայց չթողեցի գան Շուշի. Լաչինով անցնելը դեռ վտանգավոր էր այն ժամանակ` Կուբաթլիի կողմից ռմբակոծվում էր ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհը։ Մարտական ընկերներով, հրամանատարներով գնացինք աղջիկ ուզելու։ Սկզբում աներս չէր համաձայնում, հետո երջանկահիշատակ Շոշի Ագոն (Արգամ Հարությունյանը) բարեխոսեց և էլի ուրիշ հեղինակավոր մարդիկ…

-20 տարեկանո՞ւմ եք հայր դարձել… Այ քեզ քաջություն։

-Պատերազմը խտացնում է ժամանակը, ու օրը տարվա տարողություն ունի։ Նայեք ռազմիկների նկարներին։ Թաթուլ Կրպեյանը զոհվեց 26 տարեկանում, բայց 40 տարեկանի տեսք ուներ։ Հոգով ու գիտակցությամբ էլ էր այդքան հասուն։ Ես մորուք ունեի ու սափրեցի, որովհետև 40 անց էի երևում` 20 տարով մեծ իմ իրական տարիքից։ Մեր սերունդը վաղաժամ հասունացավ։ Մենք կարող էինք 20 տարեկանում ընտանիք կազմել, պատասխանատվություն կրել կնոջ ու երեխաների համար, զավակ դաստիարակել։ Իմ զույգ տղաները` Արամն ու Արան, հաղթանակից հետո ազատագրված Շուշիում ծնված առաջին երկվորյակ տղա երեխաներն են։ Տղաներիս ծնունդը համաժողովրդական տոնի վերածվեց։ Ողջ Շուշի քաղաքն էր տոնում` լուսարձակ փամփուշտներով հրավառություն էին տալիս։ Երբ տղաներիս լույս աշխարհ գալու լուրն իմացա, ասացի` երկու զինվոր ծնվեց։

-Կպատմե՞ք Արցախյան պատերազմի մասին։ Ես չեմ ուզում որոշակի հարց տալ, որպեսզի չուղղորդեմ Ձեր ասելիքը…

-Կար մի ֆենոմենալ իրողություն` հայրենապահ հայի գենետիկ արթնացումը։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնց եռամսյա հավաքով թաքստոցից էին բերել ռազմաճակատ, բայց ռազմի դաշտում նրանք նույնքան քաջասիրտ էին, որքան ինքնազոհաբերվելու պատրաստ կամավորականները։ Ես ճանաչում եմ մեկին, որին գորգի միջից էին հանել ու բերել սահման (կինը փաթաթել էր գորգի մեջ ու թաքցրել ամուսնուն)։ Այդ մարդը քաջաբար էր կռվում։ Մենք չենք ուսումնասիրել Արցախյան պատերազմի ֆենոմենը, գրեթե չենք ուսումնասիրել` ո՛չ ռազմարվեստի, ո՛չ էլ հոգեբանական տեսանկյունից։ Դասական ռազմարվեստի տրամաբանությամբ` հաջողության հասնելու համար հարձակվող կողմը պետք է իր ուժերով 3 անգամ գերազանցի պաշտպանվող կողմին։ Բայց մեր պարագայում հակառակն էր, հայկական դասակը հարձակվում էր ադրբեջանական գումարտակի վրա ու, մեկը` երեքի դեմ կռվելով, հայրենիք էր ազատագրում։

-Փաստորեն պատերազմից հետո ուսուցիչ եք աշխատել Շուշիի վարժարանում` ռազմագիտություն և պատմություն եք դասավանդել։ Եղել եք Մարտակերտի վարչական շրջանի ղեկավարի խորհրդական-տեղակալը և մոտ 6 տարի ծառայել եք ազգային բանակում…

-Ես Շուշիում ուսուցիչ եմ աշխատել նաև պատերազմի ժամանակ։ Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի հիմնադիրներից եմ։ Մենք ռազմաճակատ գնացած ուսանող ընկերներով դասավանդում էինք Շուշիի վարժարանում… Հետագայում, Արցախի հարավային գոտիների, մասնավորապես՝ Հադրութի շրջանի` «Կոլցո» գործողությամբ ոչնչացված հայկական գյուղերի վերականգնման ծրագիր էինք մշակում… Զուգահեռաբար քննություն էինք հանձնում բուհում, փոխադրվում կուրսից կուրս… Երկիրը դրսից պաշտպանելուց զատ ուզում էինք երկիրը պահել երկրի ներսում։

Մենք գաղափարի շուրջ համախմբված մարդկանց կարիք ունենք` կամավորականի, զինվորի։ Թայֆաբազությունը երկիրը քանդում է ներսից։

Ես լավատես եմ։ Ե՛վ քաղաքացիական կյանքում, և՛ բանակում, և՛ իշխանական լծակների մոտ, և՛ ընդդիմության մեջ, և՛ քաղաքներում, և՛ գյուղերում Արժեք կրող, Գաղափարի մարդիկ կան, իրենց տեսակի համար կռիվ տվող, ինքնազոհ… Ու նրանք հաղթելու են։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ճակատագրեր


27/12/2012