Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ



Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, հայոց բանակի ծառայողներ, բանվորներ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մեր նորանկախ պետության ազգային բանակի տարեգրությունը հարստացավ ևս մեկ տարով: Վերհիշելով անցած տարվա մեր բանակային կյանքը և փորձելով ամփոփիչ խոսք ասել կատարված աշխատանքների մասին՝ առաջին հերթին հիշենք, որ 2012 թվականը զինված ուժերում հայտարարված էր մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերի առջև կոնկրետ խնդիր էր դրվել և, ի պատիվ այն բոլոր մարդկանց, որոնք իրենց կյանքը կապել են բանակի հետ, այդ խնդիրը, կարելի է ասել, հաջողությամբ ի կատար է ածվել:

Ընդլայնվել է սեփական ռազմական արդյունաբերությունը, արդիականացվել է զինված ուժերում առկա ռազմական տեխնիկան՝ համալրվելով նոր զինատեսակներով, որոնց հեռահար և ճշգրիտ խոցման հնարավորությունները շատ կարևոր են հակառակորդի մերձակա և թիկունքում գտնվող կարևորագույն ռազմական, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներին հարվածելու և ոչնչացնելու համար:

Բանակի հետ կապված տարվա կարևորագույն իրադարձություններից էր մի քանի ամիս առաջ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացած ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, որտեղ առաջին անգամ գործեցին անօդաչու թռչող սարքերը: Նման ձևաչափում նույնպես առաջին անգամ կիրառվեցին ռազմական ուղղաթիռներ և օդանավեր:

2012թ. անցկացվեցին նաև ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք իրենց ընդգրկմամբ աննախադեպ էին մեր բանակի պատմության մեջ, եւ որում ներգրավված էին ՀՀ ողջ զինված ուժերը: Այդ զորավարժությունները զինվորական տարբեր օղակների միջև ռազմական համագործակցության լավագույն օրինակ հանդիսացան:

Այս ամենի հետ մեկտեղ, իհարկե, մեծ ուշադրություն է դարձվել անհատ-զինվորի պատրաստությանը: Ի վերջո, յուրաքանչյուր ստորաբաժանման ուժն ու պատրաստվածությունը պայմանավորված է առանձին զինվորի անհատական վարպետությամբ ու մասնագիտական ունակություններով:

Տարվա կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում զինված ուժերում ղեկավար կազմի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հրամանատարական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Մենք անցկացրինք մի շարք միջոցառումներ, որոնք ոչ միայն բարձրացրին նրանց մարտական վարպետությունը, այլև զգաստացրին ողջ սպայակազմին:

Ամենակարևորն այն է, որ տարին անցկացրել ենք խաղաղ պայմաններում: Բոլորն են հասկանում, որ դա առաջին հերթին ապահովվել է մեր զինված ուժերի շնորհիվ: Ինչքան էլ թշնամին հոխորտում է ու սպառնում պատերազմ սկսել և ռազմական գործողություններով լուծել Ղարաբաղի հարցը, միևնույն է` այդ քայլին նա չի համարձակվի դիմել, քանի դեռ նրա նկատմամբ ունեցած գերազանցությամբ մենք տարածաշրջանում խաղաղություն պարտադրող ուժ ենք հանդիսանում: Այսօր մենք վստահությամբ և համոզվածությամբ ասում ենք, որ մեր բանակը, ապահովելով պետության անվտանգությունը և իրականացնելով նրա սահմանների պահպանությունը, մշտապես պատրաստ է համարժեք հակահարված տալու հակառակորդի ցանկացած հարձակողական գործողության: Ինչպես մենք` զինվորականներս, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը խորությամբ գիտակցում է, որ, իրոք, բանակը մեր հուսալի ապագայի ամենամեծ երաշխավորն է:

Ձեռք բերված ընդհանուր հաջողություններում մեզնից յուրաքանչյուրն ունի իր արժանի ներդրումը: Ընդհանրապես, 2012 թվականը ես համարում եմ մեր բանակի ամրապնդման, մարտունակության բարձրացման համար բոլորիս ջանքերի համախմբման տարի:

Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք չենք կարող բավարարվել այժմյան նվաճումներով: Մարտական պատրաստության պատշաճ մակարդակը պահպանելը շատ կարևոր է, եւ, եթե այսօր այն համարվում է բավարար, ապա վաղը, զարգացման շարունակական գործընթացից ետ մնալու դեպքում, կարող է դառնալ ոչ բավարար: Ահա թե ինչու շատ կարևոր է անընդհատ բարձրացնել մարտական պատրաստականության մակարդակը: Սա մեզ համար օրվա հրամայական պետք է դառնա:

Սիրելի զինակիցներ, այս համընդհանուր տոնի կապակցությամբ նախ շնորհավորական խոսք եմ հղում մեր մարտական ընկերներին, բոլոր զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամ դարձածների ընտանիքներին ու հարազատներին: Ամանորյա ամենաջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին` ցանկանալով նրանց անվտանգ ծառայություն:

Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց մաղթում եմ առողջություն և բարի ծառայություն: Հաջողություն և երջանկություն եմ ցանկանում անձնական և ընտանեկան կյանքում, ինչն էլ, անշուշտ, կփոխանցվի ողջ զինված ուժերին:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
գեներալ-գնդապետ ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2012