Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՄԻՏՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ



Ավարտին է մոտենում 2012 թվականը: Այն կարևոր ժամանակաշրջան էր Հայաստանի` բարեփոխման փուլում գտնվող զինված ուժերի համար: «Հայ զինվորը» տարվա ընթացքում ընթերցողին է ներկայացրել այս փուլի գլխավոր առանձնահատկությունը, որը կարճաժամկետ պլանավորումից անցումն է միջին և երկարաժամկետ պլանավորման: Դա նշանակում է, որ բանակի օրախնդիր հիմնահարցերի լուծումը ավարտված է կամ ավարտման փուլում է, իսկ առաջադրված խնդիրների լուծումը կհանգեցնի բանակի մարտունակության որակական աճին` միջին և երկարաժամկետ հեռանկարում:

Անցնող տարվա ընթացքում զորքերում որակապես բարելավվել է կարգապահությունը, ինչը պայմանավորված է զինծառայողների իրավագիտակցության մակարդակի ընդհանուր աճով, բանակում հանցագործությունների և իրավախախտումների պատժելիության ապահովման գործում իրավապահ մարմինների ցուցաբերած ավելի մեծ հետևողականությամբ, բոլոր օղակների հրամանատարների կատարած ջանադիր աշխատանքով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների` բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մակարդակի և ԶԼՄ-ների ազդեցության աճով: Նշված ժամանակահատվածում բանակում բոլոր օղակների զինծառայողների միջանձնային հարաբերությունների առողջացման ոլորտում արձանագրվել է որակական առաջընթաց, նվազել են մահվան ելքով ծանր, ինչպես նաև չբացահայտված հանցագործությունները:

Նշված բոլոր գործոնները դրականորեն են ազդել մարտական պատրաստության գործընթացի վրա, որի արդյունքում բարձրացել է զորքերի մարտունակության աստիճանը: Անցնող տարվա ընթացքում դրա լավագույն վկայություններից մեկը հոկտեմբերի 1-13-ը տեղի ունեցած համաբանակային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն էին, որոնց մասնակցեց մոտ 45 հազար մարդ և շուրջ 5 հազար միավոր մարտական տեխնիկա: Նման ընդգրկուն զորավարժություն Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում: Զորավարժություններում ներգրավված էր Հայաստանի ԶՈՒ հիմնական մասը, ներառյալ պահեստազորայինները, ոստիկանության զորքերը, փրկարարական ծառայությունը, որոնց մասնակցությամբ անցկացվեցին մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ: Փորձարկվեցին նորագույն զինատեսակներ, այդ թվում` հակատանկային միջոցներ և հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Զորավարժության շրջանակներում մոդելավորվեցին հեռահար հրթիռային հարվածներ պայմանական հակառակորդի արդյունաբերական խոշոր օբյեկտներին` գազատարների ու նավթամուղների ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերն անցնող տարում եւս կատարեցին Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության երաշխավորի իրենց դերը` զսպող գործոն հանդիսանալով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների համար: Ինչպես նշել է պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, «մենք շարունակեցինք հակառակորդին անընդունելի վնասներ պատճառելու սպառնալիքի վրա հիմնված ռազմական զսպման քաղաքականությունը»: Որպես վերջինի տարրերից մեկը` առաջին գծում կատարվեցին մեծածավալ ինժեներական աշխատանքներ` ապահովելու համար զինծառայողների անվտանգությունը, հանգստի ու կենցաղի բավարար պայմանները և, ի վերջո, մարտական ոգու ամրապնդումը: Փակվեցին գործնականում բոլոր այն հատվածները, որտեղ մեր զինծառայողների և տեխնիկայի տեղաշարժը տեսանելի էր հակառակորդի համար: Ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ` կանխելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը:

Հայաստանի զինված ուժերն անընդմեջ համալրվում են սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, այդ թվում` հայրենական արտադրության: Անցնող տարին բացառություն չէր: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել անձնակազմի կողմից նոր տեխնիկայի ճիշտ շահագործումն ու կիրառումը յուրացնելուն ուղղված դասընթացներին:

Բարեփոխվում է նաև Հայաստանի ռազմական կրթության ոլորտը: Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հենքի վրա 2013թ. ծրագրվում է կազմակերպել հրամանատարաշտաբային առաջին դասընթացը, որը կդառնա 2015թ. ծրագրված ռազմական ակադեմիայի ստեղծման նախահիմքը: Ռազմական ակադեմիա, որը համապատասխան ուսումնական ծրագրերի իրականացման միջոցով կխթանի որակավորման տարբեր մակարդակներ ունեցող սպայական կադրերի պատրաստման գործընթացը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դրական փորձի հիման վրա Հայաստանի ԶՈՒ-ում ակտիվորեն ներդրվում է շարքայինների ու սերժանտների պայմանագրային ծառայության ինստիտուտը: Անցնող տարում փոփոխություններ կատարվեցին «Զինծառայության մասին» օրենքում, ըստ որոնց՝ պայմանագրային սերժանտներն անջատվեցին շարքային կազմից և ներառվեցին սերժանտական կազմում:

Ակտիվորեն զարգանում է Հայաստանի ռազմական համագործակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Ռազմական համագործակցության գերակա ուղղություններից է ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս ոլորտում համագործակցությունը Հայաստանը համարում է առաջնահերթ:

2012թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում հաջողությամբ անցկացվեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, որը ևս մի անգամ ապացուցեց ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության մեծ արդյունավետությունը:

Հայոց բանակն այսօր արագ զարգացող հզոր կառույց է, որի գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, և որի բարոյական արժեքները խարսխված են ազգային ավանդույթների, քրիստոնեության և հայոց պետականությունը միասնական ուժերով հզորացնելու նպատակի վրա: Բանակի բարեփոխումների հիմքում այն աներկբայելի ճշմարտության գիտակցումն է, որ Հայաստանն պարտավոր է եւ իրավունք ունի կռելու հաղթանակ ցանկացած պատերազմում:

Հավատում ենք, որ գալիք տարում «Հայ զինվորն» իր ընթերցողին բանակի նորանոր ձեռքբերումների մասին պատմելու բազմաթիվ առիթներ կունենա: Թերթի խմբագրակազմը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սրտանց շնորհավորում է ԶՈՒ ամբողջ անձնակազմին, մաղթում բարի ծառայություն, ուժ, ստեղծագործական եռանդ ու նորանոր հաջողություններ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2012