ԱՇԽԱՐՀԻ ԱՄԲՈՂՋ ՈՍԿԻՆ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅՑ
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ չինացի մի խումբ մեծահարուստներ ԱՄՆ Դաշնային պահուստային բանկին (ԴՊԲ) երկար ժամանակով ի պահ են տալիս մեծ քանակով ոսկի: Փոխարենը ստանում են փաստաթղթեր, որոնք հաստատում են ժամկետի ամբողջ ընթացքում եկամուտ ստանալու իրենց իրավունքը և ժամկետի ավարտին ԴՊԲ` ոսկին վերադարձնելու պարտավորությունը:
2011թ. նոյեմբերի 23-ին ոմն Նեյլ Ֆրենսիս Կինան իրենց ինքնությունը չբացահայտող անձանց խմբի` Դրակոնների ընտանիքի (Dragon Family) անունից 111-էջանոց հայցով դիմում է Նյու Յորքի Հարավային օկրուգի դատարան` պահանջելով այդ ոսկին: Կինանի հայցով պատասխանող կողմ են ԱՄՆ ԴՊԲ-ն, Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային տնտեսական ֆորումը և այլ կազմակերպություններ, նույնիսկ Իտալիայի Հանրապետությունը, ինչպես նաև քաղաքական գործիչներ Սիլվիո Բեռլուսկոնին, Պան Գի Մունը, Վատիկանի բանկիր ոմն Դանիել Դալ Բոսկոն, որը «Պ-2» մասոնական օթյակի անդամ է և մեղադրվում է Նեյլ Կինանից 144.5 մլրդ դոլարի արժեթղթեր գողանալու համար և այլք: Ընդհանուր առմամբ, Դրակոնների ընտանիքը պատասխանողներից պահանջում է 1 տրիլիոն դոլար (!):
Այս գործին առնչվում է 2009թ. Իտալիայի Պոնտե Չիասսո սահմանակետում տեղի ունեցած հետևյալ միջադեպը. իտալական ոստիկանությունը երկու ճապոնացիներից առգրավում է 1934թ. ԱՄՆ գանձապետարանի թողարկած 134 մլրդ դոլարի արժեթղթեր, որոնց վրա առկա էր ԱՄՆ այն ժամանակվա ֆինանսների նախարար Հենրի Մորգենթաուի (Կրտսեր) ստորագրությունը: Ճապոնացիները փորձում էին արժեթղթերն անցկացնել Շվեյցարիա: Սկզբում հայտարարվում է, որ արժեթղթերը կեղծ են, հետո` որ իսկական են, իսկ վերջում թե՛ ճապոնացիները և թե՛ արժեթղթերն անհետանում են:
ՈՍԿՈՒ ԳԱՂՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
Որոշ հեղինակների կարծիքով, խոսքը ոչ թե «չինական» ոսկու մասին է, այլ ասիական բազմաթիվ երկրների, որոնց ոսկին դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից սկսել է կուտակվել հատուկ պահեստներում և հանվել միջազգային առևտրա- և դրամաշրջանառությունից: Այդ մասին գրող հեղինակներից են «Ֆորբս» ամսագրի ասիական-խաղաղօվկիանոսյան գրասենյակի նախկին ղեկավար Բենջամին Ֆուլֆորդը և բանկային բիզնեսում աշխատանքի մեծ փորձ ունեցող Դևիդ Գայատան: Նրանք այդ ոսկին անվանում են «սև ոսկի», ինչը, սակայն, նշանակում է ոչ թե նավթ, այլ ոսկի մետաղը, որի գոյությունն արտացոլված չէ ոսկու պաշարների մասին պաշտոնական վիճակագրության մեջ և բանկերի ու այլ հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում: Դա հաշվապահական հաշվեկշիռներում չհաշվառված ակտիվ է, որի գոյության մասին մինչև վերջերս գիտեին միայն քչերը: Դա ոսկի է ֆինանսական «զուգահեռ» աշխարհից, որի գոյության մասին մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ ենթադրում: (Այդ զուգահեռ աշխարհը չպետք է շփոթել «ստվերային տնտեսության» հետ. վերջինիս հիմքը ոչ թե ոսկին է, այլ օրինական շրջանառությունից դուրս բերված կանխիկ դրամը):
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է «ՍԵՒ ՈՍԿԻՆ»
Վարկածներից մեկի համաձայն` դա համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ռազմավարական պահուստն է, որի օգնությամբ կարելի է, օրինակ, կառավարել ոսկու և արտարժույթի գները:
Գները կառավարելով` կառավարվում է տնտեսությունը, տնտեսությունը կառավարելով` մարդիկ: Այլ կերպ ասած` «սև ոսկին» իշխանության հզոր լծակ է:
Բացի դրանից, «սև ոսկին» ազգային պետությունների կողմից չվերահսկվող արտաբյուջետային աղբյուր է, որի միջոցով կարող են ֆինանսավորվել քաղաքական, ռազմական և հատուկ գործողություններ` ի շահ նույն այդ ֆինանսական օլիգարխիայի:
Աշխարհում «սև ոսկու» պաշարը գնահատվում է առնվազն 2 մլն տոննա: Դրա 85%-ը Չինաստանից է և ասիական մյուս երկրներից: Մի շարք հեղինակներ համակարծիք են, որ ոսկու հիմնական խմբաքանակը Չինաստանից 7 նավով ԱՄՆ է ուղարկվել 1938թ., երբ Ճապոնիան բռնազավթել էր Չինաստանը և վտանգ կար, որ կարող էր տիրանալ նաև Գոմինդանի (չինական քաղաքական կուսակցության) վերնախավի մի քանի անդամի պատկանող ոսկու վիթխարի պաշարներին:
ՋՈՆ ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒՍ ՄԻ ՎԱՐԿԱԾ
Ֆինանսական գաղտնի համակարգի կարևոր տարրերից մեկը Միջազգային հաշիվների բանկն է (ՄՀԲ), որը ստեղծվել է 1930թ. և հիմնավորվել Բազելում (Շվեյցարիա): Քաջ հայտնի է ՄՀԲ-ի դերը Հիտլերի վարչակարգի ֆինանսավորման գործում, նացիստների հետ նրա համագործակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում: Վարկածներից մեկի համաձայն` ՄՀԲ-ի խնդիրներից մեկը «սև ոսկու» գաղտնի պահուստի ձևավորումն է: Որոշ տվյալներով, «սև ոսկին» մինչև 1963թ. եղել է ՄՀԲ-ի դեպոզիտային գաղտնի հաշիվների վրա:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «սև ոսկու» և արժեթղթերի տերերը` Ասիայի ամենահարուստ ընտանիքները, միավորվում են և կազմում ասոցիացիա, որը ներկայումս հայտնի է որպես Amanah: Այդ ասոցիացիայի ղեկավար է դառնում Ինդոնեզիայի այն ժամանակվա նախագահ Սուկարնոն: Ըստ որոշ տվյալների` 1948թ. ՄԱԿ-ը ընդունել է հատուկ բանաձև (MISA 81704), որը պաշտոնապես օրինականացնում է Սուկարնոյի` որպես Amanah-ի ղեկավարի լիազորությունները:
Որոշ հեղինակներ պնդում են, որ 1963թ. Amanah-ի և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի` «սև ոսկին» պետք է հանվեր ՄՀԲ-ի դեպոզիտային հաշիվներից ու տեղափոխվեր ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ (բայց ոչ թե Դաշնային պահուստային բանկ, այլ` գանձապետարան)` դոլարը որպես միջազգային արժույթ ամրապնդելու համար: Փաստորեն, «սև ոսկին» պետք է աստիճանաբար օրինականացվեր և ներառվեր տնտեսական շրջանառության մեջ:
Ջոն Քենեդին ծրագրում էր միջազգային հանրության աջակցությամբ աստիճանաբար անցնել ոսկով ապահովված թղթադրամների թողարկմանը, այսինքն` Դաշնային պահուստային բանկին զրկել դրամ թողարկելու իրավունքից, որը ԴՊԲ-ն ձեռք էր բերել 1913թ.: Իբր, հենց 1963թ. հուլիսին է ստորագրվել ԱՄՆ նախագահի թիվ 11110 հրամանագիրը` ամերիկյան գանձապետարանի «արծաթե» դոլար թողարկելու մասին: Այս ամենը հարուցում է ԴՊԲ-ի տերերի զայրույթը, և մի քանի շաբաթ անց Ջոն Քենեդին սպանվում է: «Սև ոսկին» շրջանառության մեջ դնել այդպես էլ չի հաջողվում:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ «ՍԵՒ ՈՍԿԻՆ»
Տարբեր աղբյուրներ «սև ոսկին» տերերին վերադարձնելու տարբեր ժամկետներ են նշում, սակայն բոլոր ժամկետներն արդեն լրացել են: Դ.Ուիլկոկի վարկածի համաձայն` չինական ոսկին պետք է վերադարձվեր 60 տարի հետո, այսինքն` 1998թ.: Գոմինդանի իրավահաջորդները, որոնք բնակվում են Թայվանում, իբր 1998թ. դիմել են Հաագայի միջազգային դատարան: Վերջինս փակ դռների հետևում բավարարել է չինացիների հայցը ամերիկյան ԴՊԲ-ի դեմ և պահանջել, որ ոսկին վերադարձվի 2001թ. սեպտեմբերի 12-ից ոչ ուշ: Սակայն դրանից մեկ օր առաջ Նյու Յորքում տեղի է ունենում ահաբեկչական գործողություն, որի հետևանքով ոչնչացվում են Առևտրի միջազգային կենտրոնի երկնաքերները: Վարկածներից մեկի համաձայն` վերջիններիս նկուղներում էլ հենց պահվում էր Դրակոնների ընտանիքի ոսկին կամ դրա մի մասը, որը հրդեհից ու շենքերի փլուզումից հետո անհետանում է: Այլ կերպ ասած` Դրակոնների ընտանիքին լկտիաբար «գցում» են: Այս պատմությունը շարունակվում է միայն 10 տարի անց` 2011թ. Նեյլ Կինանի հայցով, որի մասին ասվեց հոդվածի սկզբում:
Times Online պարբերականի տվյալներով, Առևտրի համաշխարհային կենտրոնում իսկապես կային ոսկու և արծաթի ձուլակտորներ` 960 մլն դոլար արժողությամբ: Փրկարարական գործողությունների արդյունքում՝ 2001թ. նոյեմբերին տարօրինակ հանգամանքներում հայտնաբերվել է 230 մլն դոլարի թանկարժեք մետաղ. հայտնաբերվածը եղել է «Brinks» ֆիրմայի արտադրության զրահապատ ավտոմեքենաների մեջ` երկնաքերների տակ գտնվող թունելում: Ինչո՞ւ էր ոսկին ավտոմեքենաների մեջ, ո՞վ, ե՞րբ և ո՞ւր է տարել պահեստի պարունակությունը` այս հարցերին կառավարությունն այդպես էլ պատասխան չի տվել:
ՎԵՐՋԱԲԱՆ
«Սև ոսկու» գործի մեջ բազմաթիվ հարցականներ կան, և դա բնական է, քանի որ ամեն ինչ արվել է գաղտնի, և եթե այսքանն էլ ջրի երես է դուրս եկել, լավ է: Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ աշխարհում կան ոսկու գաղտնի (չգրանցված) պաշարներ: Դրանց ծագման օրինակ է տաճարականների օրդենի ոսկին, որն անհետացել է 1312թ.: Կան բազմաթիվ այդպիսի օրինակներ. բավական է հիշել առասպելական Էլդորադո երկրի փնտրտուքի դարաշրջանի իրադարձությունները, ոսկու տենդը, որով մարդկանցից շատերը համակված են նաև այսօր: Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ հայրերը (Գրիգոր Տաթևացի, Վարդան Այգեկցի և այլք) վերջին ժամանակների մասին իրենց մարգարեություններում նշում են, որ աշխարհի վերջին բռնապետության` նեռի իշխանության հաստատման գործում մեծ դեր է խաղալու ոսկին` բոլոր ժամանակներում անհետացած գանձերը, որոնք հայտնաբերվելու են դևերի օգնությամբ:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Ըստ fondsk.ru-ի նյութերի