ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի զինված ուժերի առաքելությունը չի սահմանափակվում միայն երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը ուղղված զուտ պաշտպանական-ռազմական բնույթի գործառույթներով: Բանակն ունի արտաքուստ աննկատ, բայցեւ շատ կարևոր մի առաքելություն ևս: Այն է՝ ազգային ինքնագիտակցության ամրապնդման և ազգի ոգեղեն համախմբման ու երիտասարդության նախնական զինվորական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովումը:
Հայաստանի կրթական համակարգում ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է քննության առնել վերջին տասը տարիների ժամանակահատվածը /2002-2012թթ./: Հանրապետության կրթության համակարգի զարգացումը վերջին տարիներին ընթացել է պլանավորված բարեփոխումների, արագ վերակառուցման ուղով, կրթության արդյունավետության կամ մատչելիության ապահովման գործում արդարության չափանիշներին համապատասխան: Հրատարակվեցին վերամշակված դասագրքեր բնագիտական, հասարակագիտական, հումանիտար, այդ թվում նաև նախնական զինվորական պատրաստություն առարկաներից, զինղեկներին տրվեցին մեթոդական երաշխավորություններ, թե ինչպիսի փոփոխություններ ուսումնական նյութում կարող են ինքնուրույն կատարել, ուսումնական պլան ներմուծվեցին նոր թեմաներ:
Հատկանշական է, որ ուսումնական հաստատությունների զինղեկների զգալի մասը ռուսական կրթություն ուներ, և նոր հայերեն դասագրքերի հրատարակումը ստիպեց զինղեկներին կատարելագործելու հայոց լեզվի իմացությունը՝ առաջնորդվելով «Ազգային կրթություն` ազգային լեզվով» կարգախոսով: Այսուհանդերձ, գործնականում բացակայում են զինվորական մանկավարժական կադրերի ուսումնազորային հավաքները, ընդհանուր մանկավարժության հարցերին և զարգացման հեռանկարների մշակմանն ուղղված սեմինարները: Ընդհանուր առմամբ, դրսևորվել են խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված պարզունակ մոտեցումներ, այն պարագայում, երբ իրավիճակը որակական բարեփոխումներ է պահանջում:
Թերի են կազմակերպվում ՆԶՊ ղեկավարների վերապատրաստման դասընթացներ և ուսումնազորային հավաքներ, բազմաթիվ ուսումնամեթոդական երաշխավորություններ, ատեստավորում, մշակված չեն ստուգողական և քննական նոր թեստերը: Այսինքն` ստեղծվում է նախազորակոչային պատրաստության ոլորտում գործընթացների և որակական առաջխաղացման պատրանք:
Ըստ երևույթին այն, ինչ կատարվել է վերջին տասը տարում, անխուսափելիորեն պետք է կատարվեր՝ ապահովելով ՆԶՊ գործընթացը, որը դեռևս բավարար չէ:
Նախազորակոչային պատրաստության կարգի համաձայն` անդրադառնանք պատանիների զինվորական ծառայության նախապատրաստման մի քանի հիմնախնդիրների:
Նախնական զինվորական պատրաստության ուսուցումը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի կողմից հաստատված հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներով և ծրագրերով:
Նախնական զինվորական պատրաստությունը ուսումնական պլանով նախատեսված պարտադիր առարկա է, որը անցկացվում է հատուկ կահավորված դասասենյակում՝ օգտագործելով անհրաժեշտ ուսումնադիտողական նյութեր և պարագաներ:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ այլ իրավական ակտերի, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության կարգի ու կանոնադրության համաձայն` ՀՀ զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով պատանիների շրջանում պետք է ապահովել հետևյալ դրույթների իրականացումը.
ա/ սովորողների կողմից ՆԶՊ առարկայի պետական ուսումնական ծրագրի յուրացումը,
բ/ ՀՀ զինված ուժերի խնդիրների, առանձնահատկությունների ու նշանակության իրազեկումը,
գ/ ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության գիտակցումը,
դ/ զինվորական երդման, համազորային կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման և դաստիարակության, դրանք անվերապահորեն կատարելու պատրաստակամության ձեւավորումը,
ե/ զորամասերի զինվորական անձնակազմերի կյանքի, կենցաղի, զենքի ու զինտեխնիկայի հետ ծանոթացումը,
զ/ տեսական և գործնական պարապմունքների միջոցով շարային և կրակային պատրաստության իրականացումը,
է/ անհրաժեշտ նվազագույն ռազմական գիտելիքների, մարտավարության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի հիմունքների յուրացումը,
ը/ ռազմակիրառական կարողությունների, կամային բարձր հատկանիշների, առաջին բուժօգնության, ինքնօգնության, փոխօգնության ունակությունների ձեւավորումը,
թ/ քաղաքացիական պաշտպանության ազդանշաններից, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու ունակությունների, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և անհրաժեշտ վարվելակերպի սերմանումը,
ժ/ հայոց բանակի ավանդույթների իմացությունը, ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիների և աղջիկների դաստիարակումը,
ի/ մասնագիտական ընտրության աջակցություն` ըստ նախասիրությունների:
Ծրագրի առանձին բաժինները, լինելով իրարից անկախ, ուսուցման ընթացքում թույլ են տալիս կատարելու թեմաների ուսուցման հերթականության փոփոխություններ` ուսումնական բազայի վիճակից, դպրոցի տեղակայման վայրից` քաղաք, թե գյուղ, լեռնային, թե հարթավայրային շրջան, շեֆություն ստանձնած զորամասի գտնվելու հեռավորությունից, եղանակային պայմաններից:
ՆԶՊ կապված լինելով հանրակրթական շատ առարկաների հետ /պատմություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն/ աշակերտների գիտակցության մեջ խթանվում է տվյալ առարկաների դերն ու կարեւորությունը կյանքում և ռազմական գործում, ինչը նպաստում է նրանց բազմակողմանի զարգացմանը:
ՆԶՊ դասավանդումը` պարզից բարդին անցնելով, սկզբում վարժաձևերի ճիշտ, բայց դանդաղ կատարմամբ, այնուհետև կանոնադրական պահանջների համապատասխան, այնուհետև գիտելիքների կիրառման փորձառության ձեռքբերումը իրականացվում է հրաձգարաններում և զորամասերում գործնական պարապմունքների ժամանակ:
Ուսուցումը կազմակերպվում է ինտերակտիվ /փոխներգործուն/ մեթոդներով, սովորողները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց խոսքն ու կարծիքը, ստեղծագործելու, դրսևորելու իրենց գիտելիքներն ու ունակությունները երկխոսության, տարբեր վարժությունների միջոցով:
Ավագ դպրոցի յուրաքանչյուր պատանի շրջանավարտ պետք է իրեն նախօրոք պատրաստի այն մտքին, որ զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար, և ինքը պետք է լինի ֆիզիկապես կոփված, մտավոր ու հոգևոր ներուժով, բարոյական վեհ արժանիքներով օժտված անձնավորություն, ունենա անհրաժեշտ ռազմագիտական նվազագույն գիտելիքներ և ունակություններ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի ավագ սպա