Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

FACEBOOK-Ի ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Արդեն մի քանի շաբաթ է` Facebook սոցիալական ցանցում գործում է «Հայ զինվոր» պաշտոնաթերթի էջը: Երբ մենք էջում տեղադրեցինք հայտարարություն եւ հնարավորություն ընձեռեցինք մեր ընթերցողներին շնորհավորել հայ զինվորին Նոր տարվա կապակցությամբ, արձագանքները չուշացան: Մենք այդ բարեմաղթանքները փոխանցում ենք քեզ, սիրելի՛ զինվոր:

Ամանորը և Սուրբ Ծնունդը մեր ամենասիրելի տոներն են, երբ ողջ ընտանիքն է համախմբվում, երբ բոլորը միմյանց ամենաթանկն են ցանկանում` խաղաղություն, առողջություն և երջանկություն: Հայրենիքի խաղաղությունը պահպանող մեր զինվորներին ցանկանում եմ ապահով և անվտանգ ծառայություն, թող բոլոր դժվարություններն ու հոգսերն աննկատ անցնեն: Եղեք առողջ, զգոն և գիտակից` ձեր սիրելիների անդորրը, մեր երկրի խաղաղ կյանքը ձեր ձեռքերում է: Իսկ մենք սիրով կսպասենք ձեր վերադարձին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
հեղինակ-կատարող

♦♦♦
Ցանկանում եմ մեր հաղթական հայոց բանակի զինվորներին բարի ծառայություն, թող որ ձեր դիրքերը միշտ անսասան լինեն, եղեք առողջ, եւ թող մեր երկրում հավերժ խաղաղություն տիրի: Հպարտանում ենք ձեզնով, սիրում ենք ձեզ, ձեր շնորհիվ է, որ մենք կարողանում ենք մեր բնագավառում հանգիստ սրտով եւ պատվով բարձր պահել մեր երկրի դրոշը: Շնորհավոր Ամանոր:

ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ
ըմբշամարտիկ

♦♦♦
Արդեն 20 օրից ավելի է, ինչ զորացրվել եմ: Ծառայել եմ ԼՂՀ զինված ուժերում: Հպարտությամբ եմ ծառայել: Ուզում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ մաղթանքներս հղել Հայոց բանակի ամբողջ կազմին, մեր հրամանատարներին, ծառայակից ընկերներիս, բոլոր զինվորներին և սպաներին:
Հատկապես ուզում եմ շնորհավորել մեր գնդի հրամանատար Համլետ Սևոյանին, ով մարտական ծառայության ընթացքում սրտացավ վերաբերմունքի է արժանացրել մեզ: Շնորհավորանքներս եմ հղում նաև եղբորս` Դավիթին, որ հիմա դիրքերում մարտական հերթափոխություն է իրականացնում իր զինակից ընկերների հետ, և նրա կողմից հատուկ շնորհավորանքներ փոխանցում հրամանատարին` գնդապետ Վահագն Ասատրյանին: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, ընկերներիս` անփորձանք ծառայություն:
Թող Նոր տարին մեր բանակի համար լինի ձեռքբերումների, կատարելագործման տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԱՐՍԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

♦♦♦
Սիրելի զինվոր,
Հայրենիքը առավել քան երբևէ ունի քո կարիքը: Դու և քո զինակից ընկերներն էլ առավել քան երբևէ ունեք ուշադրության կարիք: Մեր սերն ու ուշադրությունը անպայման պիտի փոխադարձ լինի: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ դարավոր թշնամին ատամները սրած սպասում է հարմար առիթի` ջլատելու, թուլացնելու մեր երկիրը, մեր չքնաղ Հայրենիքը, հայ ժողովուրդը համախմբվելու և միասնական լինելու խիստ հրամայական ունի:
Միայն զինվորի ու սահմանապահի վրա հույս դնելը ճակատագրական կլինի: Մեր համախմբումը առավել քան անհրաժեշտ է: Հուսով եմ՝ դա գիտակցում եք դուք և առաջին հերթին մեր հայրենակիցները, լինի դա Հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս: Անսասան է մեր սերն ու հավատը հայ զինվորի նկատմամբ:
Այս Ամանորը նոր լույս պիտի բերի մեր սրտերին: Կարողանանք պահել- պահպանել մեր երկիրը, որի տերն ես դու, մեր իմաստուն ժողովրդին, որի զավակն ես դու: Քեզ ու քո ընկերներին մաղթում եմ բազեի աչք, արծվի թռիչք, առյուծի սիրտ, մեծ սեր ու հավատ, կորով և իմաստնություն: Թող 2013 թվականը առաջին հերթին խաղաղություն բերի մեր երկրին, անդորր մեր սահմաններին, առողջություն, հզորություն մեր սիրելի զինվորին, սահմանապահին, մեր իմաստուն ժողովրդին, որ կարողանանք էլ ավելի շենացնել և հզորացնել Հող Հայրենին: Սիրով քեզ եմ նվիրում մի փոքրիկ բանաստեղծություն:

ՀԱՅԱՍՏԱՆ
Մոր համբույրի նման թող նոր տարին բացվի,
ու ձյան տակ քո նահատակ որդիների
շիրիմներին
թող լու՛յս ծաղկի այս առավոտ:
Անհայրենիք հեռուներում խոր քուն մտած
ոգիները
պիտի զարթնեն սրտիդ զարկից,
ու կարոտյալ թռչունները
կտուցներին սիրո նշխար,
և հեռացած քարավաններ
ձայնիդ հլու` քեզ կսուրան:
Կանաչ – կարմիր գարունների սպասման մեջ,
Լեռան չորս դին
պիտի հնչի վերադարձի ու հանդիպման
ց ն ծ ե ր գ ու թ յ ու ն …

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ գեղանկարիչ, բանաստեղծ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Բանակ և հասարակություն


10/01/2013