ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԱԾ Է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 24-ին 3 տարվա ազատազրկման դատապարտեց 55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանին: Որոշվեց նաեւ հօգուտ պետության նրա գույքից բռնագրավել 3 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաղդասարյանը մեղադրվում էր «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու և 2006-ից մինչև 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Բաղդասարյանի գործը քննում էր երկու տարի: Կասկածի տակ էր դրվում պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալը: Հովհաննես Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 325 հոդվածի 1-ին մասով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջին հոդվածով դատարանը ազատամարտիկին դատապարտեց ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն ազատ արձակեց` կիրառելով համաներում, իսկ 2-րդ հոդվածով դատապարտեց 4 տարի ժամկետով: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատեց եւ սահմանեց ազատազրկում 3 տարի ժամանակով:
Ազատամարտիկի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանից հետաքրքրվեցինք, թե կբողոքարկե՞ն դատարանի վճիռը.«Վերաքննիչ դատարան բողոք կգրեմ, մտածում եմ նաեւ անմարդկային վերաբերմունքի համար դիմել Եվրոդատարան: Ինչ վերաբերում է պետությանը հասցրած վնասը փոխհատուցելուն, ապա նշեմ, որ իմ պաշտպանյալը ոչինչ չունի` ո՛չ տուն, ո՛չ գույք, զրկված է թոշակից: Այս հարցը կարծում եմ օդի մեջ կմնա»:
Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Բանակ և հասարակություն