Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԷՍԹԵՏԻԿԱ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՎԵՍՏԻ



Այսօր հաճախ ենք լսում՝ «Չունենք պատերազմում հաղթած իսկական հերոսի դասական կերպար»: Մինչդեռ Արցախյան պայքարից հաղթանակով վերադարձած բազմաթիվ տղաներ, այսօր էլ ապրելով մեր կողքին, համեստորեն լռում են իրենց մասին: Այնինչ հաղթողի նրանց կերպարը, որ պիտի սերունդներ դաստիարակեր, այդպես էլ հավուր պատշաճի չարտացոլվեց ո՛չ մեր կերպարվեստում, ո՛չ էլ գրականության մեջ:

«ԲԱՑԱԿԱ ԿԵՐՊԱՐ»

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, մտավորական, նկարիչ Մկրտիչ Տոնոյանը մեկն է այն «անհամեստ» մարդկանցից, որոնք, ի հեճուկս դժխեմ բախտի, տուն դարձան ու այսօր մեզ հետ են, մեր «խաղաղ» իրականության մեջ… Եվ, ինչպես ասում են, պատերազմից հեշտ դուրս չեն գալիս… Չկար հարազատ հասարակության շարքերը վերադարձի մի ճանապարհ, որ պատված չլիներ անհյուրընկալ անտարբերությամբ: Բայց շուտով ինքն էլ հասկացավ. պատճառը հոգեբանական ախտանիշն է, ըստ որի «մենք չունենք համապատասխան փորձ՝ պատերազմում հաղթած զինվորին ըստ արժանվույն ընդունելու»… Ու թեեւ Մկրտիչ Տոնոյանի և նրա նման «խոնարհ հերոսների հավաքական կերպարը մարմնավորվեց արվեստում, բայց, արի ու տես, հաճախ արվեստը սկսեց կերպավորվել նրանց տառապյալ հոգիներում, ասել է թե՝ արևերես ելավ՝ ցրելով անտարբերության թանձր մշուշը:

Պատերազմի սարսափները ապրելուց հետո հեշտ չէր հիշողությունների հետ մենակ մնալը, որոնցից շատերը որոշ ժամանակից ի վեր իրենց ուրույն, տիպական գույն ու երանգներով, ինչպես կտավի վրա, հառնում էին աչքի առաջ: Եվ Մկրտիչն ընտրեց իր հոգու տենչերն արտահայտելու ստեղծագործական բարդ ու դժվարին ճանապարհը: Կամքի ուժի եւ համառ աշխատասիրության շնորհիվ 1996-2002 թթ. սովորեց-ավարտեց Գեղարվեստի պետական ակադեմիան, սակայն ինքն իրեն առաջին հերթին մտավորական է համարում. նա, ով, ըստ նրա, ոչ թե դիպլոմ ունի, այլ ազգային արմատներ, ինչու չէ, ակադեմիական կրթություն եւ ամենակարեւորը` մտահոգ սիրտ, որը բավական է, որպեսզի մտավորական կոչվես: Իսկ որպես գույների վարպետ` իրեն համարում է կոնցեպտուալ արվեստի, մասնավորապես՝ «Ռազմական գեղարվեստի» հետեւորդ: Ինչպես այս, այնպես էլ «Ռազմադաշտային մտավորական» ուղղությունը Հայաստանում հիմնել է Ալեքսանդր Մելքոնյանը` նրա զինակից ընկերն ու ուսուցիչը:

Հաղթանակը արվեստի վերածելու ուղին ակոսեց սեփական տաղանդով՝ 2002-ին հիմնելով «Ակոս» մշակութային ՀԿ-ն: 2006-ին «Ակոսում» հիմնվեց «Հասարակական հետազոտությունների մշակութային կենտրոնը», որն առ այսօր իրականացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդ ստեղծագործողներին:

ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ

«Խոստովանություն»։ Արվեստանոց մտնելուն պես ազդեցիկ այս կտավն իսկույն գրավեց ուշադրությունս, քանզի այն իր առջև կանգնողին, կամքից անկախ, մի ինչ-որ կախարդանքով իսկապես էլ մղում է խոստովանության, ինչպես մեղքերի թողության եկեղեցու խորանում: «Այր ու կին` մի մարմին». աստվածաշնչյան ճշմարտությունն իր շոշափելի արտացոլումն է գտել ոչ պակաս ուշագրավ այս գործում, որում կենտրոնացած է կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների ողջ դրամատիզմը: «Այստեղ անդրադարձել եմ կնոջ դյութիչ, կախարդական կերպարին,-ասում է նկարիչը,-թեեւ էդքան կախարդական էլ չի ինքը, ուղղակի տղամարդն է սիրում կախարդվել»,-ավելացնում է ժպտալով:

Ինքը` արվեստագետը, համոզված է` «գեղեցիկը հազիվ թե փրկի աշխարհը», բայց, միևնույն է, նրա արվեստանոցում ինձ ամեն քայլափոխի հետապնդում էր Գեղեցիկը, նույնիսկ տեղ-տեղ նկատվող թափթփվածությունն էր հրապուրիչ, գեղարվեստական…

ԷՍԹԵՏՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ

Պատերազմի շունչն այստեղ զգացվում էր ոչ միայն «Թառը` ռազմավար» կտավից` իբրեւ նրա միակ ռազմավար: Զենքի գեղագիտական ընկալման մասին զրույցը ծագեց պատերազմից մնացած իրերի` վառոդի, սաղավարտի, փամփուշտների, զինվորական հագուստի ու ամանեղենի նկատմամբ իմ դրսևորած հանպատրաստի հարցասիրությունից: «Աղջիկը կարող է ե՛ւ սիրել, ե՛ւ չսիրել զենքը,- ասում է նախկին ավագ լեյտենանտը,- բայց տղայի համար դա նաեւ պետք է էսթետիկական ընկալման միջոց հանդիսանա: Ո՜նց կարող է տղան ի բնե կրքոտ չսիրել զենքը»: Ըստ նրա գեղագիտական հայեցողության՝ զենքը մարդու վրա թողնում է երկակի ազդեցություն: Երբ կանխավ գիտես զենքի ավերիչ ուժի մասին, ակամա այդ զգացման հետ քեզ է փոխանցվում նաև բնազդական ինչ-որ սարսափ: Ինչպես ինքն է ասում՝ «շատ «մուխանաթ» հարց է, քանի որ երբ ինքդ էսթետիկա ես տեսնում զենքի մեջ, ապա դա դիմացինի կողմից կարող է թյուրիմացաբար դիտվել իբրեւ պատերազմի քարոզչություն»: Նա նաեւ նշում է, որ էսթետիկան միով բանիվ գիտություն է ոչ միայն գեղեցիկի, այլև տգեղի, սարսափելիի եւ կործանարարի մասին, որոնք գեղագիտության մի մեծ ճյուղ են կազմում:

***

Նախաբանակային տարիքի այսօրվա երիտասարդի մասին իմ զրուցակցի կարծիքը նույնպես հետաքրքրական է, քանի որ տասնյոթ տարեկանում արդեն կամավորական էր եւ «Ազգային լեգեոն» ջոկատի հիմնադիրներից. «Ուսուցման եւ դաստիարակության ինստիտուտները բանակում մեկտեղվում են: Ուստի պաշտպանության նախարարությունը պետք է պատասխանատվություն կրի զինվորի, առավել ևս՝ նորակոչիկի հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության համար։ Օրինակ` եթե զինվորը վատ է վազում կամ չունի անհրաժեշտ մարտական պատրաստականություն` չի կարողանում դիպուկ կրակել կամ առաջադրանքները ժամանակին կատարել, ուրեմն թերացել են ոչ միայն բանակային օղակները, այլ նաև՝ դպրոցը, ընտանիքը,- կարծում է նախկին ազգային լեգեոնականը։ -Դաստիարակության խնդիրը համազգային խնդիր է, որում պետք է ներգրավված լինեն բոլոր կառույցները: Երբ տասնութ տարեկան երիտասարդը լավ չի պատկերացնում հայրենիք ասվածը կամ, առհասարակ, զուրկ է այդ զգացողությունից եւ հայտնվում է բանակում, ո՞նց կարող է վեց ամսում դառնալ հայրենասեր, որ գոնե էն տարիուկեսը որպես հայրենասեր զինվոր ծառայի: Ըստ իս` ամեն ինչից զատ, նախաբանակային տարիքում պարտադիր են նաև զորամասեր հաճախակի այցելությունները»:

Հ.Գ. Անշուշտ, իմ այս համեստ տողերը չեն հավակնում ստեղծել Արցախյան ազատամարտում հաղթած զինվորի ամբողջական կերպար, բայց և մի փոքրիկ վրձնահարված են օրեցօր հասունացող այն մեծ կտավի, որի ի հայտ գալուն սպասել ենք մեր հաղթանակից ի վեր:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Հոգևոր-մշակութային


10/01/2013