«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽԻ»
Հարցազրույց ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ-վերլուծական կենտրոնի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Պողոսյան, 2012 թվականի կարևոր իրադարձություններից էին նախագահական ընտրությունները աշխարհի հզոր պետություններում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, քաղաքական վերնախավի փոփոխությունը Չինաստանում: Այդ ընտրությունների արդյունքում Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել նշված երկրների վարած քաղաքականության մեջ:
-ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբամայի վերընտրվելը նշանակում է, որ Իրանի նկատմամբ նրա քաղաքական գիծը կշարունակվի. Օբաման հակված է Իրանի միջուկային խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը: Չի բացառվում, որ ի հավելումն բանակցությունների գործող ձևաչափի` սկսվեն իրանա-ամերիկյան ուղիղ բանակցություններ (հրապարակային կամ գաղտնի):
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա Օբամայի նախագահության օրոք դրանք բարելավվել են՝ ի տարբերություն Բուշ Կրտսերի նախագահության ժամանակաշրջանի: ԱՄՆ-ը աջակցեց Ռուսաստանին, որպեսզի վերջինս դառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ՝ հաղթահարելով Վրաստանի հարուցած արգելքը: Իր հերթին, Ռուսաստանն իր տարածքը տրամադրում է՝ Աֆղանստան բեռներ փոխադրելու համար: 2010թ. ստորագրվեց ռազմավարական սպառազինության կրճատման մասին նոր պայմանագիրը: Ենթադրվում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրացում չի լինի, թեպետ, իհարկե, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան՝ կապված Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրերի, մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող ռուս պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելելու (այսպես կոչված՝ «Մագնիտսկու ակտի») և այլ հարցերի հետ:
-Դրանցից մեկն էլ Սիրիայի հարցն է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղղությամբ կզարգանան իրադարձություններն այնտեղ:
-Անցյալ տարվա ընթացքում իրադրությունը Սիրիայում կտրուկ փոխվեց: Եթե 2011թ. ընթացքում հակակառավարական խռովություններ էին տեղի ունենում, ապա 2012-ին արդեն սկսվեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ՝ կրոնահամայնքային երանգով (ալավիների և սուննիների միջև): Սիրիական ընդդիմությունը համախմբվեց և Արևմտյան հիմնական ուժային կենտրոնների կողմից ճանաչվեց որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ: Ճիշտ է, նա իշխանափոխություն կատարելու անհրաժեշտ միջոցներ առայժմ չունի, և իրավիճակը Սիրիայում հեռու է վերջնական կարգավորումից: Իմ կանխատեսումով, առնվազն կարճաժամկետ հեռանկարում նախագահ Բաշար Ասադի վարչակարգը կդիմանա՝ փոփոխական հաջողություններով զինված պայքար մղելով ընդդիմադիրների դեմ: Սակայն, միևնույն ժամանակ ակնհայտ է Բ.Ասադի իշխանության թուլացման միտումը:
-Եվ ի՞նչ կլինի հետո:
-Դժվար է ասել: Մտահոգվելու առիթ կա, քանի որ Սիրիայում գնալով ակտիվանում են սուննի մահմեդական ահաբեկչական կազմակերպությունները, ինչն անհանգստացնում է նաև ԱՄՆ-ին:
-Իրադարձությունների այդօրինակ զարգացումն ինչպե՞ս կանդրադառնա Իրանի վրա:
-Ցայսօր Սիրիան Իրանի կարևոր դաշնակիցն է եղել, և գործող վարչակարգի տապալումն այնտեղ Իրանի համար ռազմավարական լուրջ հարված կլինի: Իհարկե, չի կարելի ասել նաև, թե Բ.Ասադի վարչակարգի տապալումը կնշանակի Իրանի տապալում: Իրանը կպահպանի իր ազդեցությունը թե՛ Իրաքում և թե՛ Աֆղանստանում:
-Իսրայելի ղեկավարները հայտարարում են, որ Իրանը երկու ամսից կմոտենա իրենց նախանշած «կարմիր գծին», այսինքն՝ իրական կդառնա միջուկային ռումբ ստեղծելու նրա հնարավորությունը: Կարո՞ղ է իսրայելա-իրանական պատերազմ սկսվել:
-Իսրայելական կողմի բոլոր հայտարարությունները «կարմիր գծի» մասին նախատեսված են ավելի շուտ ներքին սպառման և Իրանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար: Թե՛ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը, թե՛ այլ պետությունների հետախուզական ծառայությունները իրենց զեկույցներում նշում են, որ Իրանի ղեկավարությունը միջուկային զենք ստեղծելու քաղաքական որոշում դեռևս չի կայացրել: Բացի դրանից, Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություն դեռևս չունի և դժվար թե կարճաժամկետ հեռանկարում ունենա:
Կարելի է պնդել, որ Իսրայելը բավարար ուժ չունի՝ Իրանին միայնակ հարվածներ հասցնելով էական վնաս պատճառելու Իրանի միջուկային ծրագրին:
-Ֆրանսիայում կօրինականացվի՞ քրեական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար:
-Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հետամուտ կլինի օրենքի ընդունմանը: Այդ հարցը քննարկվել է նաև անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, սակայն օրենքի ճակատագրի մասին կանխատեսում անելը դժվար է, որովհետև Ֆրանսիայում կան նաև լուրջ ուժեր, որոնք շահագրգռված են Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ:
-Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության դիրքերը Հարավկովկասյան տարածաշրջանում ուժեղանալո՞ւ, թե՞ թուլանալու միտում ունեն:
-ԱՄՆ-ը իր պարտավորությունները ռեսուրսներին համապատասխանեցնելու խնդիր ունի, ուստի վերաբաշխում է ռեսուրսները՝ նպատակ ունենալով ավելացնել իր ներկայությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հետևաբար Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությունը նվազելու է: Իհարկե, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը այստեղ շահեր չի ունենալու. նա իր շահերը հետապնդելու է իր դաշնակիցների միջոցով:
Եվրամիությունը նույնպես լուրջ խնդիրներ ունի՝ անդամ մի շարք պետությունների պետական պարտքի սպառնալից չափ, ֆինանսատնտեսական ճգնաժամ: Իհարկե, Հարավային Կովկասի պետությունների հետ Արևելյան գործընկերության ծրագիրը դրա պատճառով չի դադարեցվի, սակայն ԵՄ-ի «ներկայությունը» տարածաշրջանում չի էլ ավելանա:
Ձեր նշած պետություններից միակը, որը քայլեր կձեռնարկի Հարավային Կովկասում ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ, Ռուսաստանն է:
-Ի՞նչ կասեք Չինաստանի մասին:
-Անցյալ տարի Չինաստանում ընտրվեց Կոմկուսի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նոր կազմ, կուսակցության նոր գլխավոր քարտուղար՝ Սի Ջին Փինը, որն այս տարվա մարտ ամսին կստանձնի նաև երկրի նախագահի պաշտոնը:
Երկրի քաղաքական նոր ղեկավարությունը մեծ անելիքներ ունի: Չինաստանի առաջ ծառացած են տնտեսությունը արտահանումից դեպի ներքին սպառումը վերակողմնորոշելու, կոռուպցիայի դեմ պայքարի, հարևանների (Ճապոնիայի, Վիետնամի, Ֆիլիպինների) հետ տարածքային վեճերը լուծելու, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիրները: Այսօր Չինաստանն աշխարհում երկրորդ պետությունն է իր համախառն ներքին արդյունքի մեծությամբ, ակնկալվում է, որ 2020-25թթ. կդառնա առաջինը:
Չինաստանը Հարավային Կովկասում անմիջական շահեր չունի: Նա շահագրգռված է Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները դեպի Չինաստան ուղղորդելու խնդրով: Չինաստանում քաղաքական վերնախավի փոփոխությունը Հայաստանի վրա նկատելիորեն չի անդրադառնա:
-Որոշ քաղաքագետների կարծիքով, Հայաստանը կանգնած է «Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն» աշխարհաքաղաքական երկընտրանքի առաջ, ոմանք նույնիսկ ընտրությունն են կատարում: Ըստ Ձեզ՝ կա՞ այդպիսի երկընտրանք:
-Կարծում եմ, որ այդ «երկընտրանքի» շուրջ ստեղծված իրարանցումն արհեստական է, որովհետև երկու ընտրանքներն էլ հեռու են իրական լինելուց: Եվրամիությանն անդամակցելուց Հայաստանը դեռ հեռու է, նույնիսկ եթե մինչև այս տարվա ավարտը ստորագրվի Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեռևս 2011թ. առաջարկված Եվրասիական միության գաղափարին, ապա ցայսօր ես այդ միության քիչ թե շատ հստակ քաղաքական բնորոշման չեմ հանդիպել: Եվրամիության հարցում գոնե որոշակի է, որ դա միություն է ազատականության փիլիսոփայության և արժեքների հիման վրա: Իսկ ի՞նչ արժեքներ են ընկած լինելու Եվրասիական միության հիմքում՝ պարզ չէ:
-Բազմաթիվ հեղինակներ խոսում են կապիտալիզմի համակարգային ճգնաժամի մասին: Հնարավոր համարո՞ւմ եք հասարակարգի փոփոխություն:
-Կարելի է ասել, որ քանակական ու որակական սպառման աճի վրա հիմնված քաղաքակրթությունը սպառել է իրեն: Սպառողական հասարակությունը բախվում է Երկրագնդի բնական ռեսուրսների սահմանափակության, բնապահպանական խնդիրների հետ: Կարծես թե շատերն են հասկանում սա և համաձայն են, որ այսպես շարունակել այլևս անհնար է: Բայց այլընտրանքի առաջարկ, որն ընդունելի կլինի մարդկության մեծամասնության համար, դեռևս չկա:
-Որո՞նք են այս տարվա առավել կարևոր իրադարձությունները Հայաստանի քաղաքացու տեսանկյունից:
-Նախագահական ընտրությունները Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում:
-Եվ վերջին հարցը. ինչպիսի՞ն էր 2012 թվականը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համար: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ են արձանագրվել, և որո՞նք են ապագայի գլխավոր անելիքները:
-2012 թվականի հիմնական խնդիրն էր ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ Պաշտպանական ազգային համալսարանի ձևավորման ծրագրի վերջնական բյուրեղացումը, ինչը հաջողվեց: Գործընթացը սկսվել է դեռևս 2003-04թթ.՝ ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում գիտական ստաժավորման ընթացքում, հետագայում` Հարվարդի համալսարանի և ԱՄՆ «Alma Mater»- մայր ԱՌՀԻ-ի հետ նրա գիտակրթական գործակցությամբ: 2012թ. հունիսին ՊՆ-ում կազմակերպված սեմինարի ընթացքում ծրագրի բյուրեղացված տարբերակը ներկայացվեց ՀՀ պաշտպանության նախարարին (սեմինարին մասնակցում էին նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը և ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի պրոֆեսոր Ջիմ Քիգլը, որը պարոն Հ.Քոթանջյանի գիտական խորհրդատուն է):
Պաշտպանական համալսարանն ունենալու է երկու բաղկացուցիչ` հետազոտական և կրթական: Հետազոտական բաղկացուցչի մաս են կազմելու ԱՌՀԻ-ի գործող վերլուծական կենտրոնը` ընդլայնված գործառույթներով, ստեղծվելու են երկու նոր կենտրոններ՝ ռազմավարական կիրառական ուսուցման կենտրոն և կիբեռանվտանգության ազգային կենտրոն:
Կրթական բաղկացուցիչն ապահովելու է ինչպես մագիստրոսական, այնպես էլ հետբուհական կրթություն` հանձինս ասպիրանտուրայի, որը ԱՌՀԻ-ում գործում է 2009թ.-ից: Մագիստրատուրայում ընդունելությունը կազմակերպվելու է միայն ՀՀ անվտանգային ոլորտին առնչվող գերատեսչությունների միջին և բարձր օղակի պաշտոնյաների համար: Դասավանդման սկզբունքն է լինելու հետազոտության և կրթության օրգանական կապը, այսինքն՝ հետազոտությամբ զբաղվողներն իրենք էլ հիմնականում դասավանդելու են: 2013թ. դեկտեմբերին կմեկնարկեն պաշտպանական-անվտանգային վերապատրաստման դասընթացները, որոնք նույնպես նախատեսված են անվտանգային ոլորտին առնչվող գերատեսչությունների միջին և բարձր օղակի պաշտոնյաների համար, իսկ մագիստրոսական ծրագիրը կմեկնարկի 2016 թվականից: Այս տարի կսկսվի նաև ԱՌՀԻ-ի երկրորդ մասնաշենքի շինարարությունը:
Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ