Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ



Արտաշատ քաղաքի քոլեջն ավարտելուց եւ վարորդական դասընթացներ անցնելուց հետո Բորիս Թադևոսյանը մեկնեց բանակ՝ պարտադիր ծառայության։ Զորամասում, որտեղ ծառայում է նաև նրա ավագ եղբայրը՝ Արամայիսը, իրենց գործին նվիրված հրամանատարների ջերմ ու հոգատար վերաբերմունքով շրջապատված նորակոչիկները սերտում են զինվորական գործի գաղտնիքները, կրթվում թե՛ հոգեպես, թե՛ մարմնով, որոնց շարքում արդեն իսկ աչքի է ընկել Բորիսը։ Օրերս զորամասի նորակոչիկների նախապատրաստական գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Լեռնիկ Քամալյանից ստացվեց առաջին շնորհակալագիրը։

«Հարգելի տեր և տիկին։ Ձեր որդին առաջին անգամ ոտք է դրել մեր զորամաս։ Ծառայությունն անցկացնելու առաջին իսկ պահից նա ևս մյուս նորակոչիկների նման շրջապատվել է առանձնահատուկ ուշադրությամբ, զինվորի հոգեբանությունն իմացող բանիմաց մարդկանցով։ Վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեր որդին՝ Բորիս Թադևոսյանը, արդեն իսկ հասցրել է դրական տպավորություն թողնել հրամանատարների և ծառայակիցների վրա։ Ուստի թույլ տվեք հայտնել մեր խորին երախտագիտությունը նման գիտակից ու իր ծառայական պարտքը ըստ ամենայնի հասկացող ու գնահատող որդի դաստիարակելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում Ձեր որդու բանակ զորակոչվելուն չխոչընդոտելու համար»։

Արամայիս պապը, Աֆղանական պատերազմի վետերան, հայոց բանակի պայմանագրային զինծառայող հայրը՝ Արտավազդ Թադևոսյանն ու մայրը՝ Նինան, հպարտության վեհ զգացում ապրեցին՝ կարդալով իրենց հասցեագրված նամակի տողերը՝ վստահ, որ ինչպես ավագ որդին, այնպես էլ Բորիսը պատվով կկատարի հայրենիքի հանդեպ նվիրական պարտքը և չի արատավորի իրենց անունը՝ բարձր պահելով ընտանիքի պատիվը։

ԱՐԱՄ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Բանակ և հասարակություն


10/01/2013