ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ
Էլմիրա Հեքեքյան, Տիգրան Հեքեքյան, Աննա Հեքեքյան. այս անունները քաջ հայտնի են հայ արվեստասեր հասարակությանը, եւ անուրանալի է նրանց ավանդը հայոց մշակույթի զարգացման գործում: Հեքեքյանները, ինչպես վայել է ճշմարիտ մտավորականին, սրտացավ են ազգային բանակի հանդեպ, եւ նրանց մշակութային ծրագրերում բանակն ունի իր մշտական եւ կարեւոր տեղը: Մեկ անգամ չէ, որ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայ փոքրիկ երգիչները» այցելել են ազգային բանակի ամենահեռավոր զորամասերը, երգել են սահման պահող սպայի ու զինվորի համար, ոգեւորել են նրանց իրենց խրոխտ, հայրենաշունչ երգերով: Աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակները նվաճած, ամենաբարձրաճաշակ ունկնդրի հիացմունքին արժանացած «Հայ փոքրիկ երգիչները» զինվորների ու զինվորականների համար երգում են առանձնակի սիրով ու ջերմությամբ, քանի որ, ինչպես նշեց մաեստրո Տիգրան Հեքեքյանը, զինվորին ու սպային ենք պարտական, որ ունենք ազատ, անկախ, խաղաղ հայրենիք, որ կարող ենք ապրել ապահով, անվտանգ եւ ստեղծագործել: «Առանց անկախ երկրի, առանց պաշտպանված սահմանների, առանց սեփական ուժի գիտակցության, ասել է թե՝ առանց հպարտության ու արժանապատվության զգացումի, մեր հոգում երգեր չեն ծնվի, ու այդ երգերը չեն լինի այդքան գեղեցիկ ու վեհացնող: Ամեն անգամ մեր «Փոքրիկ երգիչները» զորամասից վերադառնում են ավելի ուժեղ, ավելի հայրենասեր, ավելի հպարտ: Ավելի են մոտենում Հայրենիքին, ավելի են գնահատում խաղաղության պաշտպաններին»:
«Հայ ամենափոքրիկ երգիչները»՝ կրտսեր տարիքի երեխաների երգչախումբը, առայժմ զորամասերում չի երգել, ամենափոքրիկները մտերիմ են պաշտպանության նախարարության վարժարանների սաների հետ: Նրանց այցելությունները Մոնթե Մելքոնյանի անվան, «Տիգրան Մեծ» եւ «Փոքր Մհեր» վարժարաններ պարբերական են: «Մենք ցանկանում ենք, որ ռազմամարզական վարժարանների սաները իրենց հանգիստը գեղեցիկ եւ բովանդակալից անցկացնելու հնարավորություն ունենան, որ վարժարաններում միշտ հնչի երաժշտությունը: Այդ պատճառով էլ մենք ե՛ւ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին, ե՛ւ «Տիգրան Մեծ» վարժարանին նվիրեցինք դաշնամուր»,- ասաց Էլմիրա Հեքեքյանը: «Տիգրան Մեծ» վարժարանի սաները նվերը ստացան բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը: Հանդիպումը նախաձեռնել էր ռեժիսոր Աննա Հեքեքյանը: Վարժարանի սաների համար բանակի տոնը նշանավորվեց «Հայ ամենափոքրիկ երգիչների» համերգով: Վարժարանի սաների ուղեկցությամբ փոքրիկ երգիչները շրջեցին վարժարանում, վայելեցին սաների հյուրասիրությունը վարժարանի ճաշարանում: Ապագա արվեստագետները եւ զինվորականները կրկին միմյանց հետ շփվելու հնարավորություն ունեցան, զրուցեցին իրենց հետաքրքրող թեմաներից, մեկը մյուսին պատմեցին իրենց առօրյայի, ձեռքբերումների ու հաջողությունների մասին:
«Տիգրան Մեծ» վարժարանի տնօրեն փոխգնդապետ Կորյուն Ղումաշյանը հյուրերին ցույց տվեց ցուցահանդես-թանգարանի հազվագյուտ նմուշները՝ հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքի պեղումների ժամանակ: Նա նշեց, որ «Հայ ամենափոքրիկ երգիչների» այցելությունները խանդավառում են վարժարանի սաներին, նրանց հայրենասիրական երգերը սաների հոգին լցնում են հպարտությամբ, խիզախությամբ, կորովով: Վարժարանի տնօրենը համերգի կազմակերպիչ Էլմիրա Հեքեքյանին շնորհեց «Տիգրան Մեծ» պատվո շքանշանը: Հայ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայրենական պատերազմի վետերան Էլմիրա Հեքեքյանը շատ մեդալներ ու շքանշաններ ունի, սակայն «Տիգրան Մեծ» պատվո շքանշանը նույնքան պատվաբեր է ու կարեւոր, քանի որ կրթօջախի անձնակազմի ու սաների անկեղծ երախտագիտության ու հարգանքի հավաստիքն է:
«Ես առանց ավելորդ համեստության կասեմ, որ այցելելով բանակի զորամասեր եւ պաշտպանության նախարարության կրթօջախներ, մենք մեծ գործ ենք անում: Յուրաքանչյուր համերգով մենք ցանկանում ենք ասել, որ շատ ենք սիրում զինվորականներին, զինվորներին, կուրսանտներին ու սաներին, նրանց գործը շատ բարձր ենք գնահատում, երախտապարտ ենք, որ նրանք ընտրել են հիրավի հերոսական, հայրենիքի պաշտպանի պատվարժան մասնագիտությունը: Որ մենք միշտ իրենց կողքին ենք, հպարտ ենք իրենց հաղթանակներով, իրենց ուժով, իրենց խիզախությամբ: Որ ազգային բանակը մեր ազգի ամենաթանկ ու ամենակարեւոր արժեքն է»:
Գ. Պ.
Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Բանակ և հասարակություն