Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԵՌԱՆԴ



Սովորաբար զորամասերի հրամանատարները բնավորությամբ լինում են երկու տեսակ՝ հանգիստ, որոնք շուտ հարմարվում են իրավիճակին, միջավայրին և անհանգիստ։ Վերջիններս միշտ շարժման, որոնումների մեջ են, ավելի նպատակասլաց են ու շատ լավ հասկանալով, որ վերադասն իրենցից սպասելիքներ ունի, մշտապես որոնում են առաջադրանքների կատարման նորանոր արդյունավետ ձևեր, մեթոդներ ու երբեք չեն բավարարվում ձեռքբերածով։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինժեներասակրավորային զորամասի այժմյան հրամանատար գնդապետ Ա. Ղազարյանն աշխատանքի նկատմամբ յուրահատուկ կիրք ունեցող հրամանատար է։ Նա երեք տարի գլխավորեց տանկային զորամասերից մեկը, որն այդ ընթացքում երկու անգամ զորատեսակի մեջ ճանաչվեց լավագույնը և շարունակում է նույն ոգով առաջանալ։ 2012թ. առաջին ուսումնական փուլի վերջին, ընդունելով ինժեներասակրավորային զորամասի հրամանատարությունը, գնդապետ Ա. Ղազարյանը հասցրեց որոշակի դրական փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում զորամասը երկրորդ տարին անընդմեջ զորատեսակի կազմում ճանաչվեց լավագույնը։ Քանի որ այժմ ընթանում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներ, անցկացվում են հրամանատարական տարբեր կազմերի խորհրդակցություններ, ուսումնական ծրագրերի ու մեթոդների ճշգրտումներ, գնդապետ Ա. Ղազարյանին խնդրեցինք կատարված աշխատանքի հիման վրա ներկայացնել 2012-ի ձեռքբերումները, մանավանդ որ դրանք բավական շատ են, իսկ որոշ միջոցառումներ էլ, սպաներից շատերի հավաստմամբ, անցկացվել են առաջին անգամ։

-Առաջին ուսումնական փուլի արդյունքների մեջ ես իմ ներդրումը չունեմ, պարզապես մասնակցել եմ քննություններին, որն ընդունում էր պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ ինժեներական զորքերի վարչության պետ գնդապետ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ,- շեշտեց գնդապետ Ա. Ղազարյանը։ -Այդ ժամանակ ես իմացա, որ ուսումնական և մարտական գումարտակներն ունեցել են հաջողված ճամբարային հավաքներ, անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ սակրավորային վաշտերի և ինժեներական տեխնիկայի մասնակցությամբ։ Ցուցադրվել են ականապատման և ականազերծման աշխատանքներ պայմանական հակառակորդի թիկունքում։ Ընդունելով զորամասի հրամանատարությունը՝ ես անմիջապես ձեռնամուխ եղա ամառային-աշնանային ուսումնական փուլի, ինչպես նաև գլխավոր ռազմական տեսչության իրականացնելիք համալիր ստուգումների նախապատրաստությանը։ Զուգահեռ զորամասի առանձին ստորաբաժանումներ շարունակում էին ինժեներական աշխատանքները մի քանի շրջաններում և ՀՀ ՊՆ համազորային զորավարժարանում, որտեղ շուտով սկսվելու էին ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի համատեղ զորավարժությունները, որին մերոնք մասնակցում էին նոր խրամուղիների պատրաստման, կահավորման, ինչպես նաև ուղղաթիռային թռիչքահրապարակի պատրաստման աշխատանքներին։ Ավելի ուշ զորավարժությունների ընթացքում մեր մասնագետները ներգրավվեցին պայթեցման առաջադրանքները կատարողների խմբում։ Սեպտեմբերի 10-ին սկսվեցին գլխավոր ռազմական տեսչության ստուգումները։ Կրակային և մասնագիտական պատրաստությունից վաշտերից միայն երկուսը ստացան «բավարար» գնահատական, մյուսները՝ «լավ»։ Ջոկերի կազմերով կատարվեցին տարբեր տեսակի ականների տեղադրման, ականազերծման, պայթեցման գործողություններ։ Ստուգվեցին մեքենավարումը և ինժեներական տեխնիկայի վիճակը։ Հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, գոհ մնաց, բայց հայտնաբերվեցին թերություններ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներում։ Պարտավորվել ենք մինչև մարտ ամիսը մատնանշված թերությունները վերացնել։ Զորամասում առաջին անգամ գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ընթացքում հայտարարվեց և կատարվեց պահեստազորից կանչված մարդկային ուժի և տեխնիկայի զորահամալրում։ Համալրումը լավ կատարեցին Էջմիածնի և Արմավիրի տարածքային զինկոմիսարիատները։ Նման բան նախկինում չէր եղել։ Տեսչական ստուգումներից շատ չանցած, հոկտեմբերի մեկից սկսվեցին համաբանակային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Դարձյալ պահեստազորից կատարվեց զորահամալրում, և զորամասը՝ բացառությամբ ուսումնական և առաջին մարտական գումարտակների, դուրս գալով մշտական տեղակայման վայրից, մոտ 400 կմ ռազմերթ կատարեց դեպի պահպանության շրջան, որտեղ էլ կատարեցինք ծավալուն ինժեներական աշխատանքներ։ Փորեցինք խրամուղիներ, դիտակետեր և այլն։ Պահեստազորից կանչվածները, որոնք հիմնականում առանձնահատուկ մասնագիտացում ունեցող սակրավորներ էին, գործնական աշխատանքի շատ կարևոր փորձ ձեռք բերեցին։ Նրանց հետ մասնագիտական պարապմունքներն անցկացնում էր վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Սարգսյանը։ Հավաքի ընթացքում կատարեցինք շտաբային շատ կարևոր մարզումներ, յուրաքանչյուր սակրավոր անհատական աշխատանքի (ականապատում, ականազերծում, պայթեցում) հնարավորություն ունեցավ։ Դարձյալ անցկացվեցին մեքենավարման, կրակային պատրաստության պարապմունքներ, զորամասը ձեռք բերեց դաշտային պայմաններում ապրելու, գործելու, ուսումնական պարապմունքներ անցկացնելու, հնարավոր մարտական գործողությունների մեջ ներգրավվելու փորձ։ Նոյեմբեր ամսին, հանձնելով ավարտական քննությունները, ուսումնական գումարտակը ստացավ «լավ» գնահատական։ Կապի դասակը և սակրավորային գումարտակը, որոնք չէին ենթարկվել տեսչական ստուգումների, հանձնեցին ամփոփիչ քննությունները։ Գումարտակն ստացավ «լավ», դասակը՝ «բավարար» գնահատականներ։

Զորամասն այժմ անցել է բնականոն աշխատանքի, պատրաստվում ենք ուսումնական փուլի մեկնարկին։ Թեև բոլոր սպաներին, զինվորներին անձամբ եմ շնորհավորել Ամանորի առթիվ, բայց, օգտվելով «Հայ զինվորի» ընձեռած հնարավորությունից, մեկ անգամ ևս շնորհավորում եմ իմ բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին, մաղթում եմ առողջություն, անփորձանք ու խաղաղ ծառայություն։ Այսօր ավելի քան երբևէ մենք պետք է լինենք համերաշխ, համախմբված, սատարենք մեր հրամանատարներին և ամբողջությամբ կատարենք նրանց հրամաններն ու առաջադրանքները, որպեսզի արագ փոփոխվող այս աշխարհում մեր բանակը, մեր պետությունը հաջողությամբ դիմակայեն ցանկացած մարտահրավերի։

***

Փոխգնդապետ Վ. Մարտիրոսյանի ինժեներասակրավորային գումարտակն այս տարի դարձյալ լավագույնն է զորամասի կազմում։ Ավելին, գումարտակը երրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվում զորատեսակի գումարտակների միջև անցկացվող մրցույթում։ Հաջողությունը, անկասկած, պայմանավորված է հրամանատարի անձով, նրա աշխատանքով։

Փոխգնդապետ Վ. Մարտիրոսյանը ծնվել է Ճամբարակում։ Ավարտել է Աբովյան քաղաքի N 8 միջնակարգ դպրոցը, իսկ մեկ տարի անց զորակոչվել ազգային բանակ։ Ինն ամիս ծառայելուց հետո ընդունվել է նորաստեղծ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իսկ ավարտելուց հետո, որպես դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել ինժեներասակրավորային զորամասում, հետագայում եղել է վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ և վերջապես՝ գումարտակի հրամանատար։

Փոխգնդապետ Վ. Մարտիրոսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ ԶՈՒ հոբելյանական 20 տարի», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով, խրախուսվել պաշտպանության նախարարի շնորհակալագրով, պատվոգրերով։

-Երիտասարդ սպաների հետ կարողանում եմ աշխատանքները ճիշտ կազմակերպել և ստանալ հրամանատարության պահանջած արդյունքը։ Բայց կա մի կարևոր հանգամանք. զինվորը պետք է հարգի իր հրամանատարին, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի, իսկ դրա համար նա նախ պետք է զգա հրամանատարի հարգանքն իր նկատմամբ։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և իմ զինվորներին, որոնց իմ որդիներից չեմ տարբերում, և այդ նրանք զգում են։ Անցած տարի մենք մարտական առաջադրանքներ ենք կատարել սահմանի տարբեր հատվածներում, մասնակցել ենք ՀԱՊԿ ԱԱՀՈՒ և զորամասի կազմով անցկացվող զորավարժություններին։ Առաջադրանքների կատարման գործում մեծ է արդեն զորացրված կրտսեր սերժանտներ Արայիկ Դավոյանի, Հայկ Չալյանի, շարքային Հայկ Ավետիսյանի ու կրտսեր սերժանտ Հարություն Հարությունյանի ներդրումը։ Գումարտակը նախապատրաստվում է առաջիկա ուսումնական փուլին, կան պլանային կարևոր առաջադրանքներ, որոնք կկատարենք ինչպես հարկն է,- ասաց փոխգնդապետ Վ. Մարտիրոսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2013