Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ 2013Թ. ՏԱՐԵՄՈՒՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ



Ուղերձում Ս. Օհանյանն ամփոփել է 2012թ. ՀՀ ԶՈՒ համար կարևորագույն իրադարձությունները։ Դրանք էին՝ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնակատարությունները, առաջնային գծում անձնակազմի կողմից մարտական խնդիրների կատարումը, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման կանխարգելումը, զորակոչը արդարության սկզբունքներին համապատասխան իրականացնելու նպատակով ձեռնարկված միջոցառումները, հունիսի 29-ին մարզահամերգային համալիրում անցկացված կոլեգիայի ընդլայնված նիստը, որին առաջին անգամ մասնակցեցին ընդհուպ մինչև դասակների խմբերի հրամանատարներն ու սերժանտական կազմը, ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության՝ հուլիսի 25-27-ն անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբերի 15-19-ը անցկացված՝ ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, հոկտեմբերի 1-13-ը ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ԶՈՒ կիրառման փուլը և դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները, պաշտպանության բանակում կայացած մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը, որը «երբևէ անցկացված լավագույն զորավարժություններից էր»։ Պաշտպանության նախարարի գնահատականով՝ 2012 թվականին հետադարձ հայացք կարող ենք ձգել գործը կատարածի գիտակցությամբ և այն համոզմունքով, որ շատ ավելի բարձր արդյունքների կարող ենք հասնել։

Նախարարը նշում է, որ 2013 թվականին նույնպես առաջնորդվելու ենք «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի», ինչպես նաև անհաշտ պայքար հայտարարելով զինված ուժերում արատավոր երևույթների դեմ։

Ս. Օհանյանը շեշտում է կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։ «Ինձ համար մեծ ցավ է,- գրում է նա,- որ պատերազմի վիթխարի դժվարությունների միջով անցած, իր ժողովրդի համար հաղթանակ նվաճած, ամբողջ աշխարհի հիացմունքին արժանացած և տարածաշրջանում ամենամարտունակը համարվող, ամեն օր սահմաններում իր առաքելությունը լավագույն մարտական պատրաստվածությամբ իրականացնող Հայոց բանակը ինչ-ինչ անդաստիարակների, անհետևողականների, անսկզբունքայինների պատճառով նսեմանում է իր ժողովրդի աչքում։ Սա յուրաքանչյուրիս համար ինքնասիրությանը հարված պետք է լինի»։

2013 թվականին Ս. Օհանյանը կարևորագույն նշանակություն է տալիս բանակ ներխուժող արատավոր երևույթների դեմ պայքարին՝ հանցագործություններ, փողոցային բարքեր, հանցագործ աշխարհին հատուկ հայհոյանքով երդվելու, «հայհոյանք դնելու» անպատիվ սովորույթ, անհանդուրժողականություն, զիջողականության բացակայություն, կոռուպցիա, կաշառակերություն և այլն։ Այս գործում հաջողության հասնելու համար պաշտպանության նախարարը կարևորում է նաև հասարակության փորձի և գիտելիքների օգտագործումը։

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ


10/01/2013