ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՍՏՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ
Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը սկսեցինք ահազանգով: Խմբագրություն էր դիմել բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանը:
Նա դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն է ստացել, որը Ամանորի կապակցությամբ որոշել էր հատկացնել սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ «Մանավազ Մարտիրոսյանը սփյուռքահայ ձեռնարկատեր է: Մեր կազմակերպության մասին իմացել է ԱՄՆ-ում գտնվող ընկերուհուս միջոցով: Նախկինում էլ նրանից օգնություն էինք ստացել, սակայն ծանրոցները մեզ էին հասել անհատի միջոցով, եւ դրանց պարունակությունը համապատասխանել էր մակնշմանը, որի մասին մենք տեղեկացել ենք նախօրոք: Այս անգամ պետք է ստանայինք 64 զույգ կանացի ձմեռային կոշիկ, 40 կարճ եւ 40 երկար բաճկոն, տուփերով բրինձ, գավյադին (պահածոյացված միս), քաղցրավենիք, ճամբարային սեղաններ, որոնց աթոռները մինչ այդ արդեն ստացել էինք եւ պետք է մեկական կոմպլեկտ բարերարի անունից նվիրեինք զորամասերին, նաեւ` անձնական հիգիենայի պարագաներ «Սաթենիկ» ծերանոցի համար: Սակայն ծանրոցների պարունակության անհամապատասխանությունը մակնշմանը մեզ խիստ զայրացրեց (պետք է լիներ 9 ծանրոց` յուրաքանչյուրը 60 կգ)»,- հեռախոսով տեղեկացրեց տիկին Սիրվարդն ու մեզ հրավիրեց պահեստ:
Պահեստում իրար վրա դարսված տուփեր էին, Սիրվարդ Գալստյանն ու նրա տեղակալը` զոհվածի այրի եւ մայր Սեդա Շահինյանը, շրջեցին դրանք եւ դատարկեցին պարունակությունը. տարեց մարդկանց եւ երեխաների հնամաշ, խունացած շորեր, տեղ-տեղ կարկատված մի քանի զույգ կոշիկ։ Դատելով արտաքին տեսքից եւ ֆիրմային տարբերանշաններից` դրանք ձեռք էին բերվել «երկրորդ ձեռքից», այսինքն՝ «Սեքընդ հենդ» խանութներից:
«Բեռը տեղ հասցրեց Վաչիկ անունով առաքիչը սպիտակ քսանչորսով: Ծանրոցների արտաքինից երեւում էր, որ ծավալով տարբեր են: Ես հրաժարվեցի ստորագրել եւ ընդունել ապրանքը, Վաչիկն էլ ասաց, որ հետ չի տանի, թողեց ու հեռացավ: Բացեցինք, եւ գարշահոտն ու բորբոսահոտը իսկույն տարածվեց: Ոչ մի պիտանի հագուստ ու կոշիկ, ոչ մի կոնֆետ, հիգիենայի պարագաներից միայն անձեռոցիկի մեկ տուփ կար, սննդամթերքից` մեկ տոպրակ բրինձ, կենցաղային աղբ, կեղտոտ անկողնու պարագաներ` բարձ եւ ներքնակ, որը միանգամից նետեցինք աղբաման»,-պատմում է Սիրվարդ Գալստյանն ու ավելացնում, որ, ըստ բարերարի, ինքը All America կազմակերպության միջոցով 10 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 16 ծանրոց է ուղարկել Հայաստան, որոնցից 9-ը «Ղարաբաղ» հասարակական կազմակերպությանն էին հասցեագրված, իսկ մնացած 7-ը` իրեն դիմած կարիքավոր ընտանիքներին: Բեռը ուղարկվել էր օգոստոսին: Տիկին Սիրվարդն ԱՄՆ-ից ուղարկված նմանատիպ ծանրոցները նախկինում ստացել է երկու ամսվա ընթացքում, իսկ այս անգամ` չորս:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ օգնություն ստացած մյուս ընտանիքների անդամների հետ, որոնց հեռախոսահամարները մեզ տրամադրեց Մանավազ Մարտիրոսյանը: Ծանրոց ստացած քաղաքացիներից մեկն էլ Ալբերտ Ղեւոնդյանն է, որ պահակ է աշխատում եւ օգնում աղջկան` Ասյային: Վերջինս հինգ երեխաների հետ արդեն յոթ տարի է, ինչ հաստատվել է վերաբնակեցվող Քաշաթաղի Գետամեջ գյուղում։
«Մտածում էի` ինչպես կարող եմ ծանր սոցիալական պայմաններում ապրող աղջկաս օգնել: Մեր աշխատողներից մեկը խորհուրդ տվեց դիմել ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանին: Նա էլ արձագանքեց եւ ասաց, որ երեխաների համար սնունդ եւ տաք հագուստ կուղարկի: Ինձ մի տղամարդ զանգեց, ասաց, որ գնամ ու բեռը Ավանից վերցնեմ, բայց հրաժարվեցի, քանի որ բարերարից տեղեկացել էի, որ նա վճարել է բեռը Երեւանում ինձ հասցնելու համար: Բեռը բերեցին սպիտակ գազելով երկու տղամարդ: Ես ծանրոցները չբացեցի, միանգամից տարա ավտոկայան եւ 15 հազար դրամ վճարեցի, որպեսզի դրանք հասցնեն աղջկաս: Ժամեր անց Ասյան զանգեց եւ պատմեց, որ ծանրոցներում հնամաշ, կեղտոտ շորեր էին` նախատեսված 70-ն անց կանանց համար»:
Ծանրոցներից մի քանիսն էլ հասցեագրված էին Վանաձորում բնակվող Արմինե Պողոսյանին։ «Որդիս ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունի, 20 տարեկան է: Մանավազ Մարտիրոսյանից պետք է որպես օգնություն ստանայի տղայիս համար նախատեսված հագուստ եւ սնունդ: Բեռը մեր բակ բերեց սպիտակ քսանչորսի վարորդը, որ ներկայացավ Վահե անունով: Թողեց ու գնաց: Երբ բացեցի տուփը, անտանելի հոտ տարածվեց տանը: Հաղթանդամ տղամարդու շորեր էին՝ ամբողջությամբ կեղտի մեջ կորած, մի տուփ բրինձ ու լոբի»,-վրդովված պատմեց մեր զրուցակից Արմինեն:
Խաբվածները զանգել եւ կատարվածի մասին պատմել են ամերիկաբնակ բարերարին: Վերջինիս առողջությունը կտրուկ վատացել էր: Մենք փորձեցինք կապ հաստատել բեռները տեղ հասցրած առաքիչի կամ առաքիչների հետ (մեր զրուցակիցների պատմածներից միանշանակ չենք կարող ենթադրել, որ երեք դեպքում էլ բեռ բաժանողը նույն մարդն է եղել): Նրանցից միայն Սիրվարդ Գալստյանը հեռախոսահամար ուներ, քանի որ մյուսների պարագայում հեռախոսազանգերը կատարված էին «փակ» համարից:
Վաչիկը պատասխանեց մեր զանգին եւ պատմեց, որ ինքը բնակվում է Եղեգնաձոր քաղաքում, խեղճուկրակ մարդ է, տուփերի պարունակությանն էլ տեղյակ չէ. «Հորեղբորս տղաները` Հարութն ու Հրայրը, վաղուց տեղափոխվել են ԱՄՆ եւ բնակվում են այնտեղ, զբաղվում են բեռնափոխադրմամբ, նրանց կազմակերպությունը կոչվում է All America: Ինձ զանգեցին եւ խնդրեցին, որ գնամ, Աբովյան քաղաքից 9 ծանրոց վերցնեմ եւ հասցնեմ Սիրվարդ Գալստյանին: Ես էլ չմերժեցի: Առանց գումարի եմ գործը արել, դե, իմ ախպերներն են, ինձ շատ են պադերժկա արել: Ես ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ»,-ասաց Վաչիկն ու հրաժարվեց պատասխանել, թե Աբովյան քաղաքում ումի՞ց է բեռը ստացել: Նա փոխանցեց իր եղբայրների հեռախոսահամարները եւ խնդրեց, որ նրանցից տեղեկանանք մյուս մանրամասները:
Մեր հեռախոսազանգին պատասխանեց եղբայրներից Հրաչը: Նա Վաչիկից արդեն տեղեկացել էր կատարվածի մասին եւ ասաց. «Վեշերը երեւի էդ կնիկն ա փոխել (նկատի ունի Սիրվարդ Գալստյանին): Խի՞ էլ ոչ մեկը չի բողոքում»: Մեր այն նկատառմանը, թե էլի բողոքողներ կան, Հրաչը պատասխանեց. «Ուրեմն` մաքսայինում են արել: Մենակ հայերը կարան տենց բան անեն»,-ավելացրեց նա` կարծես բացառելով, որ ինքն էլ է հայ: Հրաչին խնդրեցի, որ մեզ տրամադրի բեռը մաքսայինում ստացող կազմակերպության տվյալները։ «Դա քեզ չի վերաբերվում, թե մենք ում ենք վեշ ուղարկում,- հրաժարվեց նա: -18 տարի ա էդ գործով ենք զբաղվում, տենց բան չի եղել, քուրո»: Մեր այն պնդմանը, թե հենց իրենց շահերից է բխում բեռը Հայաստանում ստացող կազմակերպության տվյալների փոխանցելը, Հրաչը խոստացավ. «Լավ, կնայեմ, sms-ով կուղարկեմ»: Բայց մենք այդպես էլ նրանից ոչ մի հաղորդագրություն չստացանք, մեր զանգերն էլ մնացին անպատասխան:
Մանավազ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մեր զանգերի արդյունքում եղբայրները դիմել են իրեն` խնդրելով Վաչիկին ոստիկանությանը չհանձնել, քանի որ նա մեղք չունի, գյուղացի մարդ է, եւ խոստանալով, որ «մի բան կմտածեն, կպարզեն` ինչպես է նման բան պատահել, եթե հարկ լինի, կփոխհատուցեն»: Այնինչ, օրերս ամերիկահայ բարերարից իմացանք, որ իր գրասենյակի հարեւանությամբ գործող All America կազմակերպությունը փակվել է, եղբայրները վարձակալած տարածությունը հանձնել ու հեռացել են:
Փաստն այն է, որ ծանրոցների պարունակությունը փոխարինվել է մեկ կետում, քանի որ մեր զրուցակիցները ստացել են նույնանման անպետք ապրանք: Իսկ թե ովքեր են ապօրինություն եւ անբարո արարք կատարողները, մնում է միայն ենթադրել: Ստոր մարդկանց պատճառով տասնյակ ընտանիքներ, երեխաներ, օգնության սպասող տարեցներ հիասթափված են:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՐՎԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆԻ