ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԸ
Ազատագրված Քաշաթաղը լի է պատմական հուշարձաններով, իսկ գեղատեսիլ վայրեր՝ որքան ուզեք: Ձգվելով մոտ 200 կմ՝ Մայր Արաքսից մինչև Քարվաճառ, շրջանն ունի հարթավայր ու սարահարթ, դարավոր սոսիների անտառ, ջրառատ գետեր, տափաստանային սարահարթ, անտառապատ ձորեր ու լեռնալանջեր, երկնամուխ սարեր, հանքային տաք ջրեր, բնական ժայռեղեն արձաններ և այլ հրաշալիքներ: Շրջելով երկրամասում՝ անհնար է չհանդիպել որևէ պատմական հուշարձանի՝ եկեղեցի ու մատուռ, խաչքար ու քարե կամարակապ կամուրջ, բերդ ու հանգստարան: Եվ այս ամենը կերտել են մեր պապերը՝ ավանդելով որպես վկայագիր. Արաքսից Օմար, Իշխանասարից Պարտավ հայոց երկիրն է: Եվ այս ամենին պետք է ծանոթ լինի հայ երեխան, հատկապես նա, ով բնակվում է Քաշաթաղի շրջանում:
Վերջերս Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային կառույցը (նախագահ՝ Արթուր Մնացականյան), «Հայրենյաց պաշտպան» հասարակական կազմակերպությունը (ղեկավար-Գևորգ Իսախանյան, օգնական՝ Ցոլակ Ղանդիլյան), շրջվարչակազմի ղեկավարի, շրջվարչակազմի աշխատակազմի բաժնի (ներկայացուցիչ՝ Հարութ Ավանեսյան) և Ձորափի համայնքապետի օժանդակությամբ կազմակերպել էր ճանաչողական շրջագայություն դեպի Տաք ջրեր: Շրջանի հարավային թևի Գետամեջ, Մարտունաշեն, Ձորափ, Գետափ, Այգեկ, Իշխանաձոր գյուղերի մոտ 20 երիտասարդների, պատանիների ուղեկցեցինք Հակարի գետի Աղավնո վտակի վերին հատվածը՝ Մեծ Իշխանասարի ստորոտ, որտեղ գտնվում են մի քանի պատմական հուշարձաններ և Տաք ջրերը:
Մինչև նպատակակետ հասնելը՝ առաջինն այցելում ենք Աղավնո գետի ձախ ափին գտնվող Մելիքաշեն (հայաթափումից հետո՝ Սուլթանլար-Սուլթանքյանդ) գյուղ, որը ժամանակին եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ախահեճք-Քաշաթաղ գավառի մելիքանիստը: Այստեղ՝ Աղավնոյի վտակ Զորացիք գետակի միացման տեղում է գտնվում Մելիք Հայկազյանների 15-րդ դարի ապարանքը: Ապարանքն այժմ վերականգնվել է որոշ չափով և ծառայում է որպես հյուրանոցային համալիր: Հաջորդ կանգառը Մելիքաշենից 1-1,5 կմ հյուսիս ընկած Ծիծեռնավանք գյուղն է: Այստեղ է գտնվում Քաշաթաղի պատմական հուշարձանների գոհարը՝ Ծիծեռնավանքը: 4-րդ դարում կառուցված եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել և վերանորոգվել է: Վերջին անգամ այն հիմնովին վերականգնվեց ազատագրումից հետո:
Վանքի տարածքում բացի եռանավ բազիլիկ եկեղեցուց, որը, ըստ պատմաբան Ա. Հակոբյանի, կոչվում է Սուրբ Գևորգ՝ ի պատիվ նշանավոր զորավարի, պահպանվել են պարիսպների մի մասը, հացատունը, որը վերանորոգումից հետո վերածվել է թանգարանի, երկու նահատակի գերեզման, մի քանի տապանաքարեր, կարասներ, խաչքարեր: Այցելում ենք նաև այս սրբավայրը: Եկեղեցու սպասավոր Արմանը երիտասարդներին պատմեց եկեղեցու մասին:
Շարունակում ենք ճանապարհը Աղավնոյի ձախ ափով դեպի վեր: Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի մեջտեղում՝ գետի աջ ափին, ճանապարհից մոտ 1 կմ հեռու, ժայռի վրա կանգուն է 12-13-րդ դարերի Մկնատամի խաչ անվամբ մատուռ-եկեղեցին: Ժամանակի առումով չենք կարող այցելել այս և ճանապարհից աջ՝ լանջին գտնվող 9-րդ դարի Վարազգոմի վանք սրբատեղիները: Երկուսն էլ երևում են հեռվից:
Անցնելով Մոշաթաղ և Բերդիկ գյուղերը՝ ոլորապտույտ ճանապարհով բարձրանում ենք վեր և իջնում գետի ափ, որտեղ եւ Տաք ջրերն են, որը տարածքի բնակչության սիրելի վայրերից է, որտեղ տարվա ցանկացած եղանակի կարելի է հանգիստ անցկացնել: Ըստ ծրագրի՝ օրն այստեղ պետք է անցկացնենք, սակայն հարկ է մի քանի պատմական հուշարձան ևս այցելել: Այստեղից արդեն ճանապարհը ոտքով է: Գետի աջ ափով ուղեկցում եմ խմբին դեպի Հակ պատմական գյուղ տանող ճանապարհով:
Մեծ Իշխանասարից դեպի հյուսիս-արևելք իջնող մի փոքր գետակի ափով թեքվում ենք և բարձրանում լանջն ի վեր: Դեռևս տարածքի ազատագրումից առաջ ադրբեջանցիները դեպի Լաչին խմելու ջրատար են կառուցել, որը մնացել է կիսատ: Ջրատար խողովակներն անցնում են Աղավնոյի երկու վտակների միջանկյալ հրվանդանի (ծովի մակերևույթից 1650 մետր բարձր) վրայով: Ժամանակին այտեղ գոյություն է ունեցել Աղբաթխերտ անվամբ հայկական գյուղ, որը 19-րդ դարի քարտեզներում նշվել է ԱԼՊԱՏ ԻՐ, ԱՂՎԱՏ ԵՐ, ԱԼԲԱՏ ԻՌ անուններով և եկեղեցու նշանով: Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ջրատար անցկացնելու պատրվակով գետնին են հավասարեցրել գյուղատեղին, հիմնահատակ վերացրել եկեղեցին, իսկ մոտակայքի գերեզմանատունն ավերել:
Վերջապես հասնում ենք քանդված գերեզմանատեղին: Առաջին հայացքից անտեղյակ մարդը կարող է չնկատել, որ քարակույտն առաջացել է ջարդված շիրմաքարերից: Խմբից մի քանի հոգի քարակույտի մոտով անցնում են, առաջանում: Հետ եմ կանչում, ցույց տալիս մի տապանաքար: Երեխաներից մեկն ուշադիր զննում է ու կանչում. «Վայ, հայերեն գիր կա..»: Կարդում ենք. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՄՍՐԻԿԱ»: Շրջում ենք տարածքում, կատարում մաքրման աշխատանքներ: Շրջում ենք մի մեծ տապանաքար. արձանագրություն չկա, բայց ունի կնոջ տեսքով քանդակ: Այստեղից հետ ենք վերադառնում և սարահարթի ձախ կողմով ցած իջնում՝ դեպի Աղավնոյի մյուս, ավելի մեծ վտակը, որի վրա միջնադարյան քարե կամարակապ կամուրջ կա, իսկ ձախ ափին՝ կամրջի հարևանությամբ՝ ավերակներ, որոնք ունեն մոտ 2 մ հաստությամբ պատեր: Աշնանային գույների ներքո գետի վճիտ ջրերը, կամարակապ կամուրջը մի տեսակ անկրկնելի գեղեցկություն են առնում: Սենյակներից մեկում մեծ խաչքար կա, իսկ մուտքի ձախ մասում՝ արձանագրություն, որում հիշատակվում է Աստվածածին բառը: Հնարավոր է, որ համալիրը եղել է նաև ամրություն և հսկել կամուրջը:
Վերադառնում ենք Տաք ջրեր: Քիչ ներքևում կառուցվող ՀԷԿ-ի սկզբնամասն է, որտեղ ջրավազանի բետոնային աշխատանքներն էին ընթանում: Հասնում ենք ճամբարատեղի, տեղավորվում տաղավարներից մեկում: Արդեն պատրաստ էր ընթրիքը, որն ըմբոշխնելուց հետո հեռանում ենք:
Շրջայցի ուղեկից՝ ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Բանակ և հասարակություն