Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ



1991-94թթ. Արցախյան պատերազմի նշանակության մասին շատ է գրվել ու խոսվել: Այն 20-րդ դարավերջի մեր ամենանշանակալի ձեռքբերումն է, քանի որ և՛ հաղթանակ էր, և՛ պատմական արդարության վերականգնում, և՛ անկախ պետականության հռչակում ու պահպանում: Դժվար է բառերով գնահատել Հայաստանի Հանրապետության անկախության նշանակությունը: Դա հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, որի ճանապարհը եղավ դժվարին ու կորուստներով լի, սակայն մեզ տվեց հպարտություն և սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականություն:

Արցախյան ճակատներում կռվող հայ կամավորները, հայրենիքը պաշտպանելով, ստեղծում էին հայոց պետության ամենակարևոր գրավականը` հայկական բանակը:

Չնայած դաժան շրջափակմանը, սոցիալ-տնտեսական անտանելի պայմաններին` Հայաստանում տպագրվում էին բազմաթիվ թերթեր, որոնք ժամանակի ներքաղաքական ու տարածաշրջանային կարևոր իրադարձությունների հետ միասին լուսաբանում էին Արցախյան պատերազմը, մեր հաջողություններն ու դժվարությունները: Տասնյակ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ, հաճախ վտանգելով իրենց կյանքը, թարմ ու օպերատիվ տեղեկություններ էին հաղորդում պատերազմի դաշտից, գրում վերլուծություններ ու հոդվածներ: Ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող այդ հրապարակումները շատ արժեքավոր մանրամասներ են պարունակում ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Անկախության ճանապարհը» խորագրի ներքո մենք հրապարակելու ենք հոդվածներ ու տեղեկություններ 90-ականների սկզբի մամուլի էջերից, որոնք շատ դեպքերում չեն կորցրել արդիականությունը և արժեքավոր են Հայաստանի ու հայկական բանակի պատմության ուսումնասիրության համար:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ…

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում և Շահումյանի շրջանում շարունակվում էր: Հայկական ինքնապաշտպանական ուժերը Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերի մոտակա դիրքերից մարտերով ետ են մղել ադրբեջանական օմօնականներին: Հակառակորդն ունի 12 սպանված և բազմաթիվ վիրավորներ: Հայտնաբերվել են անցյալ տարվա վերջին օրերին մարտի ժամանակ անհետ կորած վեց հայերի դիակները: Հունվարի 6-ի և 7-ի ամբողջ օրը գնդակոծվում էին Կարաչինարն ու Մանաշիդը:

«Ազգ» թերթի թղթակիցը, ով 1992թ. հունվարի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր, զրուցում է ադրբեջանական բանակի զինվորների հետ, ովքեր գերվել էին 1991թ. դեկտեմբերի 28-ին` Կրկժանի ադրբեջանական կրակակետի ոչնչացման ժամանակ։ Նրանք տեղացի չէին, եկել էին Բաքվից ու Սումգայիթից։ Ֆանահը, Ֆարհաթը, Ռաքիմը պատմում էին, որ ադրբեջանական կառավարությունն իրենց բռնի ուժով է զորակոչել։ Ըստ նրանց` Ադրբեջանում շատերը մեծ գումարով ազատվում են զորակոչից, իսկ դասալիքներին 10 տարի բանտարկություն է սպառնում։ Գերիները զորակոչվել էին նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի վերջին տեղափոխվել Կրկժան։

«Բանակում, ինչպես նրանք ասացին, շարքային զինվորները ստանում են 1000 ռուբլի, իսկ սպաները` 1500։ Այն հարցին, թե ինչպե՞ս կվարվի իրենց հետ Ադրբեջանի կառավարությունը գերությունից ազատվելուց հետո, 31-ամյա Ֆարհաթն ասաց, թե Ադրբեջանի ղեկավարությունը մեղավոր է այս հարցում։ Ըստ երեւույթին, նրանք չեն կարողանում իրար մեջ ինչ-որ բան կիսել, եւ այս հարցում շատ մեծ դեր է խաղում մութալիբովյան մաՖիան։ Ղարաբաղի աղրբեջանական գյուղերում Ադրբեջանը մեծ արտոնություններ է սահմանել, որպեսզի բնակիչները դուրս չգան։ Նրանց մեծ գումար են տալիս, ընդհուպ մինչեւ արտասահմանյան կահույք։ Ադրբեջանական Ջամիլու գյուղում, որտեղից դեկտեմբերի վերջերին վռնդվեցին ադրբեջանցիները, եւ որտեղից մշտապես կրակում էին Ստեփանակերտի վրա, բնակիչները չէին հասցրել փախչելիս իրենց ունեցվածքը տանել։

(«Ազգ», 11 հունվարի, 1992թ.)

«Այսօր ղարաբաղցիներն ասում են, թե իրենց համար զենք ստանալու աղբյուր է դարձել նաեւ ադրբեջանական բանակը, որի զինվորները շատ լավ են զինված, բայց վատ են կռվում։ Կան բազմաթիվ փաստեր ցույց տալու հայերի եւ ադրբեջանցիների մարտունակությունը։ Ըստ հավաստի տվյալների, միայն Շահումյանի շրջանում անցած տարի սեպտեմբերին զոհվել է 11 հայ, 262 ադրբեջանցի։ Որպես կանոն, հայկական կողմից մեծ մասամբ զոհվում են կանայք եւ երեխաները, այն էլ նշանառուների կրակոցներից:

«Հադրութի շրջանի գործողությունը,- ասում է ԼՂՀ խորհրդարանի անդամ Լեւոն Մելիք-Շահնազարյանը,- երբ ազատագրեցինք Ծամձորը, Սարիշենը եւ հեռուստաաշտարակը, իսկապես եղել է լավագույն արհեստավարժ բանակի ավանդույթներով։ Հեռուստաաշտարակի ազատագրումով մեխանիկորեն ազատագրվեցին եւս մի քանի գյուղեր.Խանձաձոր, Մյուլքիդարա, Քարագլուխ։ Ցավոք, այդ մասին շատ քիչ է խոսվել»։

«Ստեփանակերտում է վճռվում Արցախի ճակատագիրը»։ Այսպես արտահայտվեց դեռեւս Ստեփանակերտում գտնված ժամանակ ներքին զորքերի պաշտոնական անձանցից մեկը։ Քաղաքը շատ ծանր վիճակում է գտնվում։ Չկա հաց, ջուր, էլեկտրականություն, գազի բացակայության պատճառով բնակիչները սկսել էին մայթերի ծառերը կտրել։ Այն կտրված է արտաքին աշխարհից։ Մարդիկ արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում, գյուղերից ճանապարհների վտանգավորության եւ վառելիքի բացակայության պատճառով գյուղացիները չեն կարողանում մթերք հասցնել Ստեփանակերտ։

Մարդկային ուժերի եւ զինամթերքի պակասության պատճառով դեկտեմբերի 30-ին ետ նահանջելով Կրկժանի բարձունքները, հայ ազատամարտիկների ոգին չի ընկճվել։ Նրանք ասում են, որ ադրբեջանցիները, այնուամենայնիվ, չեն կարող այդպես շարունակ դիմադրել, որովհետեւ չգիտեն, թե ինչի համար են կռվում։ Իսկ արցախցին շատ լավ գիտե, թե ինչ է նշանակում «այստեղով թուրքն է անցել» արտահայտությունը։ Այսօր Կրկժանից ադրբեջանցի բնակիչները հեռացել են, իսկ չնայած վտանգավորությանն ու լարվածությանը, հայերը չեն լքել իրենց տները։ Նրանք չունեն նահանջի տեղ. այդտեղ իրենց պապերի գերեզմաններն են։

(«Ազգ», 11 հունվարի, 1992թ.)

Պատրաստեց ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Պատմության էջերից


17/01/2013