Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՎԻԿԻ ՊԱՏՄԱԾՆԵՐԸ



…Հովիկի թարմ շիրիմը ծածկվել է ծաղիկներով, ծաղկեպսակներով։ Հարազատները, մտերիմները, համագյուղացիները, ընկերները խունկ են ծխում թարմ հողաթմբին։ Խնկի բույրը տարածվել է շուրջբոլորը։ Մեծադիր լուսանկարից Հովիկի հայացքն է՝ պարզ, անկեղծ, իր աննկատ, նուրբ ժպիտով։ Խնկի բույրը քամին առած տանում է իր ծննդավայր Ապարանի Վարդենիս գյուղ, որտեղից հարազատները, համագյուղացիները ձյան հաստ շերտը ճեղքելով ոտքով եկել են վերջին հրաժեշտը տալու ծննդավայրի հարազատ զավակին։ Վերջերս վերանորոգված-վերաբացված եկեղեցում պատարագ է։ Քահանան խաղաղություն է մաղթում գյուղի ննջեցյալների հոգիներին, հոգևոր այրերը բուրվառում են խունկը և Հովիկի թարմ հողաթմբից քամու բերած խնկաբույրը միախառնվում է ծննդավայրի խնկաբույրին ու միախառնված գնում, փարվում է Սենեքերիմ եւ Վարսիկ ծնողների, Գրետա քրոջ, Փայլակ եղբոր հարազատ շիրիմներին, հայրենի սրբավայրերին՝ Լուսաղբյուրին, Յոթվերքին, Ծաղկունյաց լեռներին, Բաշ Ապարանի հերոսների հուշակոթողից բարձրանում է Արագածի լանջերը…

Հովիկը մայրաքաղաք էր իջել՝ հայրենի լեռներից իր հետ բերելով ազնվություն, պատվախնդրություն, անկաշառ հայրենասիրություն։ Եկել էր, որ նորից բարձրանար հայրենի լեռները, տեսներ Մայր Հայաստանի, Արցախի սահմանները, քայլեր ազատամարտիկի ու նրան փոխարինած հայոց բանակի զինվորի հետքով։ Հովիկը բարձրացել է Հայոց լեռները, նրա ոգին թևածում է Քիրսի, Մռավի, Աղոթարանի, Իշխանասարի գագաթներին և, ինչպես միշտ, ուժ ու ոգի է տալիս բարձունքներին կանգնած հայոց բանակի հաղթական զինվորներին։ Հովիկը ապրում է։

Այս պատմությունները պատմել է լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը։ Ես այն վերնագրում եմ իր իսկ խոսքերով, որոնք այսօր արդեն բնորոշում-բնութագրում են նաև իրեն՝ մեր սիրելի Հովհաննես Արմենակյանին։

ԿՅԱՆՔԸ՝ ՍՈՒՐԱՑՈՂ ՀՐԹԻՌ

-Վազգեն Սարգսյանի կյանքը նման էր դեպի նպատակները սուրացող հրթիռի,- պատմում էր Հովհաննեսը,- որովհետև իր երկրային կարճատև կյանքում նա զգում էր, թե որքան գործեր պետք է հասցներ ավարտին։ Շտապում էր։ Իր շտապողականությունն ու ճշտապահությունը նա մի դեպքում կարող էր խախտել և չզգալ։ Դա Սպարապետի և զոհված տղաների մայրերի հանդիպումն էր։ Բազմիցս եմ ականատես եղել, երբ հավաքույթների, բազմամարդ հավաքների ժամանակ նրա և զոհվածների մայրերի հայացքները հանդիպել են, և բառիս ուղղակի իմաստով բազմությունը ճեղքելով նրանք գնացել են իրար ընդառաջ։ Այսպես եղավ Եղեգնաձորում, Գորիսում, Արցախում։ Այդպես եղավ Ապարանում, երբ գրկախառնվեցին մեր Ֆեդյայի Սեյրանուհի մայրն ու Սպարապետը։ Բաշ Ապարանի հուշարձանի կողքի քարերին նստած՝ երկար-երկար զրուցում էին։ Եվ միայն այդ պահերին, թվում էր, թե նա շտապելու ոչինչ չունի, որովհետև ոչ մի պայմանավորվածություն չէր կարող կտրել նրանց զրույցը։ Տեսնես ի՞նչ էին այդքան երկար զրուցում։ Միայն այն գիտեմ, որ բաժանումին շողում էին, հուսավառ ու հուսազեն էին որդեկորույս մայրերի հայացքները,- վերհիշում էր Հովհաննես Արմենակյանը։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

-Խիստ էր ու ձյունառատ 2011 թվականի ձմեռը, իսկ լեռնային բնակավայրերում, երբ քամի էր սկսվում, բուքը փակում էր ճանապարհներն ու անցուղիները։ Այդպես էր նաև իմ ծննդավայր Վարդենիս գյուղում, սակայն դպրոցում դասերը ոչ մի օր չընդհատվեցին։ Դասասենյակները տաքացվում էին վառարաններով, և քամին հաճախ էր ծխնելույզներից ծուխը հետ բերում։ Երեխաները հետները բարձ էին բերում, որ դնեն սառը նստարաններին մինչ դասասենյակների տաքանալը։ Եվ այդ սառն ու բքառատ օրերին 10-րդ դասարանի 7 աշակերտ՝ Շուշանիկ Ասատրյան, Թամարա Գրիգորյան, Ծովինար Գրիգորյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Պետրոսյան, Լիլիթ Վահանյան, Գուրգեն Վարդանյան, իրենց դասղեկի հետ տնետուն ընկած բախում էին գյուղացիների դռները։ Նրանց ներս էին հրավիրում և երբ իմանում էին այցելության նպատակը, թերահավատությունը տեղի էր տալիս զարմանքի՝ ինչպե՞ս, մեզ հիշե՞լ են։ Հետո սկսվում էր զրույցը՝ ջերմ, մտերմիկ… Դասղեկ Սուսաննա Եղիազարյանի (Գրետա քրոջս հարսն է, Մանուկի կինը) մտահղացումն է եղել։

Իր աշակերտներին սիրում է ինչպես իր երեխաներին, նրանց ասել է. «Մեր գյուղից Արցախյան պատերազմում զոհեր չեն եղել, բայց պատերազմական վերքերից, հիվանդություններից մահացան Վարդգես Մանուկյանն ու Մանվել Ղազարյանը։ Ու պատկերացնո՞ւմ եք, մենք ոչ մի անգամ չհասցրինք գոնե ասել՝ շնորհակալ ենք, տղաներ, որ գնացել էիք մեր հողը, մեր գյուղը, մեր հայրենիքը պաշտպանելու։ Ու նրանք ինչպես լուռ գնացել էին հայրենի սահմանները պաշտպանելու, այդպես էլ լուռ հեռացան…

Նրանք տուն առ տուն հանդիպում էին ազատամարտիկներին, գրում նրանց կենսագրությունները, մարտական ուղին և լուսանկարների հետ ամբողջացնում։ Եվ 2012թ. մայիսի 9-ին պատրաստ էր «Վարդենիս-Արցախ» հուշալբոմը, որը անցնում էր ձեռքից ձեռք և ժպիտ, գոհունակություն, վաստակած հպարտություն պարգևում տղաներին։

-Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ ամեն մի բնակավայր կունենա իր Դյուցազնամատյանը, և մենք ազգովի կճանաչենք, կգնահատենք մեր հերոսներին նրանց կենդանության օրոք,- ասում է Սուսաննա Եղիազարյանը և թվարկում մեր գյուղի Դյուցազնամատյանի հերոսների անունները՝ Վարդգես Մանուկյան, Մանվել Ղազարյան, Ռաֆիկ Մարգարյան, Արմեն Վարդանյան, Վրեժ Գրիգորյան, Կամո Մակարյան, Լյովա Գրիգորյան, Մերուժան Արմենակյան, Ներսես Աղաբաբյան, Վաչագան Ասատրյան, Ժորա Ավագյան, Սամվել Արմենակյան, Մարգար Խանոյան, Վահան Ղազարյան, Անդրանիկ Նահապետյան, Ռոբերտ Ասատրյան, Ռոբերտ Սաֆարյան, Գևորգ Սիմոնյան, Կարեն Ղարիբյան, Հենրիկ Մանուկյան, Նելսոն Մարգարյան…

Այս պատմությունը Հովհաննեսը պատմում էր ոգևորությամբ. անչափ շատ էր սիրում, հարգում իր քրոջ հարս Սուսաննա Եղիազարյանին։ «Այդպիսին է իսկական հայրենասիրությունը, երբեք չպետք է սպասել գնահատանքի»,- ասում էր նա։

ԵՐԱՆԵԼԻ ՕՐ

Զորամասում երդման արարողություն էր։ Հայաստանի տարբեր բնակավայրերից եկել էին զինվորների հարազատները։ Հովհաննեսի սանիկն էլ այդ օրը պետք է երդում տար։ Այցելության գնալիս Հովհաննեսն ասաց.

-Վարսի՛կ, պատրաստվի՛ր, քեզ էլ եմ տանելու՝ կնքամայր ես, համ էլ Մեղրին կտեսնես, մեր հայրենիքի դարպասը։

Տիկին Վարսիկը (Հովհաննեսի կյանքի հավատարիմ ուղեկիցն է, հարգանքով և հյուրասեր։ Չնայած տարիքին՝ ամոթխած) ուրախացավ։

Երբ ավարտվեց երդման արարողությունը, և հրամանատարը, սպաները, ծնողները իրենց շնորհավորական խոսքն էին ասում, Հովիկը դիմեց տիկին Վարսիկին.

-Վարսի՛կ, ով-ով, բայց կնքամայրն էլ պիտի իր խոսքն ասի։ Կնքամոր խոսքը մյուռոնված է, աղոթք, այն շատ է հարկավոր երկիր պահող մեր զինվորին, մեր սանիկին։

Տիկին Վարսիկն ամաչում էր, սակայն տեղի տվեց մեր խնդրանքին և բարձրացավ ամբիոն։ Հրաշալի սրտի խոսք ասաց. «Դուք Լեռնահայաստանի այսօրվա պահապաններն եք, Մեծ Զորավար Գարեգին Նժդեհի ժառանգները։ Երբեք չմոռանաք մեծ Զորավարի պատգամները»,- այսպես ավարտեց իր խոսքն ու մոտեցավ ամուսնուն՝ Հովհաննեսին։ Ջերմ ծափահարություններ, ոգևորություն։ Տիկին Վարսիկը հուզված էր։ Ես կանգնած էի Հովհաննեսի կողքին։ Հովհաննեսն էլ էր ուրախ, տրամադրությունը՝ բարձր։

-Վարսի՛կ, բա որ թողնեի՝ դպրոցն ավարտեիր, ինչե՜ր կասեիր։ (Երբ Հովհաննեսը վերադարձել էր բանակից, Վարսիկը դեռ դպրոցական էր եղել։ Հարս էր եկել ու շարունակել ուսումը)։ Ծիծաղեցինք, շնորհավորեցինք տիկին Վարսենիկին, սակայն Հովհաննեսի կատակը սահման չուներ, ասաց.

-«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը հիշո՞ւմ եք:- Ու Մուրադի կեցվածքը բռնած` գլուխը թեքելով սկսեց նայել շուրջբոլորը։ Ծիծաղի մի նոր ալիք բարձրացավ։

Երանելի օր էր, Հովի՛կ ջան…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
«Ես մի զարկն եմ քո կռվի» գիրք-ալբոմից

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Հոգևոր-մշակութային


17/01/2013