Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՈՎԻԿԸ



Լուսանկարիչ Հովհաննես Սենեքերիմի Արմենակյան։ Սիրված անուն, վաստակաշատ մտավորական։ Կգան ու կանցնեն սերունդներ, սակայն Հովհաննեսի գործը կմնա։ Դեռ խորհրդային տարիներին ծառայության ընթացքում եղել է լուսանկարիչ։ Ծառայությունից հետո վերադարձել է հայրենի Ապարանի Վարդենիս գյուղ եւ աշխատանքի անցել շրջանային «Ծաղկունք» թերթում։ Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի անցել «Ավանգարդ» թերթում։ Այդ տարիներին ստեղծված բնության հրաշալի պատկեր-ակնթարթները մինչ օրս երազային զգացողություններ են արթնացնում մարդու հոգում։ Թվում է՝ այդպես էլ կընթանար լուսանկարիչ-մտավորականի հետագա ստեղծագործական ուղին, եթե չսկսվեր Արցախյան ազատագրական պայքարը։ Առաջին իսկ օրից գրող-մտավորական, հրապարակախոս Զորի Բալայանի հետ բազմիցս եղավ Արցախում, պատմությանը թողեց պատմական անկրկնելի ակնթարթներ համաժողովրդական ցույցերից։ Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո մասնակցեց Մոսկվայում տեղի ունեցած մտավորականների բողոք- նստացույցին։ Հետո վերադարձին իր ֆոտոխցիկով կանգնեց ազատամարտիկի կողքին, որովհետեւ արդեն զգացել էր, որ աշխարհը խուլ ու համր է «թղթե շերեփով» պայքարողների համար։ Հովհաննեսը հանգիստ չուներ՝ մեկ Հայաստանի սահմաններում էր, մեկ Արցախում։ Առաջիններից մեկն էր (գուցեեւ առաջինը), որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այդ օրերին բացեց «Արցախը բոցերի մեջ» եւ «Ազատամարտ» լուսանկարների ցուցահանդեսները։ Ցուցահանդեսներ բացվեցին Գորիսում, Կապանում, Երեւանում։ Ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթում՝ պարբերաբար մեկը մյուսին էին հաջորդում Հովհաննես Արմենակյանի անձնական նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսները (ինչպես ինքն էր բնորոշում՝ դա իր հոգու պարտքն է), որտեղ ազատամարտի բեղ-մորուքով ֆիդայիների կողքին կանգնած են հայոց հաղթանակած բանակի զինվորները։ Անկախության տարիներին քանի զորակոչ էլ եղավ Հայաստանում ու Արցախում, միշտ սահմանին կանգնած զինվորի կողքին էր Հովհաննես Արմենակյանը։ Նա Հայաստանի եւ Արցախի ողջ սահմանային հատվածը քայլելով անցավ։ Մեկ-մեկ ասում էր. «Հոգիս փառավորվեց, ես տեսա, ժամանակակիցը դարձա Հայոց երկու անկախ պետությունների կայացման, դա հրաշալի բախտ է, ճակատագիր»։ Եվ դա ասում էր հայոց սահմաններին կանգնած զինվորներին, որոնք նրա հետ ամեն հանդիպումի էլ ավելի էին ոգեւորվում, գոտեպնդվում։ Բազմիցս պարգեւատրվել է մեդալներով, խրախուսվել պատվոգրերով։

Հրաշալի հայր էր, պապ, պատվախնդիր հայ էր ու մտավորական։ Արմենակյան գերդաստանի նահապետն էր՝ անչափ սիրում էին նրան ու հարգում հարազատները, մերձավորները, նրան ճանաչողները։ Իսկ Հովհաննես Արմենակյանին ճանաչում էին ողջ Հայաստան աշխարհով մեկ։

Անհանգիստ, պրպտող միտք ուներ, եռանդ։ Ուներ բազում ծրագրեր, որոնք անանձնական էին՝ միայն հայրենիքը զորանա, տեսնի մեր վերջնական հաղթանակը։ Ավաղ, այդ ծրագրերը նա թողեց ապրողներիս, որովհետեւ Հովհաննես Արմենակյանի կոթողային, կյանքի գիրքը այսպիսի վերնագիր ունի՝ «Ես մի զարկն եմ քո կռվի»։ Լուսանկարչական այս գիրք-ալբոմը հայոց երկու պետությունների, Արցախյան ազատամարտի տարեգրությունն է։ Այսօր արդեն այն պատմություն է, նրա ամեն մի լուսանկարչական ակնթարթը՝ հավերժություն։ Եվ այդ են վկայում Զորի Բալայանի եւ Վազգեն Սարգսյանի գրառումները գիրք-ալբոմի ազդօրինակին. «Այս գիրք-ալբոմում իսկապես գրեթե ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Իսկական տարեգրություն է, թերթելիս 88-89-ի թրթիռն եմ զգում։ Կեցցես, զինվոր Հովիկ». Վազգեն Սարգսյան։

Իսկ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը այսպիսի գրություն է թողել. «Հովիկը եկավ, չխոսեց եւ ամեն ինչ արեց»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

♦♦♦

Չեմ ուզում հաշտվել դաժան իրողության հետ, չեմ պատկերացնում սկսվող աշխատանքային օրն առանց նրա՝ «Հայ զինվոր» շաբաթաթերթի երկարամյա զինվորական լուսանկարիչ փոխգնդապետ Հովհաննես Արմենակյանի։ Նա խմբագրություն եկավ Արցախյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո, եկավ ոչ թե սկսնակի անվստահությամբ, այլ հսկայական փորձով, մեծ վարպետի ինքնավստահությամբ, բանակի հանդեպ ունեցած անկեղծ սիրով։ Աշխատանքային գործունեությունն սկսել էր Ապարանի շրջանային «Ծաղկունք» թերթում, այնուհետեւ, շուրջ մեկուկես տասնամյակ, երիտասարդության սիրելի «Ավանգարդում»։ Հենց այստեղ՝ «Ավանգարդում» էր Հովհաննես Արմենակյանն իր լուսանկարչությունը հասցրել արվեստի մակարդակի, մասնակցել թերթի նախաձեռնած մի շարք առաջադիմական ու կարեւոր ծրագրերի իրականացմանը, ստեղծել արցախյան շարժման, Արցախյան ազատամարտի իր պատմությունը։

Նա ամբողջությամբ արձանագրել ու պատմություն է դարձրել բարոնուհի Քերոլայն Քոկսի եւ Զորի Բալայանի Արցախյան բոլոր այցերը, տասնյակ կամավորական ջոկատների մարտական գործողությունները։ Ամենեւին էլ պատահական չէր, որ, «Հայ զինվորում» ծառայության անցնելուց շատ չանցած, դեռ այն ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աջակցությամբ հրատարակվեց նրա «Ես մի զարկն եմ քո կռվի» գիրք-ալբոմը։ Արժեքավոր, մնայուն մի աշխատանք, որը սերունդներին, այսօրվա ու վաղվա զինվորներին լավագույնս ներկայացնելու է Արցախյան շարժման, ազատամարտի եւ ազգային բանակի շինարարության առաջին շրջանի պատմությունը։

«Զինվոր Հովիկ». այսպես էր նրան անվանում սպարապետ Վազգեն Սարգսյանը, եւ բնորոշումը չափազանց ճիշտ էր։ Նա հայրենիքի զինվորն էր եւ իր աշխատանքը, առաջադրանքները կատարում էր գիտակից, նվիրված զինվորի բարեխղճությամբ։ Համատեղ ծառայության տասնութ տարիների ընթացքում մենք բազմաթիվ զորավարժություններ ենք լուսաբանել, հազարավոր կիլոմետրեր ենք անցել միասին, եղել ենք Հայաստանի ու ԼՂՀ գրեթե բոլոր դիրքերում, հենակետերում։ Հովոն շատ համարձակ էր, չէր վախենում հակառակորդի իր ուղղությամբ արձակած կրակոցներից։ Եթե մտքին դրել էր մարտական հերթապահություն կատարող զինվորին լուսանկարել, նրան մտափոխել հնարավոր չէր, մտնում էր անգամ վտանգավոր գոտի ու լուսանկարում։ Միայն թե իր ուզած կադրը ստացվի… Աշխույժ էր, կայտառ ու միշտ ձգտում էր լինել ամենաբարձր հենակետում, լուսանկարել ամենավտանգավոր տեղերում հերթապահություն իրականացնող զինվորներին։

Սիրտը բաց էր բոլորի առաջ, պարզսիրտ, ճանապարհի հրաշալի ընկեր էր։ Ուղղամիտ էր, ուղղախոս եւ որպես լրագրող իր պարտքն էր համարում նկատված թերությունն արձանագրել ու հարցը պարզ-պարզ քննարկել զորամասի հրամանատարի հետ։ Բարի էր անսահման՝ հատկապես զինվորների նկատմամբ։ Ընդառաջում, կատարում էր բոլորի ցանկությունները։ Հենց դրա համար էլ նրան հարգում, սիրում էին բոլորը՝ զինվոր թե հրամանատարը, շարքային թե գեներալ։ Չափազանց մարդկային էր, հոգով թեթեւ, ընկերասեր, բարեկամասեր։ Իր հոգսերով ոչ մեկին չէր անհանգստացնի, չէր ծանրաբեռնի, առավել եւս՝ նրանց խնդիրների հաղթահարումը իր հոգու պարտքն էր համարում։ Ինչ էլ լիներ, կյանքում ինչ նեղություն էլ ունենար, ոչնչից, ոչ մի բանից չէր դժգոհի ու երբեք ոչ ոքի մասին վատ չէր արտահայտվի։ Միշտ ուրախ էր, պայծառամիտ ու լավատես, հումորը՝ լեզվից կախ։

Ինձ շատ է հարազատ Արմենակյանների ընտանիքը՝ արժանապատիվ, հյուրասեր, ջերմ մի օջախ շատ շատերի համար։ Տիկին Վարսիկը, Լալան, Քաջիկը, կապիտան Գարիկ Արմենակյանն ու ենթասպա Զառան, փոքրիկ Հովհաննեսն ու Սարգիսը մեծ տոհմի լավագույն հատկանիշների, Հովիկի պատգամների կրողներն են։

Զորացրվելուց հետո էլ Հովիկը չհեռացավ «Հայ զինվորից»։ Մենք նրա կարիքն ունեինք, նրա փորձը պետք էր երիտասարդ լուսանկարիչներին, եւ նա շարունակում էր կերտել մեր զինվորականների յուրօրինակ կերպարները, ցույց տալ, պատմության համար պահպանել զորամասերի անցած ուղին։ Նրա լուսանկարները շարունակում էին զարդարել թերթերի առաջին էջերը։ Ու թեեւ կիսատ մնացին Հովիկի բազմաթիվ ծրագրերը, վստահ եմ, մենք միշտ օգտվելու ենք նրա թողած հարուստ ժառանգությունից։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
«Հայ զինվորի» հատուկ թղթակից

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


17/01/2013