ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Ժողովուրդն ասում է՝ մարդուն լավ ճանաչելու համար հետը մի փութ աղ պետք է ուտես։ Իհարկե, անմտություն կլիներ ժողովրդական այս իմաստնությունը, որ դարերի խորքից է գալիս, վիճարկել։ Բայց և պատահում է, որ ծանոթության առաջին իսկ վայրկյանները, առաջին իսկ շփումները, խոսքերը թույլ են տալիս եթե ոչ խորապես ճանաչելու, ապա գոնե իմանալու, թե ում հետ գործ ունես…
Կապիտան Հրանտ Գալստյանը ինձ վրա թողեց ամենից առաջ նպատակասլաց մարդու տպավորություն։ Նման սպաները հստակորեն տեսնում են իրենց առջև դրված նշանակետերը և վստահ ու անվարան շարժվում են այդ ուղղությամբ։ Նմաններն իրենք են կերտում իրենց սեփական կենսագրությունն ու ճակատագիրը։ Ասել է թե՝ նրանց առաջընթացը պայմանավորված չէ ո՛չ հանգամանքներով, ո՛չ էլ «համընթաց քամիներով»…
-Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու առաջին օրը, երբ մեզ՝ կուրսանտներիս, վազքուղի հանեցին, և քչերը հասան վերջնագծին, մոտ 20-30 հոգի հևալով ու շունչները փչելով ասացին. «Չէ, ախպեր, սա մեր տեղը չի»։ Պատկերացրեք, ես նրանցից պակաս չէի հոգնել, գուցե նույնիսկ ավելի, բայց նման բան մտքովս անգամ չանցավ։ Ես միայն մտածում էի. «Կպարապեմ, կվազեմ, կհասնեմ»։ Ես որոշել էի և պետք է սպա դառնայի։ Եվ վազքը շատ չնչին արգելք էր նպատակիս հասնելու ճանապարհին։ Եվ հաղթեցի ոչ թե իմ համակուրսեցիներին, այլ ինքս ինձ, ինչը շատ ավելի դժվարին խնդիր է։
♦♦♦
Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո նորաթուխ լեյտենանտ Հրանտ Գալստյանը նշանակվում է դասակի հրամանատար։ Շուտով՝ առաջխաղացման կարգով, տեղափոխվում է ուսումնական հրետանային գունդ։ Այժմ նա հակատանկային հրթիռային համալիրների մասնագետների պատրաստման ուսումնական դասակի հրամանատարն է։ Ինչ խոսք, երկար անվանում է, բայց կապիտանն արտասանում է մեկ շնչով՝ հատիկ-հատիկ շեշտելով ամեն բառը, ասես ոչ թե իր գործի, աշխատանքի անվանումն է արտասանում, այլ իր պատվավոր կոչումը… Թերևս չեմ սխալվում այդպես մտածելով։ Այլապես երիտասարդ սպան, որը ծառայության երկար կենսագրություն չունի, երեք տարի շարունակ չէր ճանաչվի լավագույն դասակի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ գործող դասակն այս տարի նույնպես (թե՛ ձմեռային, թե՛ ամառային ուսումնական փուլերի տվյալներով) լավագույնն է ճանաչվել։ Թե որքան դժվար է նման հաջողության հասնելը, հասնելուց հետո հաղթանակը ձեռքում պահելը, մանավանդ մի զորամասում, որտեղ փորձառու և հմուտ շատ սպաներ են ծառայում, կիմանա միայն ինքը՝ կապիտան Գալստյանը։
-Ես առաջին հերթին փորձում եմ նորակոչիկ զինվորի, մեր դեպքում՝ կուրսանտի գիտակցությանը հասցնել ծառայության ողջ լրջությունը։ Նրանցից շատերը դպրոցական նստարանից են եկել, անփորձ են և, որպես օրենք, առայժմ չեն գիտակցում այդ։ Իմ կուրսանտը հենց առաջին օրվանից պետք է իմանա, որ ինքը զորամաս է եկել ոչ թե օրեր հաշվելու, ժամանակ մեռցնելու համար, այլ սովորելու, զինվոր դառնալու, հայրենիք պաշտպանելու։ Եթե զինվորն իր տեղը, դերը գիտակցեց, անպայման լավ զինվոր կդառնա։ Նման զինվորի հետ շատ հեշտ է աշխատել, կարգապահությանն ընտելացնել, մասնագիտական հմտություններ տալ…
Կապիտան Գալստյանը երկրաշարժի, ինչպես ընդունված է ասել, «մութ ու ցուրտ» տարիների սերունդ է, և դեռ հիշում է նավթի հերթերը, հացի կտրոնները։ Ավելի շուտ ոչ թե պարզապես հիշում, այլ իր իսկ խոսքերով՝ «նույնիսկ կարոտով է մտաբերում», որովհետև «այն ժամանակ, այո, լույս չկար, հաց չկար, ցուրտ էր, բայց մարդիկ ավելի ջերմ էին, ավելի հոգատար միմյանց նկատմամբ։ Ես փոքր եմ եղել, բայց այդ ջերմությունը տեսել եմ մեր հարևանների, մեր՝ Գյումրիի Տեքստիլ կոչվող թաղամասի բնակիչների վերաբերմունքում։ Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ կա, խանութները տրաքում են, տներում էլ ցուրտ չէ, բայց մարդկային ջերմությունն է պակասում։ Ահա թե ինչին եմ կարոտում»։ Եվ կապիտանը կյանքում՝ հատկապես զինվորական ծառայության մեջ, մարդկային հարաբերության հիմքում դնում է փոխադարձ հարգանքն ու հոգու ջերմությունը։ Ըստ նրա՝ մասնագիտական հմտությունները. կրթվածությունը, գիտելիքը առանց հոգու ջերմության ոչ մի արդյունք չեն կարող տալ, որովհետև սպան գործ ունի ոչ թե ռոբոտների, այլ մարդկանց հետ, այն էլ՝ երիտասարդ, նոր-նոր կյանք մտնող, ինքնահաստատվող։ Գալստյանն իր հաջողությունները պայմանավորում է նաև ենթակաների հետ հարաբերվելու անկեղծությամբ.
-Դժվար է կանգնել զինվորի, զինվորական շարքի առջև և թատրոն խաղալ. կեղծ խոսքը, պահվածքը զինվորի աչքից չեն վրիպի։ Նրանք պետք է հավատան քո անկեղծությանը, քո գործին նվիրված լինելուն, քո խոսքերի ճշմարտացիությանը։ Հրամանատարը զինվորի համար պետք է բացառիկ օրինակ լինի բոլոր առումներով՝ մարդկային, պրոֆեսիոնալ։ Եվ ես աշխատում եմ այդպիսին լինել, քանզի ինքս էլ իմ աչքի առաջ եմ նման հրամանատարներ ունեցել։ Ասում են՝ զինվորի համար ծխախոտը հացից կարևոր է։ Այո, եթե այդ ծխախոտը հրամանատարն է հյուրասիրել։ Որովհետև դա ոչ միայն խրախուսանքի, ոչ միայն ուշադրության դրսևորում է, այլև մարդկային վերաբերմունքի ապացույց…
Կապիտան Գալստյանի կարծիքով՝ լավ հրամանատարը հազար ու մի որակներ պետք է ունենա, որոնցից ամենակարևորները երկուսն են՝ պահանջկոտությունը և հոգատարությունը ենթակայի նկատմամբ. «Սրանք են այն սյուները, որոնց վրա է հենվում զինվորական ծառայության ողջ համակարգը։ Այս երկու սյուներից յուրաքանչյուրի բացակայության դեպքում կփլուզվի «վերնաշենքը»։
-Ես իմ ենթակա զինվորներին հասցնում եմ ճանաչել առաջին երկու շաբաթների ընթացքում և արդեն կողմնորոշվում եմ, թե ում հետ ինչպես պետք է հարաբերվեմ, աշխատեմ։ Դասակը, ինչ խոսք, մեկ ամբողջություն է, մի մարմին, բայց այն բաղկացած է անհատ զինվորներից, ինքնուրույն մարդկանցից։ Հաջողությունների հասնելու համար հրամանատարը պետք է յուրաքանչյուր զինվորի հետ անհատական մոտեցման ճանապարհները գտնի։ Հենց որ գտար դեպի զինվորի սիրտը, հոգին տանող ճանապարհը, ուրեմն՝ աշխատանքդ արդյունք կտա…
Չգիտեմ, ինձ թվում է, որ իմ հաջողության գրավականներից մեկն էլ հենց դեպի զինվորի սիրտը տանող ճանապարհը փնտրելն ու մանավանդ գտնելն է։ Ես դեռ չեմ հանդիպել մի զինվորի, որ դեպի իրեն մեկնած հրամանատարի ձեռքը մերժի։ Հրաման տալուց առաջ պետք է զինվորին ճանաչես, նրա մտահոգություններն ու մտատանջություններն իմանաս, այլապես չոր հրամաններով հեռու չես գնա։
Կապիտան Գալստյանը հասարակության մեջ, ինչպես նաև զինված ուժերում առկա թերությունների հիմնական պատճառ է համարում ոչ բավարար կրթությունն ու դաստիարակությունը։ Ինքն իր հաջողությունները վերագրում է այն դպրոցին, որտեղ սովորել է՝ Գյումրիի Օյունջյանների անվան կրթական համալիրին։ Նրա կարծիքով՝ այսօր սարսափելի ցածր է բանակ զորակոչվող զինվորների կրթական մակարդակը, ինչը բավականին դժվարացնում է մասնագիտական ուսուցման ընթացքը։ Նրա համոզմամբ՝ եղած գիտելիքներն էլ ոչ խորքային են, մակերեսային, թերի. «Մենք երբեմն ստիպված ենք լինում զինվորական գործը սովորեցնելու փոխարեն, նախ նրանց տարրական գիտելիքներ տալ։ Մեր բանակի հզորության լավագույն ներուժը պետք է փնտրել դպրոցներում։ Իմ փորձից դատելով՝ ես առայժմ դրական տեղաշարժեր չեմ տեսնում այս ուղղությամբ։ Բանակ եկող զորակոչիկի կրթական մակարդակը շարունակում է, ավաղ, ցածր մնալ…»։
♦♦♦
…Ուսումնական օրվա ընդմիջման ավարտին շատ ժամանակ չէր մնացել, երբ բաժանվեցինք կապիտան Հրանտ Գալստյանից։ Նա տուն էր շտապում, որը գտնվում է զորամասի մոտակայքում՝ սպաների շենքում։ Շնորհակալություն եմ հայտնում անկեղծ զրույցի համար և իհարկե՝ հաջողություններ ծառայության մեջ։ Եվ հիշելով, որ ընդմիջման ժամ է՝ նաև «բարի ախորժակ»։
-Շնորհակալ եմ, բայց ես ավելի շուտ շտապում եմ չորս ամսական փոքրիկիս տեսնելու, որին արդեն շատ եմ կարոտել։ Ես երբևէ չեմ թերանում հայրենիքիս հանդեպ իմ պարտականություններում, ուզում եմ չթերանալ նաև որպես հայր ու ամուսին։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ