ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՎԻԶԻՈՆԸ, ՎԱՇՏԸ
Զինված ուժերում հազվադեպ է լինում, երբ զորատեսակի մեջ որևէ զորամաս չորս անգամ ճանաչվի լավագույնը։ Ուսումնական զորամասերի շարքում այս էլ չորրորդ տարին նման բարձր պատվի է արժանանում գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասը՝ ընդմիշտ տիրանալով փոխանցիկ պատվո դրոշին։ Հարկ է նշել՝ ինչ գնդապետ Ա. Հարությունյանն ստանձնեց զորամասի հրամանատարությունը, զորամասը կտրուկ բռնեց վերելքի ուղին։ Առհասարակ, երբ առաջին անգամ են ճանաչվում լավագույնը, գրանցված արդյունքը, սովորաբար, վերագրվում է նոր նշանակված հրամանատարի մեկնարկային եռանդին՝ ամեն գնով բանակի ղեկավարության վստահությունը արդարացնելու ցանկությանը։ Իսկ ահա տվյալ զորամասի ձեռքբերումներն ամենևին էլ չի կարելի պատահականություն համարել, քանզի չորս անգամ անընդմեջ լավագույնը ճանաչվելը փաստում է, որ զինվորական այս մեծ ընտանիքում և՛ հրամանատարն է իր տեղում, և՛ տեղակալները, և՛ բոլոր մեծ ու փոքր ստորաբաժանումների հրամանատարները։
Դիվիզիոնը, որի հրամանատարը փոխգնդապետ Ա. Քոչունցն է, զորամասում երկրորդ անգամ ճանաչվել է լավագույնը` տիրանալով փոխանցիկ պատվադրոշին։
-Ինչո՞վ է պայմանավորված նման հաջողությունը,- հարցնում եմ երիտասարդ փոխգնդապետին։
-Սպայական անձնակազմի իրենց պարտականությունները անթերի կատարելով, զինվորական բարձր կարգապահությամբ։ Մեզ մոտ սպաները խիստ են, պահանջկոտ, հետևողական։ Յուրաքանչյուր զինվոր անհատական մոտեցում է պահանջում, և մենք համապատասխան մոտեցում ենք դրսևորում նրանցից ամեն մեկի նկատմամբ։ Ծառայում ենք «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» հայտնի սկզբունքով։
Փոխգնդապետ Ա. Քոչունցը դիվիզիոնի կազմում գործող մարտկոցների մեջ առանձնացրեց Վ. Առուստամյանի հրամանատարությամբ գործող մարտկոցը, որը 2012 ուսումնական տարվա արդյունքների ամփոփմամբ զորամասում երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը։ Մարտկոցի հրամանատարը՝ ՌԴ հրետանային համալսարանի շրջանավարտը, իրենց մարտկոցի հաջողությունը համարում է օրինաչափ։
-Երբ հրամանատարն ինձ հարցրեց, թե ինչով է պայմանավորված այս հաջողությունը, ասացի` առաջին հերթին բարձր կարգապահությամբ։ Մարտկոցն անցած ուսումնական տարում մարտական պատրաստությունից նույնպես բարձր ցուցանիշներ է գրանցել։ Ուսուցանվող հինգ մասնագիտություններից բացի, դասավանդվում է նաև մարտավարության, մասնագիտական տեխնիկական պատրաստություն, հետախուզական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստություն, եւ հենց այս առարկաներից մեր մարտկոցի կուրսանտները քննությունները հանձնեցին գերազանց, ընդ որում՝ տարին երկու անգամ ճամբարային հավաքների ընթացքում մեր կուրսանտները մարտական հրաձգություն են կատարում հրետանային բոլոր համակարգերից, ինչից նույնպես արժանացանք «գերազանց» գնահատականի,- ասաց մայոր Վ. Առուստամյանը։
Մարտկոցի հրամանատարը, որպես լավագույնի, նշեց ինքնագնաց հրետանային կայանքի դասակի հրամանատար, Տ-12 հրանոթի հրամանատարների պատրաստման հրամանատար կապիտան Կարեն Մկրտչյանին, Դ-20 հրանոթի հրամանատարների պատրաստման դասակի 2-րդ ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Գառնիկ Բաբայանին, 1-ին ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Վարդան Բաղդասարյանին, կրտսեր սերժանտ Գևորգ Սերգեյիդիսին։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր