Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԿԱՐԻՔ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ամփոփեց 2012 թ. աշխատանքային արդյունքները, խոսեց նաեւ առաջիկա անելիքների մասին: Նախարարը նշեց, որ տարին հունվարին ամփոփելը իր բացատրությունն ունի` զինված ուժերում ուսումնական տարին սկսվում է 2013 թ. փետրվարի 1-ից:

Պահպանելով 2011 թվականի դրական ցուցանիշները՝ 2012թ. էական առաջընթաց է ապահովվել անձնակազմի կարգապահության ամրապնդման գործում, արդյունքում՝ նվազել է հանցագործությունների եւ իրավախախտումների թիվը, վերացել են անպատժելիության մասին ըմբռնումները. «Մեր ջանքերը ցանկալի արդյունք են տվել հատկապես վաշտ, մարտկոց օղակներում, որոնք, ըստ իս, մեր բանակի մարտական ուժի կորիզն են, քանի որ այս օղակներն են իրականացնում ուսումնադաստիարակչական ողջ գործընթացը, եւ մենք դրանք անվանում ենք ուսուցման եւ դաստիարակության կենտրոններ»,-ընդգծեց նախարարը:

Տարվա ընթացքում իրականացված ռազմավարական բնույթի նոր նախաձեռնությունները խոստումնալից հիմքեր են ապահովել զինված ուժերի հետագա առաջընթացի համար. «Ռազմավարական բարեփոխումների առաջին պտուղները արդեն զգացնել են տվել, հատկապես ԶՈՒ պատրաստության ոլորտում, դա նկատելի է եղել տարվա ընթացքում իրականացված տարբեր զորավարժությունների եւ մարտական հերթապահության արդյունքների ամփոփման ժամանակ: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվել ղեկավար մարմինների պատրաստությանը, ԶՈւ հրամանատարներն ու նրանց ենթակա շտաբները կատարելագործել են առօրյա ղեկավարում իրականացնելու, ժամանակակից համազորային մարտական գործողություններում ճիշտ, մտածված պարզաբանումների, իրադրության գնահատումների շնորհիվ որոշումներ կայացնելու եւ այն մինչեւ վերջ իրագործելու իրենց ունակությունները: Աճել է զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը, մենք լուրջ առաջընթաց ունենք հատկապես զորամասերի եւ ստորաբաժանումների ներդաշնակման գործընթացում: Այդ ներդաշնակումը իրականացվել է ոչ միայն զորավարժությունների ժամանակ, այլեւ առաջնագծում, որտեղ մարտական հերթապահություն է իրականացվում»:

Չնայած սահմանային միջադեպերին եւ հակառակորդի արկածախնդիր սադրանքներին, ըստ նախարարի՝ «2012 թ. առաջնային գծում անձնակազմը լիովին կատարել է մարտական խնդիրները, նվազագույն կորուստներով կանխվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը, միաժամանակ հակառակորդին պատճառվել են էական վնասներ, ընդ որում` անհամաչափ»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ ներկրված եւ հայրենական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել է մարտական կիրառման, հաջողությամբ գործարկվել է զորավարժությունների ընթացքում` հնարավորություն ընձեռելով խոցելու հակառակորդին իր ողջ տարածքի խորությամբ. «Հաշվի առնելով ճշգրիտ զենքերի առկայությունը՝ հնարավորություն ունենք խոցելու առավել կարեւոր ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ զերծ մնալով խաղաղ բնակչության վրա ներգործությունից»:

Անդրադառնալով անցկացված մեծամասշտաբ զորավարժություններին՝ նախարարը նշեց. «Զորավարժությունների համար մշակված ընդհանուր իրավիճակը եւ մտահղացումը, իհարկե, ներառել են մեր տարածաշրջանային զարգացումները, մոտ են եղել ռազմական գործողությունների հնարավոր սցենարների զարգացման դինամիկային»:

2012թ. հետեւողականորեն շարունակվել են աշխատանքները ԶՈՒ զարգացման պլանի եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի պետական ծրագրի կատարման ուղղությամբ, արդյունքում՝ ավելացել են ԶՈՒ մարտական կարողությունները. «ԶՈՒ մարտական կարողությունների ընդլայնմանը զուգընթաց, մեծ աշխատանքներ են իրականացվել մեր երկրի շուրջ անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ, շարունակել ենք մեր գործուն դերակատարությունը ՀԱՊԿ-ում, Հյուսիսատլանտյան դաշինքի իրականացրած տարբեր ծրագրերում, խորացրել ենք համագործակցությունը Եվրոպայում` Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետ, նաեւ համագործակցության եզրեր են ստեղծվել Եվրոպական Միության հետ: Ընդլայնվել է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, գործընկեր ԱՄՆ-ի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ եվրոպական ու եվրասիական տարբեր պետությունների հետ»:

Ըստ նախարարի զեկույցի` զգալի առաջընթաց է արձանագրվել ՀՀ կառավարության գերակա հռչակած ուղղություններում, որոնց նպատակն է ապահովել ԶՈՒ կայուն զարգացումը: Կնքվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորոգման ու զենքի, զինամթերքի արտադրության պայմանագրեր պետական պաշտպանական պատվերներ կատարող կազմակերպությունների, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ մի շարք գիտահետազոտական Ինստիտուտների եւ կենտրոնների հետ, ընդունվել են ոլորտը կարգավորող մի շարք Կառավարական որոշումներ, ինչը, նախարարի կարծիքով, գիտությունը մեր երկրում կիրառական հիմքերի վրա դնելու լավ օրինակ է:

2012թ. մարտին էլ կառավարությունը հաստատել է Ռազմակրթական հայեցակարգը եւ սպայական, ենթասպայական կազմերի պատրաստության բուհերի ճանապարհային քարտեզը: Իսկ արդեն 2012թ. դեկտեմբերին ԿԳ նախարարի հրամանով հաստատվել են ռազմամասնագիտական պետական կրթական չափորոշիչները, որոնք ներառում են սպայական կազմին ներկայացվող չափանիշները, սահմանում են հրամանատարական առաջնորդության, էթիկայի, զինվորական մասնագիտության տեսական եւ գործնական հմտությունների ամբողջականությունը:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում, ըստ այդմ՝ շարքային կազմից տարանջատվել է սերժանտական կազմը եւ մտցվել ենթասպայական կազմի մեջ` որպես կրտսեր ենթասպայական կազմ. «Սա ուղղված է հիշյալ օղակի հրամանատարության դերի եւ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Սեյրան Օհանյանը, ապա հավելեց, որ 2012 թ. լուրջ ուշադրություն է դարձվել անձնակազմի համալրմանը. «2012թ. շուրջ 700 սպաներ են համալրել մեր շարքերը, մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում սպաների եւ ենթասպաների պատրաստությանը: Որակյալ, բարձրակարգ սպաներով համալրումը անկասկած կբարձրացնի ԶՈՒ պատրաստականության մակարդակը: Պահեստազոր է արձակվել կամ այլ պաշտոնի են տեղափոխվել 329 սպաներ, զգալի թիվ են կազմում բարձրաստիճան սպաները` 7 գեներալ եւ 35 գնդապետ, ընդհանուր վիճակագրությունը ներառում է նաեւ նրանց, ովքեր առանձնացել են անբարեխիղճ ծառայությամբ: Մենք անհաշտ պայքար ենք մղում եւ զրոյական հանդուրժողականություն ենք ցուցաբերելու այն մարդկանց նկատմամբ, որոնց անհետեւողական եւ անսկզբունքային լինելու պատճառով բանակի հեղինակությունն ընկնում է մեր ժողովրդի աչքում»:

Ինչպես 2012-ին, այնպես էլ 2013 թվականին հայ զինվորը իր մարտական խնդիրը կատարելու համար ոչ մի բանի կարիք չի ունենալու, միեւնույն ժամանակ արդյունավետ կառավարման, օրենսդրական բարեփոխումների, նոր տեխնոլոգիական միջոցների ներդրման, նաեւ գործող մեխանիզմների զարգացման միջոցով ամենօրյա աշխատանքը նպաստելու է զինծառայողների իրավունքների երաշխավորմանը եւ պաշտպանությանը. «Այդ հարցերում մեզ օգնում են քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի օժանդակությամբ թարգմանվել են մի շարք ձեռնարկներ, պատրաստվել են զեկույցներ եւ ուսումնական ծրագրեր, կազմակերպվում են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասախոսություններ: Նախատեսված է ռազմական ուսումնական հաստատություններում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը»:

2012թ. նշանավորվել է նաեւ հասարակության հետ տարված աշխատանքներով: Պաշտպանության նախարարությունը 60-ից ավելի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն, թափանցիկությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, տարվա գրեթե բոլոր աշխատանքային օրերին բանակ-դպրոց, բանակ-բուհեր համագործակցության շրջանակներում կազմակերպվել են ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչը շարունակական է լինելու նաեւ 2013 թվականին:

Բանակում կոռուպցիայի դեմ պայքարը, նախարարի խոսքով, մյուս կարեւոր առաջնահերթությունն է, որը արդյունավետ դարձնելու համար մեծ ջանքեր են գործադրվելու նաև ընթացիկ տարում. «Արդյունավետ կանխարգելիչ միջոցների, կտրուկ վիրահատական միջամտությունների արդյունքում գրեթե վերացվել է պարտադիր զինվորական ծառայության, զորակոչի ընթացքում կաշառքի միջոցով «տաքուկ» վայրերում ծառայություն իրականացնելու հանցավոր պրակտիկան, զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ գնումների ոլորտում հնարավոր չարաշահումները վերացնելու ուղղությամբ»,- նշեց Ս. Օհանյանը։ Նա հավելեց, որ նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում աշխատելու է ոչ միայն պատժելու, այլեւ կանխարգելիչ եւ բացատրական աշխատանքի մեթոդներով.

«Ճկուն վերահսկողական մեխանիզմներ ենք մշակում եւ փորձում նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն: Նաեւ կառուցվածքային վերադասավորումներով մեկուսացնում ենք փոխկապակցված ռիսկային հանգույցները: 2013 թ. մենք անհաշտ պայքար ենք մղելու արատավոր երեւույթների դեմ, որոնք ներթափանցում են զինված ուժեր քաղաքացիական իրականությունից: Զինված ուժերը ռեժիմային, ամրագրված կարգապահությամբ, ուղղահայաց ենթակայությամբ կառույց է. այստեղ ավելի դյուրին է պայքար իրականացնելը»։

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ արգելել է զինված ուժերում շրջանառել դեռեւս ԽՍՀՄ-ից մնացած այն տեսակետը, թե բոլոր բանակներում էլ կան արտակարգ պատահարներ, եւ որ բանակը հասարակության հայելին է. «Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել ինքնագնահատում, որի արդյունքների հիման վրա կբացահայտվեն կոռուպցիայի տարածմանը նպաստող օրենսդրական բացերը, գործնական խնդիրները, ըստ այդմ էլ, կմշակվի համապատասխան գործողությունների ծրագիր, որը կունենա թիրախային ուղղություններ: Մեր ջանքերը արդյունավետ կլինեն ԶԼՄ-ների օժանդակությամբ, քանի որ ԶԼՄ-ների՝ կառուցողական ահազանգերին արձագանքելը բանակի զարգացման եւ հզորացման գործում առանցքային դեր ունի: Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»:

Եզրափակելով իր խոսքը՝ նախարարն ընդգծեց, որ պետք է առաջ շարժվել առանց վտանգավոր ցատկերի` յուրացնելով փոքր քայլերի արվեստը, վերաարժեւորելով բանակի անցած ճանապարհն ու կայացման փորձը. «Ես նաեւ համապատասխան խորհրդակցություններ եմ անցկացրել հրամանատարական տարբեր օղակներում եւ ընդգծել, որ 2013թ. երեք սկզբունք ենք որդեգրելու մեր գործունեության մեջ` լինել արդար քո եւ շրջապատի նկատմամբ, նպատակասլաց, նայել առաջ, այսինքն` ունենալ նոր գաղափարներ մեր զինված ուժերի զարգացումն ապահովելու համար»:

Ամփոփ ելույթից հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հայկական բանակը

կապահովի օդանավերի

անվտանգ թռիչքը

«Եթե Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքի իրականացման ընթացքում Ադրբեջանը գնա սադրանքների, միեւնույն է, Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի գործողությունը եւ թռիչքը»,- նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին:

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ զինված ուժերը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն են, եւ ՀՀ ԶՈւ-ը, համագործակցելով ԼՂՀ պաշտպանության բանակի հետ, իր գործունեությունը ուղղում է ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովմանը։

Սեյրան Օհանյանը, պատասխանելով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ պատերազմ սկսելու առիթներ միշտ էլ կարող են լինել. «Ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում մնում է լարված, եւ դրան նպաստում են Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանությունը, հայատյաց քաղաքականությունը, սպառազինությունների մրցավազքը, վստահության մթնոլորտի բացակայությունը»։ Սակայն, ըստ նախարարի, ներկա իրավիճակում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ։

«2012թ. մենք անհամաչափ պատասխան տվեցինք, այսինքն` կարողացանք կանխել, կանխարգելել և խափանել հակառակորդի սադրիչ գործողությունները»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական գործողություններից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել ինժեներական սպառազինման կատարելագործման, խմբերի և հետևակայինի դեմ պայքարի, մարտական գործողությունների կատարելագործման, կրակի կառավարման ուղղությամբ. «Այդպիսի գործողությունների վտանգ միշտ էլ գոյություն ունի. այն պլանավորվում է մեկ եղանակից մյուսին անցնելու ժամանակ։ Նշված ժամանակահատվածներում համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ»։

Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը կխորանա

Սեյրան Օհանյանն անդրադարձավ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առաջիկայում ստորագրվելիք ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրին եւ նշեց. «Գոյություն ունի ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր։ Համագործակցության խորացումը թույլ տվեց երկու պետությունների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տալ, և այդ փոխգործակցությունը միջկառավարականից հասցնել միջպետական մակարդակի։ Այժմ միջպետական համաձայնագրի քննարկումները գտնվում են վերջնական փուլում»: Նոր համաձայնագիրը թույլ կտա գերատեսչությանը և տարբեր կազմակերպություններին պայմանագրեր կնքել ու արտոնյալ պայմաններով համագործակցություն իրականացնել. «Արդեն պայմանավորվածություններ են եղել առաջիկա տարիներին համատեղ կազմակերպությունների ստեղծման մասին, այդ թվում` Հայաստանի տարածքում, որը հնարավորություն կտա զարգացնելու մեր ռազմական արդյունաբերությունը»,-ասաց պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան պատրաստվում են առաջիկայում կնքելու ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր` մասշտաբային պայմանագիր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի ստորագրման համար Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ կառավարության առաջարկին։ Նախագահի հրամանագրի համաձայն` բանակցությունների ավարտին կառավարությանը հանձնարարվել է պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Հայաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել նաեւ եվրոպական երկրների հետ. «Եվրոպական երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մենք հիմնականում փոքր միջոցների, հատուկ միջոցների եւ, ըստ հնարավորության, նախկին Խորհրդային Միության սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ ենք համագործակցություն իրականացնելու»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ 102-րդ ռազմական բազային, ապա այն ՀՀ զինված ուժերի հետ հավասարաչափ պատասխանատվություն է կրելու Հայաստանի սահմանների անվտանգության համար։ Այս դրույթը հատուկ տեղ է գտել 2012թ. օգոստոսին ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների ստորագրած պայմանագրում։ «102-րդ ռազմական բազան այսօր իր այդ դերն իրականացնում է` հաշվի առնելով Հայաստանի հարեւան երկրների նկրտումները»,-նշեց նախարարը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ռուս-ադրբեջանական բանակցություններին և դիվանագիտական տարաձայնություններին, որոնց պատճառով չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության երկարաձգման շուրջ, նշեց, որ դեմ չեն, եթե նման մի կայան Ռուսաստանը որոշի հիմնել Հայաստանում. «Դա յուրաքանչյուր պետության խնդիրն է։ Մենք հետևում էինք ողջ գործընթացին և տեսնում, որ բանակցությունների շրջանակում փոխըմբռնման չգալով` Գաբալայի ՌՏԿ-ն կանգնեցվեց: Ռուսաստանի զինված ուժերն ու ղեկավարությունը իրենք պետք է որոշեն, թե որտեղ տեղակայեն ՌՏԿ-ն։ Եթե խոսքը մեր համաձայնության կամ անհամաձայնության մասին է, ապա մենք դեմ չենք»:

Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների (թե վերջին ամիսներին Ռուսաստանը օդային բեռնափոխադրման միջոցով Հայաստանին է հանձնել զենքի-զինտեխնիկայի մեծ քանակություն) վերաբերյալ հարցին, նախարարն արձագանքեց. «Կարճ պատասխանեմ` այն իրականությանը չի համապատասխանում: Նաեւ այն առումով, որ այնտեղ նշված չէ ամբողջականությունը»:

Բարելավվում է զորակոչը

Անդրադառնալով ռազմաբժշկական ոլորտում առկա իրավիճակին` Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը կայացվել է առողջության հետ կապված խնդիրների հետևանքով զինծառայողների մահվան ելքով դեպքերի առիթով. «Ես սելեկտորային խորհրդակցություն անցկացրի. պաշտոնից հեռացվեց զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը։ Մի շարք անձինք տույժի կենթարկվեն»։

Նախարարը նաեւ ընդգծեց, որ Հայաստանում ռազմաբժշկական ծառայության գործունեության առաջխաղացումն ակնհայտ է, քանի որ 2012 թ. վերլուծության արդյունքը թույլ է տալիս հաստատել, որ ԶՈՒ շարքերում հիվանդացության մակարդակը նվազել է։ Դրան հաջողվել է հասնել կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ. «Այս ժամանակահատվածի համար չկան այնպիսի հիվանդություններ, որոնք եղել են նախկինում եւ վերածվել են համաճարակների»: Սակայն, ըստ նախարարի, անցկացված աշխատանքների արդյունքները ոչ միշտ են գոհացնում. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ ռազմաբժշկական ծառայությունը լիարժեք կատարի իր առջև դրված խնդիրները ոչ միայն ծառայության ժամանակ, այլ նաև նախազորակոչային շրջանում»:

Դիտարկմանը, թե ոմանք հայկական բանակը համարում են «աղքատների մենաշնորհ», քանի որ բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են ազատել իրենց տղաներին բանակից, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Իմ որդին, ավելին` որդիները, ծառայել և ծառայում են զինված ուժերում, ԳՇ պետի որդիները ծառայել են և ծառայում են, մեր փոխնախարարների երեխաները, բարձրաստիճան զինվորականների` գեներալների տղաները նույնպես: Ովքեր էլ գնում են արտերկրում սովորելու, հետո վերադառնում են և ծառայում: Իհարկե, կան որոշ պաշտոնյաների չծառայած տղաներ, որովհետև կան մասնագիտություններ, որոնց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կա, և այդ գիտելիքները պետք են զինված ուժերին»: Նախարարը շեշտեց, որ չկա որեւէ քաղաքացի կամ զորակոչիկ, որը պիտանի լինի զինվորական ծառայությանը եւ չծառայի զինված ուժերում։

Նախարարն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների, ազատամարտի վիրավորների սոցիալական խնդիրների լուծմանը եւ նշեց, որ 2013 թվականին շարունակվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծրագրերը։ 2013 թվականին 3 մլրդ դրամ է հատկացվելու 400 հաշմանդամ ազատամարտիկների, զոհվածների ընտանիքներին` բնակարանային պայմանները բարելավելու համար։ Պատերազմի մասնակիցների նկատմամբ էլ ՊՆ ուշադրությունը մշտական է։ Խրախուսվում է ազատամարտիկների գործը, նրանք մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Անհատական մոտեցում է ցուցաբերվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դիմում են պաշտպանության նախարարություն.

«Հատուկ ուշադրության են արժանի մեր մարտական ընկերները, ուստի դիմում ենք տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների աջակցությանը նրանց աշխատանքի տեղավորելու համար։ Մեր այն մարտական ընկերները, ովքեր ցանկանում են անցնել հատկապես սահմանային գոտիներում պայմանագրային ծառայության, նրանց համար որոշակի արտոնություններ ենք ստեղծում, որպեսզի կարողանան ծառայությունը շարունակել զինված ուժերում»։

Առաջիկա ընտրություններին զինծառայողների` քվեարկությանը մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին էլ նախարարը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունում սպասվելիք նախագահական ընտրությունների ընթացքում պաշտպանության նախարարությունը խստորեն հետեւելու է, որ զինծառայողները, սպայակազմը հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց կամքը: Նախարարը նշեց, որ չի կարելի որոշում ընդունել եւ զինծառայողներին զրկել ընտրելու իրավունքից, քանի որ ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նրանք, ովքեր ծառայում են ՀՀ ԶՈւ շարքերում, Սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իրավունք ունեն. «Հակառակ դեպքում, զինծառայողները կարող են ասել, որ իրենց սահմանադրական իրավունքների ոտնահարում ենք իրականացնում»:

Վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց. «Պարոն նախարար, հարցս ծագեց կարդալով 2013 թվականի տարեմուտի Ձեր ուղերձը: Դուք գրում եք, որ պետք է ծառայության ժամանակ հաղորդակցվել ոչ թե բարբառով կամ ժարգոնով, այլ միայն գրական հայերենով, ինչը նաեւ ավելի ազդու կդարձնի հրամանատարի խոսքը: Հարկավոր է վերջ տալ նաեւ անունների փոխարեն մականուններ գործածելու տգեղ սովորությանը: Գործնական ի՞նչ քայլեր եք Դուք պատրաստվում անել»:

«Այդ առումով ես առաջին հերթին օրինակ եմ ծառայում,-պատասխանեց նախարարն ու լրագրողների բուռն եւ երկարատեւ ծափահարություններից հետո ավելացրեց,-հոյակապ տիրապետելով Ղարաբաղի բարբառին, ես խոսել եմ միայն գրական հայերենով, քաջ գիտակցելով, որ միայն մայրենի լեզվի կիրառությունը կբարձրացնի մեր սպաների, զինծառայողների գիտելիքների մակարդակը։ Հրամանատարական պատրաստության եւ առօրյա գործունեության շրջանակներում պետք է խստագույնս հետեւել, որ բոլորը խոսեն գրական, չկիրառեն մականուններ ու ժարգոնային արտահայտություններ, որոնք, որպես արատավոր երեւույթներ, ներթափանցում են նաեւ ԶՈւ»։

Միջոցառման ավարտին լրատվամիջոցների աշխատակիցները խրախուսվեցին բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խմբ.կողմից- Թերթի 1-ին էջում` պաշտպանության նախարար Ս.Օհանյանը «Հայ զինվոր» թերթի թղթակից ավագ լեյտենանտ Շ.Ստեփանյանին պարգևատրում է պատվոգրով` բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/01/2013