Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԿԱՐԻՉ ԳՆԴԱՊԵՏԸ



Հունվարի 21-ին «Տերյան» մշակութային կենտրոնում բացվեց հայոց ազգային բանակի գնդապետ, զորամիավորման հրետանու պետ, Արցախյան գոյամարտի մասնակից Արմեն Սողոմոնյանի նկարների անհատական ցուցահանդեսը։

Արմեն Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Սովորում էր ճարտարապետաշինարարական ինստիտուտում, երբ վտանգվեց հող հայրենին։ Կիսատ թողնելով ուսումը` կամավորագրվում է, մասնակցում մի շարք մարտերի։ Իր կյանքի ամենաուրախ օրերից մեկը Արմեն Սողոմոնյանը համարում է 1994թ. զինադադարը. պատերազմի ցավն ու դառնությունը ճաշակած մարդու համար խաղաղությունն այլ արժեք ունի, և հենց խաղաղության արժեքն էլ գնահատելով՝ որոշեց զինվորական դառնալ։ 1996թ. ծառայությանը զուգահեռ, ավարտեց Արցախի պետական համալսարանը, 1999թ.-ին էլ՝ ՌԴ ռազմահրետանային ակադեմիան։

Անկեղծ լինեմ, ցուցահանդես գնալիս կարծում էի, թե զինվորական և պատերազմական մռայլ գույներով ու պատկերներով հագեցած նկարների ականատեսն եմ լինելու, սակայն…

Վառ գունեղությամբ, գույնի բացառիկ հագեցվածությամբ կերտված կտավներում Հայաստան աշխարհն է՝ մեր չքնաղ բնաշխարհի գեղեցիկ, գողտրիկ անկյունները։ Նկարներում զգում ես անհուն սեր հայրենիքի ամեն սանտիմետրի նկատմամբ, քոնն է այս հողն ու ջուրը, ծաղկած ծառն ու թուփը, եկեղեցին, անձրևոտ այս փողոցը… Պատերազմի թոհուբոհը տեսած զինվորականի հոգին պատերազմը չի կոշտացրել, հակառակը՝ ավելի զգայուն, ավելի նրբազգաց է դարձել։ Ամեն մարդ յուրովի է փորձում ձերբազատվել իրեն համակած անցյալի դառը հիշողություններից, դաժան պատկերներից։ Գնդապետ Արմեն Սողոմոնյանն էլ նկարում է, ու նկարներից ջերմություն ու լույս է ճառագում։ Ցուցահանդեսում ներկայացված մոտ երեք տասնյակ աշխատանքներն էլ՝ հիմնականում բնանկարներ, նատյուրմորտներ, աչքի էին ընկնում ներկապնակի հարուստ գունաշարի հարաբերումներով։ Եվ մնում էր զարմանալ և հիանալ, որ գնդապետը՝ չունենալով նկարչական կրթություն, այսպիսի նկարներ է վրձնում։ Արմեն Սողոմոնյանի վրձնած նատյուրմորտներից շատերը թեմատիկ առումով ավանդական են, դրանք ծաղիկներ են, բայց նկարված են բազմազան կոմպոզիցիաներով և ստեղծում են տարբեր տրամադրություններ։ Մի կտավի մեջ զգում ես արեգակի կենարար շողերով արբեցած բնությունը, մյուսում փառահեղ աշուն է՝ իր խենթացնող կարմիր պերճանքով։ Այս մյուս կտավում էլ Նորավանքն է՝ կողքին հինավուրց խաչքարեր… «Լքված խրճիթը» նկարում զգում ես զինվորականի, ազատամարտիկի, պարզապես հայ մարդու մտահոգությունը, հոգու ցավը…

Ցուցահանդեսին ներկա գտնվողները հիացական խոսքեր են ասում նկարիչ-գնդապետին։

Սյուզաննա Փիլոսյան (արվեստաբան) -Եթե մեր բանակում ունենք մարդիկ, որ այսքան ջերմ են, այսքան գեղեցկապաշտ եւ ձգտում են դեպի կատարյալը, գեղեցիկը, կարծում եմ՝ մենք անհանգստանալու խնդիր չունենք…

Արմեն Հարությունյան (նկարիչների միության անդամ, դոցենտ) -Արվեստը հզոր ազդեցություն ունի։ Այս նկարներն էլ յուրօրինակ հայրենասիրական դասեր են. սա քո երկիրն է, քո հողն ու ջուրը, որը ոչ միայն պետք է սիրել, հիանալ, այլև տեր լինել ու պաշտպանել։ Արմեն Սողոմոնյանն անչափ շատ է սիրում և՛ զինվորական գործը, և՛ նկարչությունը։ Նրա մեջ գնահատում եմ մեծ նվիրումը։ Նկարների մեջ անկեղծություն եմ զգում ու նաև մեծ թռիչք։

Հայկ Շահբազյան (նկարիչ) -Արմենն իր բոլոր աշխատանքների մեջ մեծ սեր է դրել։ Ինքնուս լինելով` բավական հաջող է նկարում։

Արեգ Մարտիրոսյան (բժշկուհի) -Ամեն նկար իր պատմությունն ունի։ Արմենի մեջ գնահատում եմ կատարելության ձգտումը ամեն բնագավառում։ Ամեն ինչի մեջ ձգտում է կատարյալ ներդաշնակության։

Մայոր Դավիթ Տռուզյան -Շնորհավորում եմ զինընկերոջս առաջին անհատական ցուցահանդեսի առթիվ։ Նա իր բոլոր նկարներն էլ սիրով և ոգեշնչումով է վրձնել։

Մայոր Ռադիկ Շահնազարյան -Լավ, հաճելի, դրական տպավորություն ստացա։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում Արմենին։

Առուշան Հակոբյան (Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, «Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ) -Գործող բանակի գնդապետը, հրետանու պետը վերցրել է վրձինն ու նկարում է։ Այս փաստը հիացմունքի է արժանի։ Արվեստի մարդը երբեք չի կարող պարտվել։ Մեր մշակութային կենտրոնը ոչ միայն ողջունում է նման քայլերը, այլ նաև սիրով հրավիրում է արվեստի հանդեպ սեր ունեցող, տարբեր ձիրքերով օժտված մարդկանց՝ ներկայացնելու իրենց շնորհները։ Արվեստը մնայուն հաղթանակ է, և կրկնում եմ՝ արվեստի մարդը չի կարող պարտվել։

♦♦♦

Այցելուները երկար կանգնում էին այս կամ այն նկարի մոտ։ Ցուցահանդեսն իր անզուգական կատարումով է՛լ ավելի գեղեցկացրեց վոկալիստ Գայանեն։ Իսկ ցուցահանդեսի տպավորությունների գրքում ավելանում էին նկարիչ գնդապետին ուղղված հիացական խոսքերը, ցանկություններն ու մաղթանքները։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր
Լուս.՝ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Հոգևոր-մշակութային


24/01/2013