ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Ստեղծման 1-ին օրից բրիգադը, լուծելով կազմակերպչական բազմաբնույթ հարցեր, միաժամանակ լայնածավալ մարտական գործողություններ էր վարում Կապանի և Մեղրիի սահմանների ամբողջ երկայնքով: Բրիգադի կազմում ձևավորվեցին տարբեր ստորաբաժանումներ, որոնց հրամանատարներն իրենց զինվորների հետ մարտի նետվեցին պաշտպանելու հող- հայրենին: Բրիգադի կազմի մեջ ներգրավվեցին ներքոհիշյալ մոտոհրաձգային գումարտակները`
1-ին ՄՀԳՄ հրամանատար` Լեոնիդ Գրիգորյան
2-րդ ՄՀԳՄ հրամանատար` Վարդան Ալեքսանյան
3-րդ ՄՀԳՄ հրամանատար` Արամայիս Հարությունյան
4-րդ ՄՀԳՄ հրամանատար` Արայիկ Թումանյան, ապա Կառլեն Հակոբյան
5-րդ ՄՀԳՄ հրամանատարներ` Գենադի Տավարածյան, Արամայիս Ավանեսյան, Արարատ Մանուչարյան
6-րդ ՄՀԳՄ հրամանատար` Մարտուն Բադալյան
7-րդ ՄՀԳՄ հրամանատար` Արթուր Մարտիրոսյան
Տանկային գումարտակի հրամանատար` Ռուբիկ Աբրահամյան
Հրետանային դիվիզիոնի հրամանատար` Սամվել Պողոսյան
Հրթիռազենիթային դիվիզիոնի հրամանատար` Գառնիկ Հակոբյան
Հակատանկային դիվիզիոնի հրամանատար` Վարուժան Մանուկյան, ապա՝ Վարդան Գևորգյան
Հետախուզական վաշտի հրամանատար` Արթուր Գևորգյան
Ինժեներասակրավորային ծառայության պետ` Սլավիկ Բաղդասարյան
ԻՍ վաշտի հրամանատար` Մանվել Նավասարդյան
Կապի վաշտի հրամանատար` Վարազդատ Ղուկասյան
Կապի հանգույցի հրամանատար` Արա Սարգսյան
Վերանորոգման վաշտի հրամանատար` Ազատ Կույումջյան
Նյութապահովման վաշտի հրամանատար` Վահրամ Սահակյան
Քիմ. պաշտպանության դասակի հրամանատար` Էդիկ Գևորգյան
Պարեկային դասակի հրամանատար` Արսեն Գրիգորյան
Նվագախումբ, մաեստրո` Ֆելիքս Հայրապետյան:
Այսպես ստեղծվեց հետագա փառավոր հաղթանակների ընդունակ մի զորեղ ռազմական կառույց, որը կարողացավ պատվով դուրս գալ իր ճանապարհին հանդիպած բազում դժվարին, օրհասական իրավիճակներից՝ ի չիք դարձնելով Ադրբեջանի զավթողական նկրտումները: Բրիգադի առաջնային խնդիրը դարձավ Մեղրիի և Կապանի սահմանների պաշտպանական ամրության կազմակերպումը, որն իրականացվեց հաշվված օրերի ընթացքում:
1993թ. ապրիլի 10-ին հակառակորդը ծածուկ անցնելով մեր սահմանը՝ մտավ Շիկահող գյուղի թիկունք՝ մտադիր լինելով փակել Կապան-Շիշկերտ ճանապարհը և իր տրամադրության տակ վերցնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը: Սակայն բրիգադի հրամանատարության, անձնակազմի խիզախության և մարտական բարձր ոգու շնորհիվ թշնամին հետ շպրտվեց՝ կրելով մեծաթիվ կորուստներ: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բրիգադի հրամանատարության առջև խնդիր դրվեց համագործակցելու ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ, մասնակցելու Կուբաթլուի, Զանգելանի, Մինջևանի ազատագրման մարտերին, որը նույնպես հաջողությամբ իրականացվեց. մասամբ ազատագրվեցին պատմական Սյունիքի Բարգուշատ և Չավանդուր գավառները, որով էլ պայմանավորվեց Զանգեզուրի անվտանգությունը:
Թշնամին հսկայական ուժերով և տեխնիկայով նոր հակահարձակման անցավ: 1994թ. հունվարի 7-ի առավոտյան թշնամին սկսեց հրետանային հուժկու կրակ տեղալ՝ ձգտելով օղակի մեջ առնել բրիգադի անձնակազմը: Մեր զինվորները ձմռան այդ խստաշունչ օրերին մարտնչում էին ինչպես իրենց նախնիները Ավարայրում, Հալիձորում, Սարդարապատում: Ուժերը անհավասար էին, տեղանքը՝ անծանոթ: 6-րդ գումարտակն ընկավ շրջափակման մեջ, բայց հրամանատար Մարտուն Բադալյանի գլխավորությամբ հերոսաբար դիմադրում էր: Մարտուն Բադալյանը ծանր վիրավորվեց և սպաների ու զինվորների հետ մնաց շրջափակման մեջ: Մահվան օղակի մեջ հայտնվեց նաև հակատանկային մեկ դասակ՝ Լևոն Գաբրիելյանի հրամանատարությամբ, իր ողջ տեխնիկայով: Ցավոք, առ այսօր Մարտուն Բադալյանի և նրա զինակիցների ճակատագրերը անհայտ են: Մարտերի ընթացքում ծանր վիրավորվեց 3-րդ գումարտակի հրամանատար Արամայիս Հարությունյանը: Բրիգադի հրամանատարության ճկուն և խելամիտ մարտավարության շնորհիվ թշնամու առաջխաղացումը կասեցվեց: Մարտերի ընթացքում ծանր վիրավորվեց նաև տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ Աբրահամյանը:
Մարտերը հետզհետե ավելի կատաղի բնույթ էին ստանում: 1994թ. հունվարի 23-ին Հորադիզ կայարանի ուղղությամբ հակահարձակման ժամանակ թշնամու ականից ծանր վիրավորվեց առաջին գումարտակի հրամանատար Լեոնիդ Գրիգորյանը: Հունվարի 26-ին թշնամին կրկին մեծ ուժերով անցավ հակահարձակման՝ փորձելով ճեղքել բրիգադի աջ թևը: Միքայել Գրիգորյանի հրամանով օգնության հասավ խառը հրթիռահրետանային դիվիզիոնի հրամանատար Սամվել Պողոսյանը և իր «գրադ» կայանքով ուղիղ նշանառությամբ կասեցրեց թշնամու առաջխաղացումը: Հակառակորդը տալով բազմաթիվ կորուստներ, խուճապահար նահանջեց: Նույն օրը, անկայուն իրավիճակից դրդված, հարկ եղավ կրկնելու նույն գործողությունը: Թշնամին չհաշտվելով պարտության հետ, կուտակում էր նոր ռազմական տեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ հակահարձակման անցնելու և բրիգադի պաշտպանության գիծը ճեղքելու: Հեյդար Ալիևը խստորեն կարգադրել էր իր զորահրամանատարներին՝ ամեն գնով հետ վերցնել Ֆիզուլին, քանի որ ցանկանում էր միջնադարյան հայտնի պոետ Ֆիզուլու 500-ամյակը նշել նրա պատվին անվանակոչված քաղաքում: Մինչդեռ բրիգադի մարտիկների խիզախության ու անձնազոհության շնորհիվ ի չիք դարձավ և մնաց անկատար հակառակորդի ղեկավարի այդ երազանքը: 1994թ. հունվար-մայիս ամիսներին մարտական գործողությունները չէին դադարում զօր ու գիշեր: 97-րդ բրիգադի ճակատի ողջ երկայնքով կռվում էին հակառակորդի երեք մոտոհրաձգային բրիգադ եւ երկու հրետանային բրիգադ ավիացիայի օժանդակությամբ: Հորադիզի ուղղությամբ հակառակորդի ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցում էին նաև չեչենական գումարտակը, աղվան մոջահեդները և մահմեդական մի շարք երկրներից վարձկան ջոկատները:
Ապրիլին հսկայական ուժերով թշնամին հակահարձակման անցավ համարյա ողջ ճակատով: Մարտական գործողությունը անհամեմատ դաժան բնույթ էր կրում հատկապես Հորադիզ գյուղի ուղղությամբ` 5-րդ գումարտակի պաշտպանության գծի երկայնքով` հրամանատար Ա. Մանուչարյան): Առավել ակտիվ էր հակառակորդի զրահատեխնիկան: Նրանց դեմ պայքարում էր Վարուժան Մանուկյանի հակատանկային մարտկոցը, որը իր «Շտուռմ Ս» ՀՏԿ համալիրով խիզախորեն մարտնչում էր թշնամու տանկերի դեմ: Այդ օրը նա ոչնչացրեց թշնամու մեկ տանկ և սարսափի մեջ պահեց մնացածներին, սակայն թշնամու տանկից արձակված արկը անսպասելիորեն մխրճվեց «Շտուռմ» համալիրի մեջ, որի հետևանքով հերոսաբար զոհվեց Վարուժան Մանուկյանը` փրկելով բրիգադի հրամանատարական դիտակետում գտնվող ողջ հրամանատարական կազմը: Նմանատիպ սխրանքներ բրիգադի մարտիկները կատարել են բազմիցս:
…Թեպետ թշնամին տեխնիկայի և մարդկային ուժի գերազանցությամբ ակնհայտ առավելություն ուներ, բայցեւայնպես, 97-րդ բրիգադը կարողացավ խափանել թշնամու առաջխաղացումը` բոլոր ուղղություններով մեծ կորուստներ պատճառելով եւ ստիպելով վերջնականապես հետ կանգնել հանցավոր մտադրությունից: Ընդհանուր առմամբ, հայկական ուժերի հաղթական գործողությունները սկսվեցին հենց 97-րդ բրիգադի հաղթանակներով` բրիգադ, որը ազատագրեց և հայրենիքին միացրեց պատմական Սյունիքի տարածքները` երեք շրջան և վեց տասնյակ գյուղեր: Պետք է նշել, որ ամեն մի շրջան և գյուղ ուներ թվաքանակով գերազանցող ուժեր և սպառազինություն, որը, սակայն, չկարողացավ կոտրել 97-րդ բրիգադի մարտական հզոր ու հաղթական ոգին:
♦♦♦
1994թ. մայիսի 12-ին կնքվեց զինադադարի պայմանագիրը: 97-րդ ԱՄՀԲր-ը պատվով իրագործեց իր վրա վերցրած հայոց պետականության հաստատման կարևորագույն խնդիրներից թերևս ամենաճակատագրականը` հարավարևելյան սահմանների պաշտպանությունը:
Զինադադարից հետո ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Մ. Գ. Գրիգորյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական բարձրագույն կոչում, և նա նշանակվեց հարավարևելյան ուղղության օպերատիվ խմբի հրամանատար: Այդ ժամանակից ի վեր բրիգադի հրամանատարներ են նշանակվել`
գնդապետ Վանիկ Արամի Հովհաննիսյանը,
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանի Իվանյանը,
գեներալ-մայոր Սեմյոն Խորենի Հակոբյանը,
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Սեկտորի Գրիգորյանի օրոք կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում միավորվեցին 97-րդ և 83-րդ բրիգադները` դառնալով 14-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ, որի հրամանատարներ նշանակվեցին
գնդապետ, այժմ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը,
գնդապետ Արթուր Գրիգորյանը:
2001թ. 14-րդ բրիգադը վերակազմավորվեց՝ դառնալով 14-րդ առանձին մոտոհրաձգային գունդ, որը, մարտական հերթապահությունը հանձնելով Արցախի պաշտպանական ուժերին, տեղափոխվեց մշտական տեղակայման վայր: Գունդը տարբեր ժամանակ ղեկավարել են
գնդապետ Դավիթ Աղաջանյանը,
գնդապետ Արայիկ Վարդանյանը,
գնդապետ Գագիկ Ավշարյանը,
գնդապետ Սամվել Հակոբյանը,
փոխգնդապետ Սամվել Պողոսյանը,
գնդապետ Կարեն Սերոբյանը:
2007թ. հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ 15-ամյակի կապակցությամբ գունդը, որը իրավահաջորդն է 97-րդ և 83-րդ ԱՄՀԲր-ների, պարգևատրվել է
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ » առաջին աստիճանի շքանշանով:
Երիցս փառք ու պատիվ ազգային-ազատագրական պայքարում զոհված հերոսներին, հերոսացած քաջարի մարտիկներին ու հրամանատարներին:
Փա՛ռք քեզ և շնորհավոր տարեդարձդ, փառապանծ զորամաս:
Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:
ՆՈՐԱՅՐ ՄԻՆԱՍՅԱՆ
բրիգադի նախկին ԽՀՏՄ հրամանատար
ավագ լեյտենանտ